կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 14:28
Քաղաքական

Ստի ու չարիքի իշխանության վերջը պետք է գա․ Արեգնազ Մանուկյան

Եթե իրականում ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա պաշտոնյաների և քաղաքական գործիչների՝ սուտ խոսելը և խոստումը չկատարելը։
Օրինակ՝ 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ չէր խոստացվել, որ դրանից շատ չանցած հանձնելու են Արցախի տարածքները, տալու են հազարավոր զոհեր, թշնամու զորքը մտնելու է Հայաստան, Սյունիքում Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու, hետևողականորեն պաշտպանվելու են ադրբեջանցիների էյվազլիական շահերը, և «խաղաղության դարաշրջանի» անվան տակ Հայաստանը դառնալու է առևտրի առարկա։
 
Չէր խոստացվել, որ «Նիկոլ վարչապետ» գոռացողները դա անում են, որպեսզի Ալեն Սիմոնյանը հեռուստատեսային էժանագին շոուի մասնակցից, ըստ օդում կախված լուրերի, դառնա ասֆալտի օլիգարխ և պադավատի փող ծախսի բյուջեի հաշվին, հին օլիգարխները դառնան «պուպուշ» հեղափոխական–սեփականատերեր, պատահական մեկը դառնա փոխվարչապետ ու կրկին ըստ օդում կախված լուրերի՝ ասֆալտի օլիգարխ։
 
Չէր խոստացվել, որ Սաշիկի մասին պատմությունների սիրահար Նիկոլ Փաշինյանը, ով իր գիտակցական կյանքում մեղադրում էր նրան փայ մտնելու համար, ով այլոց էր մեղադրում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում փայ ունենալու համար, ինքն է փայ մտել այդ հիմնարկում ու փորձում է խցկել իր մյուս նորաթուխ օլիգարխ թիմակցին այնտեղ։
 
Ես չեմ կարծում, որ 2018-ին մարդիկ փողոց էին փակում, որ ըստ տարածված կարծիքի` պատահականներն ու վաստակ չունեցողները դառնան պատգամավոր, նախարար, դեսպան, մարզպետ, դատավոր, դատախազ և այլն։
Իշխանափոխությունը հաստատ այն բանի համար չէր, որ բուքմեյքերական կենտրոնի ղեկավարի փողերով երեկվա թավշյա տղաները գնան հունական կղզիներում գերթանկարժեք զվարճանքների։
 
2018-ին այլ բաներ էին խոստացվել։ Սեր ու հանդուրժողականություն, տնտեսության թռիչքաձև աճ ու զրո կոռուպցիա։ Եղավ ատելություն, թշնամանք, պառակտում, թալանի աննախադեպ չափեր, գռեհիկ կոռուպցիա։
 
2018-ին ստացած մանդատը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամբողջությամբ մսխել են։ Նրանք խաբել են ու հիմա էլ են խաբում։ Եթե նույնիսկ, ինչպես իրենք են ասում, ժողովրդից իբր ստացել են «Խաղաղության դարաշրջան» բացելու մանդատ, ապա այդ մանդատը նույնպես մսխված է, քանզի Ադրբեջանը շարունակում է կրակել, սպանել, գերության մեջ պահել մեր զինվորներին ու փակել մեր ճանապարհները։
 
Ոչ թե խաղաղության դարաշրջանի, այլ նույնիսկ խաղաղ օրվա հոտ չի գալիս․ մենք գրեթե ամեն օր արթնանում ենք նոր կորուստներով, նոր գերիներով։
 
Եթե մի պահ ընդունենք, որ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը պայմանավորված էր «Խաղաղության դարաշրջանի» ու բաց սահմանների խոստմամբ, ապա ներկա իրադարձությունները ապալեգիտիմացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Որովհետև պատերազմը չի կանգնել, այն նոր ձև է ստացել։ Նման մանդատ նրան որևէ մեկը չի տվել, հետևաբար՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը լեգիտիմ չէ և ենթակա է հեռացման։
 
Ստի ու չարիքի իշխանության վերջը պետք է գա։
 
Արեգնազ Մանուկյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր