Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքը, որը ներկայում ներառված է մասնավորեցման ենթակա գույքի ցանկում, առաջարկվում է հանել այդ ցանկից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մարզահամալիրը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում. ունի ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ: Դահլիճներից մեկի բարձրությունը 9 մետր է, որը հնարավորություն է տալիս այնտեղ իրականացնելու ամենատարբեր սպորտաձևերի մարզումներ և մրցաշարեր:
«Մարզահամալիրը կարող է նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան ենթակառուցվածք դառնալ՝ սպորտային միջոցառումների և հավաքների համար: Այստեղ կարող են կազմակերպվել թե՛ խաղային, և՛ թե մենապայքարային մարզաձևերի պարապմունքներն ու հավաքները: Այս պահին հավաքական թիմերի հավաքների համար ունենք ընդամենը երկու հնարավորություն՝ Ծաղկաձորի մարզական բազան և Օլիմպավանը, որոնք ունեն սահմանափակ հնարավորություններ: Հաշվի առնելով միջազգային մրցաշարերի կազմակերպման ու հյուրընկալման, ինչպես նաև մեր հավաքականների՝ տարբեր ուղղություններով գրանցած արդյունքները (նախորդ տարի ռեկորդային թվով մեդալներ ենք ունեցել՝ 307, այս տարի արդեն 135 մեդալ՝ 10 մարզաձևից)` նոր ենթակառուցվածքների պահանջ կա»,- նշել է նախարարը և հավելել, որ այս պահին կառուցվում և վերակառուցվում են 12 մարզահամալիրներ և մարզադպրոցներ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե նախատեսվում են արդյոք վերանորոգման աշխատանքներ և ինչ վերջնաժամկետ է սահմանված, ինչին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ առկա են նախնական հաշվարկներ հետագա աշխատանքների՝ մարզահամալիրը պատշաճ տեսքի բերելու համար:
Անդրադառնալով վերջնաժամկետին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ օրենքի փոփոխությունը դեռ պետք է հաստատվի Ազգային ժողովում, որը հավելյալ ժամանակ կպահանջի: Քանի որ մենք դիմել մի քանի խոշոր միջազգային մրցաշարեր Հայաստանում անցկացնելու համար, օրինակ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ապա ցանկալի կլիներ, որ ենթակառուցվածքները պատրաստ լինեին 1-2 տարվա ընթացքում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է նաև, թե ինչպես են իրականացվելու հետագա սպասարկման աշխատանքները: Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ այդ ենթակառուցվածքները կարող նաև որոշակի եկամուտ բերել և գեներացնել այն միջոցները, որոնք կուղղվեն պահպանման ծախսերին. «Սա բերելու է մեր կողմից ուսումնամարզական հավաքների համար տրամադրվող գումարի որոշակի խնայողությունների. այս պահին մենք աջակցում ենք ֆեդերացիաներին ուսումնամարզական հավաքները կազմակերպելու ոչ պետական որոշակի տարածքներում, որոնց համար հավելյալ վճարումներ ենք կատարում: Այն ժամանակահատվածներում, երբ հավաքականներն այդտեղ չեն անցկացնի մարզումներ, համալիրը կարող է օգտագործվել տարբեր մրցաշարերի կազմակերպման, վարձակալության և այլ նպատակներով՝ այդպես ապահովելով սեփական եկամուտներ»:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ սպորտի ոլորտի ռազմավարության նախագծում ենթակառուցվածքների կառավարումն և դրանց եկամուտների գեներացման մոդելների մշակումն առանձին ուղղություն է, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության տարբերակով:
Նշենք, որ մարզական կենտրոնի տարածքը գտնվում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում: