կարևոր
2560 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-24 12:19
Քաղաքական

ԱՄՆ-ն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին

ԱՄՆ-ն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին

ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկներն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։

Պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության գործընթացն առաջ է գնում, և հիշեցրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին բանակցությունների մասին:

«Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներին՝ աշխատելու որոշ ամենավիճելի հարցերի շուրջ, որոնցից են, օրինակ՝ սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն դաշնագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:

Հոգանի խոսքով՝ Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք կողմերն ուսումնասիրում են: Պաշտոնյան նաև բարձր է գնահատել Եվրոպական Միության դերը՝ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում:

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնում բանակցություններից հետո Եվրոպական Միության նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Նա նաև նշել է, որ կողմերն առաջիկայում կհանդիպեն Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական Միության նախագահի հետ՝ քննարկելու, թե ինչ է հարկավոր անել վերջնակետին հասնելու համար:

Դերեկ Հոգանն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նշելով, որ պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրում այդ հարցի առնչությամբ: