կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-19 19:32
Քաղաքական

Հունան Պողոսյանն է նշանակվել Սյունիքի մարզպետ, որպեսզի ջարդի նարկոտրաֆիկի ու կրիմինալի ողնաշարը. Փաշինյան

Հունան Պողոսյանն է նշանակվել Սյունիքի մարզպետ, որպեսզի ջարդի նարկոտրաֆիկի ու կրիմինալի ողնաշարը. Փաշինյան

Այսօր Կապանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած նախընտրական հանրահավաքում անդրադարձավ Սյունիքի մարզպետի նշանակման հարցին, քանի որ այդ պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը չէր ընդունվել հասարակության մեծամասնության կողմից` առաջացնելով բազմաթիվ հարցադրումներ:

Նախ նա նշեց, որ եզակի դեպք չէ, որ մարզպետ է նշանակում մի մարդ, որը տվյալ մարզից չէ ծնունդով կամ բնակության վայրով:

«Եթե մենք ընդունում ենք, որ Երևանի քաղաքապետը կարղ է լինել ոչ Երևանում ծնված մարդ, ապա նույնը կարող ենք ասել Սյունիքի մասին»,- ասաց Փաշինյանը:

Մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակումն էլ պայմանավորված է Իրանի հետ կապող միակ մարզի` Սյունիքի ստրատեգիական նշանակությամբ, ինչպես նաև այն փաստով, որ շատ հաճախ Սյունիքի մարզում են արձանագրվում թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսքի դեպքեր: Այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս Հայաստանից` վտանգելով Հայաստանի հեղինակությունը, մյուս մասն էլ մնում է Հայաստանում, վտանգելով հայ երիտասարդությանը:

«Ինձ համար կարևոր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը»-ասաց նա: Բացի այդ, Փաշինյանի կարծիքով, Սյունիքում շարունակում է ծանրակշիռ մնալ կրմինալի ազդեցությունը:Ուստի այստեղ նշանակվող մարզպետը այս խնդիրները լուծելու համար պետք է ունենա զինվորական բարձր կոչում: Եվ այսպես` Փաշինյանի որոշումը կանգ է առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա:

Փաշինյանի խոսքով` նույն քննադատությունները հնչում էին, երբ ինքը ոստիկանապետ նշանակեց Վալերի Օսիպյանին: Բայց Օսիպյանի նշանակումից ամիսներ անց, ժողովուրդը վանկարկում է Օսիպյան: Նույնը վերաբերում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի նշանակմաը: Նա հույս հայտնեց, որ ամիսներ անց ժողովուրդը նույն կերպ կողջունի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին: Վերջինիս առջև դրվել է մի քանի խնդիր` ապահովել լիարժեք օրինականություն, նոր ներդրողների համար պայմաններ:

Փաշինյանը խոստովանեց, որ որոշակի ժամանակ առաջ հարցազրույց է տվել, որի հետևանքով անհարմար վիճակ է ստեղծվել իր և Հունան Պողոսյանի միջև: Հիշեցնենք, այդ հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ Հունան Պողոսյանը ծեծի է ենթարկել Շանթ Հարությունյանին: 

«Այո, մինչև հիմա էլ անհարմար վիճակ է, որովհետև Շանթ Հարությունյանը մինչև հիմա չի հաստատել, որ ես այդ բանը հայտարարել  եմ` հիմնվելով իր խոսքերի վրա»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ միջադեպի հետ կապված ուղիղ հարց է ուղղել Հունան Պողոսյանին, և վերջինիս պատասխանը լիարժեք բավարարել է Փաշինյանին: