կարևոր
3592 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-31 20:29
Քաղաքական Հասարակություն

Ժողովրդավարությունը նույն ստախոսությունն է

Ժողովրդավարությունը նույն ստախոսությունն է

Երևանում ընթանում է «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանումով համաժողովը։

Ըստ համաժողովի դահլիճի պատերի պաստառներից, կարելի է ենթադրել, որ այն հովանավորվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող « Ֆրիդոմ հաուզ» իրավապաշտպան կազմակերպությունը։

Թռուցիկ հետևելով համաժողովի, ներեցեք՝ ֆորումի աշխատանքներին և որոշ ելույթներին, նկատեցի, որ բացի Թագուհի Թովմասյանից, այլ՝ այսօրվա իշխանությանը լուրջ քննադատող գործիչ հրավիրված չէր։ Ելույթ ունեցողները, թույլատրելի սահմաններում քննադատում էին իշխանությանը, իրականում՝ «ջան ասում, ջան լսում»։

Բնականաբար ֆորում կոչվածը, հիանալի առիթ էր աշխարհի ամենաժողովրդավար վարչապետի համար հերթական անգամ ինքնացուցադրման և ճառասացության համար։ Նրա հերթական «դարակազմիկ» մտքերից անդրադառնամ երկուսին․ «․․․Ժողովրդավարության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին»։

Այս խոսքերից հետևում է, որ ժողովրդավարությունը նաև ճշմարտախոսություն է՝ բաց և անկեղծ խոսակցություն ժողովրդի հետ։

Ուստի, կարելի է պնդել, որ «թավշյա» հեղափոխության ժամանակ իրական էր Աբաջյանի պապիկը,տեսախցիկները վերացնելու խոստումը, հետագայում ցեղասպանության հուշարձանային պապիկը և այլն։ Վարչապետ կոչեցյալը, իր խոսքում երբեք չի օգտագործում Արցախ անվանումը, որպեսզի չնեղացնի իր բարեկիրթ գործընկերոջը։ Իհարկե, նա Արցախի հարցում եղել է միանգամայն անկեղծ և ճշմարտախոս․ «Ինչ ուզում, այն էլ բանակցում ենք․․․Ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք․․․Մեզ ոչ ոք չի կարող ասել՝ վա՜յ էդ ի՞նչ եք բանակցում և այլն»։

Հաջորդ միքտն այն էր, որ պարզվում է 2021թ․ մարտին նա հրաժարական էր տվել և․․․ և Հայաստանը մնացել էր առանց կառավարության, որից էլ օգտվեց Ադրբեջանը, գրավելով նոր տարածքներ։ Ա՛յ քեզ բան, պարզվում է վարչապետը հրաժական էր տվել, լքել կառավարական առանձնատունը, թիկնապահներին և ինչպես 2017թ․ ավտոտնակների տանիքներին թռչկոտելով քարոզարշավ էր անում։ Իսկ ընդդիմադիր գործիչներին թխված մեղադրանքներ առաջադրման, նրանց կալանավորման հրահանգներ տվող, վարչական հսկայական ռեսուրսով մուրճը ձեռքին ճառ ասող արարածն ո՞վ էր, արդյոք։

Ամենահետաքրականը կոռուպցիային նվիրված քննարկումն էր, ներեցեք՝ պանելը։

Պանելին  մասնակցում էին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և Թրանսփարանսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը։

Քանի որ, ֆորումը նվիրված էր ժողովրդավարությանը, ապա պնդում եմ, որ որևէ իրական ժողովրդավարական երկրում , անհնար էր, որ 2018թ․ հայտնի եռակողմ հեռախոսային խոսակցության բացահայտումից հետո, նման գործիչը շարունակեր պաշտոնավարել, այն է՝ հլու-հնազանդ կատարել վարչապետի հանձնարարականները։Էլ չխոսենք շուկայականից էականորեն էժան շքեղ բնակարան ձեռք բերելու մասին։

Ուշադրությամբ լսեցի, Հայաստանի կայացած քաղհասարակության ականավոր ներկայացուցիչ, կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող Սոնա Այվազյանի ելույթը։Պատկերացնում էի, որ նա կթվարկի քաղաքական կոռուպցիայի երևույթները․

-Պատգամավոր, նախարար, պաշտոնյա-ազգականներ,

-Վարչապետուհու հիմնադրամին միլոնների փոխանցումներ,

-Ծաղկաձորի հյուրանոցի կասկածելի օտարում և վաճառք։

-Զանգեզուրի կոմբինատի և Ամուլսարի բաժնետոմսերի պետական ռեկետ,

- ԱԺ խոսնակի եղբոր ասֆալտի ծաղկող բիզնես,

-Վարչապետի եղբոր, նույնպես ծաղկող բիզնես, 50 000 դրամով ՀԵԿ-ի գնում,

-Մեկ անձից բազմաթիվ պետական գնումներ։

Բնականաբար շարքը շարունակելի է։

Սակայն, Սոնա Այվազյանը, միայն ցավով նշեց, որ Հայաստանը 2019 –ի համեմատ կոռուպցիայի ընկալման հարցում անկում է ունեցել և մեծ հույսով , հղում անելով իր պաշտելի վարչապետի խոսքին հավաստիացրեց, որ այն կշտկվի․․․ընդամենը․․․

Հայաստանի քաղհասարակության ականավոր մյուս դերակատարներին չլսեցի, բայց համոզված եմ, ֆորումում չեն հնչել հետևյալ հարցերը․

-2018թ․ հարուցված քրեական գործերի ֆիասկոն, քանի որ մինչ այժմ չկա որևէ դատավճիռ,

-Պատվիրված տասնյակ քաղաքական հետապնդումները,որպես ապացույց՝ Ջհանգիրյան-Վարդազարյան գաղտնազերծված զրույցը,

-Խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության վայրագությունները,

-Արմեն Գրիգորյանի ողբերգական մահը,

-Սոնա Մնացականյանի , այո՛ սպանությունը,

-Էդգար Ղազարյանի ծեծը,

-Իշխանական էլիտայի անպատժելիությունը, նրանք կարող են սպա , լրագրող ծեծել, թքել քաղաքացու դեմքին, կատարել սպանություններ, ինչպես Ապարանում և մնալ անպատիժ։

Ինչպես կոռուպցիայի դեպքերը, այնպես էլ մարդու իրավունքների խախտումների թվարկումը սպառիչ չէ։

Ֆորումում ելույթներ ունեցան նաև ԱՄՆ և ԵՄ դեսպանները։ Նրանք հիացած են Հայաստանում ժողովրդավարության մակարդակից։ Նրանց լսելիս, թվում է, թե գտնվում ենք Շվեյցարիայում։

Տիկին դեսպանները նույնպես չեն նկատում, վերը նշված մարդու իրավունքների խախտումները։ Հարց է առաջանում, իսկապե՞ս չեն նկատում, թե՞․․․

Իհարկե՝ թե, քանի որ անհնար է չտեսնել։

Այսպիսով, արևմտյան ժողովրդավարության ջահակիր ԱՄՆ-ն և ԵՄ-ն, իրենց շահերից ելնելով , իրականում Հայաստանում վարկաբեկում են  ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ, պայքար կոռուպցիայի դեմ հասկացողությունները և խրախուսում են բռնապետություն և ստախոսություն արժեքները։

Իսկ ո՞րն է նրանց շահը։Արդեն պարզից էլ պարզ է՝ հրաժարվել Արցախից, հեռացնել այնտեղից ռուս խաղաղապահներին, բախտի քմահաճույքին թողնելով արցախահայերին,իրականում՝ ցեղասպանության ենթարկել նրանց։

Վերջում նկատեցի, որ ֆորումում ներկա էր հայտնի ստախոս, Զանգեզուրի միջանցքի ջերմեռանդ ջատագով Ստեփան Գրիգորյանը։

Այնպես որ, ֆորումի նպատակն ավելի պարզ է դառնում։

Հ․Գ․ «Ֆրիդոմ հաուզ» իրավապաշտպան կազմակերպությունը, ինչպես հոդվածի սկզբում նշեցի անկախ կառույց չի։ «Ֆրիդոմ հաուզ»-ն արտահայտում է ԱՄՆ քաղաքական շահերը, մարդու իրավունքների շղարշի տակ։ Մինչև 2005թ․ Ուզբեկստանում տեղի ունեցած Անդիջանի դեպքերը, «Ֆրիդոմ հաուզ»-ը Ուզբեկստանը համարում էր կայացած ժողովրդավարական երկիր:

Ավետիք Իշխանյան