Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամեր առաջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքում հրապարակվել է հաշվետվություն, որով տեղեկացվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը ստիպված բեռնաթափել է 140 000 կգ ֆերրոմոլիբդեն, որի արտահանումը անորոշ ժամկետով կասեցված է:
Իրավիճակը ավելի լուրջ է պղնձի խտանյութի արտահանման մասով, որը դեռևս բարձված է 75 երկաթուղային վագոններում և սպասում է մաքսային մարմինների ձգձգվող թույլտվությանը։ Ընդ որում, ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը կատարել է օրենքի բոլոր պահանջները և վճարումները, սակայն մինչ այժմ արտադրանքի արտահանումը ՊԵԿ-ի կողմից կամայականորեն չի թույլատրվում։
Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց գործողություններում, ըստ հայտարարության, պարունակվում են հանցագործության հատկանիշներ, որոնց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։
Հանքագործական արտադրանքի արտահանումը բավականին մեծ կշիռ ունի ՀՀ արտահանման կառուցվածքում և ուղղակիորեն պայմանավորում է արտարժույթի ներհոսքը հանրապետություն և նպաստում ազգային արժույթի կայունությանը։
Ըստ մեր կողմից պարզված տվյալների՝ կոմբինատի արտահանման կշիռը ՀՀ ընդհանուր արտահանման մեջ վերջին տարիներին կազմում է մոտ 20 տոկոս, իսկ ՀՀ մուտք գործող արտարժույթի տեսանկյունից՝ մոտ 9 տոկոս։