Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում ՎՊ 2014թ. հաշվետվությունը պետք է ներկայացներ Իշխան Զաքարյանը: Սակայն նրա փոխարեն հաշվետվությունը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչը հարուցեց որոշ ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ նախկինում լավ ավանդույթ կար, երբ Իշխան Զաքարյանը հաճախակի գալիս էր խմբակցություններ, հարցեր էր տալիս, շտկումներ կատարում իր աշխատանքի մեջ, և այդ համագործակցությունը կարևոր էր: Ըստ նրա` 2012-ից հետո, երբ Իշխան Զաքարյանի ներկայացրած չարաշահումները ցնցում առաջացրեցին իշխանությունների շրջանում, Իշխան Զաքարյանը այլևս ԱԺ չի գալիս: 2013-ին, երբ քննարկվում էր ՎՊ ծրագիրը, Իշխան Զաքարյանը դարձյալ բացակայում էր, իսկ ՎՊ ներկայացուցիչն ասել էր, որ Իշխան Զաքարյանը արձակուրդում է:
«Ինչո՞ւ է ՎՊ նախագահը արձակուրդ գնում, երբ պետք է անի իր ամենակարևոր գործերից մեկը` ՎՊ ծրագիրն ու հաշվետվությունը ներկայացնի ԱԺ-ին: Ուրեմն թույլ տվեք մտածել, որ Իշխան Զաքարյանին թույլ չեն տալիս գալ ԱԺ և շփվել խմբակցությունների հետ, և սա Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտում է: Օրենքն իմպերատիվ ձևով պահանջում է, որ ՎՊ հաշվետվությունը ներկայացնի ՎՊ նախագահը: Ի՞նչ է կատարվում Իշխան Զաքարյանի հետ: Միգուցե նախագահը նրան արգելե՞լ է գալ ԱԺ»,- ասաց Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ պետք է դադարեցնել այդ ապօրինի քննարկումը:
Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Իշխան Զաքարյանը, ինչպես ցանկացած չինովնիկ, իրավունք ունի իր արձակուրդ ունենալու, և նա չէր կարող իմանալ, թե ԱԺ-ում հարցերի ինչ հաջորդականություն կլինի և օրակարգ կլինի, որ իմանար` իր հաշվետվությունը կներկայացնի, թե` ոչ»:
ԱԺ նախագահը նշեց, որ հանձնաժողովների նիստերին Իշխան Զաքարյանը մասնակցել է, և չի կարելի բոյկոտի վիճակ ստեղծել ու չլսել ՎՊ հաշվետվությունը:
«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, տեղեկացրե՞լ է` ինչ է անում և ինչու պատրաստ չէ կատարել օրենքով սահմանված` իր պարտականությունը: Եթե չի կարող գալ, կարող ենք հետաձգել քննարկումը, մինչև նա կարողանա գալ այստեղ ու ներկայացնել ՎՊ հաշվետվությունը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, որ եթե անգամ հարցը դիտարկենք իրավական հարթությունում, ապա կա օրենքի կոպիտ խախտում, և եթե պատգամավորները չեն հարգում իրենց իսկ կողմից ընդունված օրենքները, ապա ինչո՞ւ օրենքը պիտի հարգեն գործադիրը կամ հասարակ քաղաքացին:
Պատգամավորները նշում էին, որ բազմաթիվ հարցեր են պատրաստել, բայց այդ հարցերին ՎՊ հաշվետվությունը ներկայացնող` ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը չի կարող պատասխանել, այդ հարցերին կարող է պատասխանել միայն Իշխան Զաքարյանը:
Գալուստ Սահակյանը կրկին սկսեց պաշտպանել Իշխան Զաքարյանին` ասելով, որ նա հարգելի պատճառով է բացակայում, իսկ Սեյրան Ավագյանը կարող է պատասխանել հարցերին:
ՎՊ խորհրդի նախագահ Սեյրան Ավագյանը նշեց, որ Իշխան Զաքարյանը բարձր պաշտոնական անձ է և ունի իր գրաֆիկը, նա ՎՊ գործունեությունը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների կառույցներում, և պետք է հարգալից մոտենալ նրա բացակայությանը: