կարևոր
2635 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-23 17:11
Քաղաքական

Նարկոտրաֆիկի ողնաշար ջարդել խոստացող Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը նարկոսպառող է դարձել․ Արեգնազ Մանուկյան

Պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ միացրեց Նիկոլ Փաշինյանի նախկին խոսքերի ձայնագրությունը՝ հիշեցնելով․

Սիրելի՛ ժողովուրդ,

Սա Նիկոլ Փաշինյանն էր։ 2018-ին Սյունիքում կադրային նշանակում անելիս նա իր որոշումը հիմնավորեց նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու մտադրությամբ։ Եվ ինչպես միշտ է լինում՝ նրա ասածները, խոստումները հակառակ իմաստով կատարվացեին։ Հայաստանը դարձել է նարկոերկիր, Հայաստանի հպարտ որակված քաղաքացիները՝ թմրամիջոցների զոհեր կամ պոտենցիալ զոհեր։ Նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ 2018-ից հետո թմրամիջոցներից օգտվողները մեր երկրում գրեթե կրկնապատկվել են։

Իշխող խմբակցության որոշ պատգամավորներ սրտնեղում են, որ ոստիկանությունը կոշտ ձևով է պայքարում թմրամիջոց տարածողների դեմ։ ՔՊ-ականներից շատերը մինչ իշխանության գալը և իշխանության եկած օրվանից մարիխուանա են քարոզում։ Ըստ օդում կախված լուրերի՝ ոմանք բացահայտորեն այդ բիզնեսի մեջ են։ Իսկ ինչպես օրերս բացահայտվեց՝ ոմանք միլիարդավոր դոլարանոց հանցավոր բիզնեսում են ներգրավված։

Իտալիայում հայտնաբերվեց Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա կոկաինը։ Հենց իտալացիք գտան հանցագործությունը, այստեղից անմիջապես հայտարարեցին, որ 1 տոննա կոկաին էլ Հայաստան է մտել մաքսանենգ ճանապարհով։ Դա ավելի քան 1 միլիարդ եվրո գումար է։

Կա՞ մարդ, ով կասկածում է, որ նման բիզնեսը՝ նման ծավալներով ու այդ չափի գումարով, կարող է շրջանցել Հայաստանի իշխող խմբակին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։

2018-ին նարկոտրաֆիկի ողնաշարը իբր ջարդելու մտադրություն ունեցողը հիմա մեծ հաշվով լուռ է, ինչպես որ լուռ էր մաքսանենգ ծխախոտի թեմայի դեպքում։

4 տոննա կոկաինը և 1 միլիարդ եվրոն դեռ հանցանքի բացահայատված դրվագներն են։ Ողջամիտ կասկած կա, որ սա եղածի մի մասն է, ու եթե իտալացիք չբացահայտեին, ապա հանցագործության շղթան աշխատելու էր ու ամենևին էլ թավշյա կյանք չէր ապահովելու մեր երիտասարդների համար, որոնց ներքաշել են թմրամիջոցային ճիրանների մեջ։

Եվ սա կոռուպցիայի, թալանի դեմ, իբր, կռիվ տվող իշխանությունների օրոք։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց օրվա իշխանություններին ավելի քան 1 միլիարդ եվրո։ Կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ հետ բերած գումարնե՞րն են այդքան կազմել։ Հանուն թոշակները բարձրացնելո՞ւ են կոկաինի սպառման երկրի վերածել Հայաստանը։ Թե՞ սննդամթերքի թանկացող գների դեմ են այդպես պայքարում։

Մի խոսքով, սիրելի՛ ժողովուրդ, նարկոտրաֆիկի ողնաշար ջարդել խոստացող Փաշինյանը հերթական խաբեությունն է արել։ Նրա իշխանության օրոք Հայաստանը նարկոսպառող է դարձել։

Ստի ու կեղծիքի իշխանությունից այլ բան չէր էլ սպասվում։