կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 11:50
Տնտեսական

Տիգրան Հարությունյանը Թալինում առկա խնդիրների լուծման հստակ առաջարկներ ունի

Տիգրան Հարությունյանը Թալինում առկա խնդիրների լուծման հստակ առաջարկներ ունի

Այս կիրակի`ապրիիլի 17-ին, Թալինում ընտրելու են համայնքի նոր ղեկավարի։ Թեկնածուները երեքն են՝ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանը, գործող քաղաքապետ, հանրապետական Սարգիս Արամյանը, ՕԵԿ-ից` «Հայկական վերածնունդ» անվանումը ստացած կուսակցության ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Օրերս Yerkir.am-ի թղթակիցը Թալինում էր, զրուցել է բնակիչների հետ եւ տեղեկացել նրանց խնդիրներին: Բնակիչները մեր թղթակից հետ զրույցում դժգոհել էին, թե քաղաք կոչվածը վերածվել է իսկական գյուղի:

Yerkir.am-ը քաղաքապետի թեկնածու Տիգրան Հարությունյանից փորձեց ճշտել, թե գործնականում ի՞նչ քայլերով է փորձելու շունչ տալ մեռնող քաղաքին: Հարությունյանը նշեց, որ Թալինում առաջնային է ոռոգման ջրի խնդիրը, որի լուծման երկու տարբերակ կա:

«Ոռոգման ջրի հարցը լուրջ է, բավականին ծախսատար: Կա երկու տարբերակ այդ խնդրի լուծման համար, որոնցից մեկը սելավատարների միջոցով ձնհալի ջրերը բերելն է, իսկ մյուսը` պոմպակայանների միջոցով բերելը, որն ավելի թանկ տարբերակ է: Եթե ընտրություններում հաջողություն ունենանք, երկու տարբերակներն էլ զուգահեռ քննարկելու ենք եւ կյանքի կոչելու»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի` միայն սելավատարերի միջոցով հարցը լուծել, սակայն, հնարավոր չէ. տարին կարող է երաշտային լինել, ոչ ջրառատ, հետևաբար` հարկավոր է այլընտրանքային տարբերակ: «Եթե ներսից ծանոթանանք խնդիրներին, այդ ժամանակ ավելի շուտ կկողմնորոշվենք` որ տարբերակով լուծենք այդ խնդիրը»,- ասաց նա:

Անդրադառնալով միջքաղաքային ճանապարհների, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակին` Հարությունյանը նշեց, որ քաղաքի բյուջեն փոքր է, որպեսզի հնարավոր լինի դրա հաշվին խոշոր ծախսեր իրականացնել:

«Բավականին քիչ է, որ կարողանանք նորոգումներ անել և այլն, այսինքն` պետք է փորձենք ներդրումներ բերել: Պետք է աշխատել, հասկանո՞ւմ եք: Ես նախնական զրույցներ եմ ունեցել լուրջ բարերարների հետ, ովքեր աջակցելու պատրաստակամություն են հայտնել, այս խնդիրների լուծմանը ընթացք կտրվի»,- ասաց նա` հավելելով, որ այս հարցում ակնկալում է նաեւ Դաշնակցության աջակցությունը:

Ուշագրավ է, որ Թալինում ճանապարհներն այնքան վատ վիճակում են, որ թալինցիներն անգամ կատակում են, թե` մեր ճանապարհներն այնքան վատն են, որ արագաչափեր տեղադրելու կարիք չկա, ու չեն էլ տեղադրվում:

Հարությունյանը խոսեց նաև քաղաքում գտնվող «Դայմոտեկ» գործարանի` առաջիկայում վերագործարկման հնարավորությունների մասին: «Այսօր հանդիպում ենք ունենալու գործարանի նախկին աշխատողների հետ, սեփականատիրոջ կողմից լիազորված մարդ է գալու: Անկախ նրանից` ես կհասնեմ հաջողության, թե` ոչ, իմ ցանկությունն է` իմ հնարավորության սահմաններում օգնել գործարանի վերագործարկմանը: Դա ռեալ է երևում, ու ինձ թվում է` կարողանալու ենք անել»,- ասաց նա: