Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարինե ՀԱԿՈԲՅԱՆ
«Ամեն տարի լինելու է անվտանգության տարի. ամեն ինչ անելու ենք, որ քիչ զոհեր լինեն ճանապարհաերթևեկության պատահարներից»,- խոստացավ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում:
Այս տարվա 11 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 670 հազար ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որից 105 հազարը առանց ամրագոտիների մեքենա վարողներն են: Այս տարի խախտումները 70 հազարով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը:
Գրանցվել է 1813 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 258, մարմնական վնասվածքներ ստացել՝ 2463 մարդ։
Ոստիկանությունը շարունակելու են տուգանքներ կիրառել առանց ամրագոտի երթևեկողների, մեքենայի ղեկին հեռախոսով խոսողների, հասարակական տրանսպորտում ծխողների, մեքենայի պատուհանից աղբ թափողների, ճանապարհը սահմանված տեղով չանցնող հետիոտնների նկատմամբ:
Այսպես, անցնող ամիսներին ոստիկանությունն արձանագրել է մեքենայի պատուհանից աղբ թափելու 1854 դեպք. վարորդները տուգանվել են 5000, ուղևորները`3000 դրամով: 721 երթուղային տաքսու վարորդ տուգանվել է հասարակական տրանսպորտում ծխելու համար:
Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ ոստիկանությունը առանձնապես խիստ է լինելու տրանսպորտային միջոցներ վարող անչափահաս վարորդների նկատմամբ: Այս տարի գրանցվել է 178 պատահար. զոհվել է 12, վիրավորվել՝ 192 անչափահաս:
Նորիկ Սարգսյանի խոսքով, պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ այս տարվա ընթացքում 1813 ավտոճանապարհային պատահարներից 674-ը հետիոտնի վրա կատարած վրաերթեր են, որոնց արդյունքում զոհվել է 115 քաղաքացի։ Նախորդ տարվա համամետ վրաերթերի թիվն այս տարի նվազել է 14-ով։
Չնայած վերը բերված ցուցանիշներին՝ անցնող տարում վթարայնության կայուն մակարդակ է պահպանվել, ինչը, ըստ Նորիկ Սարգսյանի, նշանակում է, որ անցած տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարները չեն ավելացել, զգացվում է նվազման միտում։
Արդեն, սակայն, ավանդույթ է դարձրել ոստիկանությունը. ամեն տարի այս օրերին, ներկայացնում է ճանապարհային պատահարների վիճակագրությունը ու ամեն տարի հայտարարում, թե պատահարների թիվը նվազման միտում ունի:
Ամեն տարի նույն խոստումը, բայց նույն ճաշն ու գդալը: