կարևոր
3937 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-06 15:50
Քաղաքական

Փաշինյանն իր անձնական կաշվի փրկության նպատակով Հայաստանը հանել է աճուրդի․ Արեգնազ Մանուկյան

Երկրում պայթյունավտանգ իրավիճակ է։ Այս մասին «Կանայք հանուն հանրային համերաշխության» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Այս իշխանություններն այնքան են պառակտել հասարակությանն ու մարդկանց տրամադրել միմյանց դեմ, որ օրինակ այն, ինչ տեղի է ունենում Ազգային Ժողովում պարզապես խայտառակություն է, բայց նաև ցույց է տալիս հանրության մեջ առկա տրամադրությունները։ Այս իշխանությունները քարոզում են բռնություն և ատելություն։ Եվ նաև դա է պատճառը, որը երբ ԱԺ-ում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է կիրառվում, հանրության լայն շրջանակի մոտ դա դրական արձագանք է ստանում, մինչդեռ պետական համակարգ ունենալու պայմաններում դա պարզապես դատապարտման կենթարկվեր, բայց այս իշխանությունը փաստորեն հնձում է այն, ինչ ցանել է»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ նրանք իշխանության էին եկել սիրո, հանդուրժողականության կոչերով, մարդկանց խոստանում էին ժպիտներ և երջանկություն պարգևել, բայց բերեցի մահ, ավերածություններ և պարտությունների անվերջ շղթա․

«Այս իշխանություններն Արցախը գրեթե տարել են կործանման և տանում են վերջնական կործանման, իսկ հիմա արդեն նժարին դրված է Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ է բերել Հայաստանի գլխին և ինչ է շարունակելու բերել, հետևաբար վախենում է, որ կարող է պատասխանատվության ենթարկվել, դատվել և դրա համար իր անձնական կաշվի փրկության նպատակով Հայաստանը հանել է աճուրդի։ Շատ պարզ է, որ գինը լինելու է Հայաստանը և մեր թշնամիներին էլ ոգևորում է այս իշխանությունների վարքագիծը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ իշխանություններն իրենց կաշին փրկելու համար պատրաստ են գնալ ամեն ինչի, միայն թե ստանան սեփական անձնական անվտանգության երաշխիքներ։