կարևոր
3928 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-03 11:28
Քաղաքական

Արայիկ Հարությունյանն արգելե՞լ է դեպի Ռուսաստան արտահանումները․ «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանն արգելե՞լ է դեպի Ռուսաստան արտահանումները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ամենուր է` զբաղվում  է ամեն ինչով՝ մշակույթից մինչեւ ԱԱԾ եւ ատաքին ապրանքաշրջանառություն։ Նրա ստորագրությունն է դրված ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ սահմանված երկակի նշանակության ապրանքների ցանկի տակ։  Խոսքն այն ապրանքների մասին է, ինչպիսիք են, օրինակ, հաշվողական մեքենաներն ու տվյալների մշակման բլոկները, մեքենաները եւ կիսահաղորդչային սարքերի կամ էլեկտրոնային ինտեգրալային սխեմաների արտադրության համար ապարատուրան, տրանսֆորմատորները, ստատիկ էլեկտրական կերպափոխիչները, ինդուկտիվության կոճերը եւ դրոսելները, բազային կայանները եւ այլն։ Նման արտադրատեսակները փոքր փոփոխությունների ենթարկվելուց հետո կարող են օգտագործվել ռազմարդյունաբերության մեջ, ուստի դրանց արտահանումն ու տարանցումը ՀՀ տարածքով հատուկ վերահսկվում է։

Երկակի նշանակության այս ապրանքները, որոնք, արեւմտյան կառույցների կարծիքով, կարող են փոփոխությունների ենթարկվել եւ օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերության մեջ, մեծ քանակությամբ Հայաստանից տարվում էին Ռուսաստան, եւ Արեւմուտքը որոշել է արգելել դա: Կառավարությունն էլ իր 808-Ն որոշմամբ խստացրել է ՀՀ տարածքով դրանց արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը, ավելի ճիշտ` գործնականում արգելել է դրանք արտահանել ՌԴ։ Եվ այդ արգելքը, չգիտես ինչու, դրվել է ոչ թե ՊԵԿ-ի կամ էկոնոմիկայի նախարարության կողմից, այլ Արայիկ Հարությունյանի հրահանգով։ Սրա արդյունքում տուժում են Հայաստանի Հանրապետության գործարարները, որոնք նշված ապրանքները վերջին մեկ տարում արտահանել են Ռուսաստան` ե՛ւ իրենք են շահույթ ստացել, ե՛ւ պետբյուջե են մեծ գումարների հարկ վճարել: Եվ հիմա ահռելի քանակությամբ ապրանք են բերել ու չգիտեն, թե ինչ անեն դրանց հետ։ Ըստ էության, նրանք կանգնած են սնանկացման վտանգի առաջ։

Ո՞ր պետական կառույցն է լուծելու այս մարդկանց խնդիրը, եւ ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը Հայաստանին վնասող այս որոշումը կայացրել՝ հեշտ չէր պարզելը։ Մենք նախ զանգահարեցինք ՊԵԿ, սակայն այնտեղից հայտնեցին, որ խնդրի շուրջ որեւէ պարզաբանում չեն կարող տալ, քանի որ երկակի նշանակության ապրանքների արտահանման համար անհրաժեշտ փաստաթուղթը տալիս է էկոնոմիկայի նախարարությունը։

Իսկ էկոնոմիկայի նախարարությունից որեւէ պատասխան հնարավոր չեղավ ստանալ։ Վերջերս այս նախարարությունը վերածվել է սեւ եռանկյունու, որտեղ կորում են արձագանք ստանալու լրագրողական բոլոր ջանքերը։ Փոխնախարարները տեղում չեն, անձնական զանգերի չեն պատասխանում, իսկ նախարար Քերոբյանը, ով վերջերս մամլո խոսնակին ազատել է աշխատանքից, մուննաթ է գալիս լրագրողների վրա, որոնք իրեն զանգահարել են, եւ հորդորում է հանկարծ չհրապարակել, որ խոսել են իր հետ։ Ի դեպ, խոսնակ Լիանա Հակոբյանի հեռախոսը միակ հասանելի կապն էր այս նախարարության հետ։ Չի բացառվում, իհարկե, որ ոչ թե Քերոբյանն է ազատել խոսնակին, այլ նա չի ցանկացել աշխատել նախարարի հետ։

Նշենք, որ նախկինում՝ մինչեւ հեղափոխությունը, երկակի նշանակության ապրանքների արտահանման կարգը Հայաստանում ավելի ու ավելի էին պարզեցնում։ 8 տարի առաջ՝ 2015 թվականի հունիսին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք թույլտվությունների ժամկետը երկարացվեց մինչեւ 5 տարի, իսկ մեկանգամյա թույլտվության համար սահմանվեց 1 տարվա ժամկետ։ Ռուսաստանին վնասելու հրահանգներ տարատեսակ կենտրոններից այն ժամանակ չէինք ստանում,  արտահանման թույլտվություններն էլ «կոռումպացված» նախկինների ժամանակ տրվում էին ընդամենը 5 օրում, առանց քաշքշուկի, իսկ եթե փաթեթը լիարժեք չէր, ապա ոչ թե գործարարին ամիսներով թթու էին դնում պետական դռներին, այլ 3 աշխատանքային օր էին տալիս՝ բացը լրացնելու համար։

Վերջին թեթեւացումն ու էական արտոնություններն այս ոլորտում տրվել են 2017 թվականին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք։ Նա ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը մեծ ուշադրություն էր դարձնում։ Կարծում էր, որ երկակի նշանակության ապրանքների ծածկագրային միջոցների եւ այլ սարքերի ներկրման ու արտահանման գործող կարգերը տնտեսվարողների համար հստակ ու կանխատեսելի չեն եւ ժամանակատար են` անհրաժեշտ է պարզեցնել վարչարարությունը։ Այսօր արագորեն հետ ենք գնում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում