Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխան էրդինչ
Թուրքիայի Հայոց պատրիարքարանին կից ստեղծված Բարեկարգման հանձնաժողովը հավաքվել է քննարկելու Իսքենդերունում (Ալեքսանդրետ-Ակունքի խմբագրություն), Վաքըֆլը գյուղում և Մալաթիայում բնակվող հայ համայնքի անդամների կացության հարցը։ Հանդիպմանը օրակարգ է բերվել Մալաթիայի, Իսքենդերունի և Վաքըֆլըի աշխատանքային խմբերի ստեղծման հարցը։ Վաքըֆլըի քիչ վնասված տների վերանորոգման ընթացքը կկազմակերպվի Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի որոշմամբ։
Վաքըֆլըի եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը, Իսքենդերունի Քառասուն Մանուկ եկեղեցու հիմնադրամի նախագահ Յուսուֆ Թաբաշը, Պատրիարքարանի սոցիալական աջակցության հանձնաժողովի նախագահ Հերման Քավաֆյանը և հանձնաժողովի անդամները շաբաթ օրը՝ մայիսի 6-ին, պատրիարքարանում մասնակցել են պատրիարք Սահակ Մաշալյանի նախագահությամբ տեղի ունեցած հանդիպմանը։ Ելույթ ունենալով հանդիպմանը, որին ներկա էր նաև Անատոլիայի հայ համայնքի հովիվ Տեր Ավետիս քահանա Թաբաշյանը, պատրիարք Մաշալյանն ասաց, որ հայ համայնքի խնդիրների հետ կապված զգալի առաջընթաց են գրանցել Մալաթիայում։
Կարիքները Մալաթիայում
Ավագ ճարտարապետ Գևորգ Օզքարագյոզն ասաց, որ իրենք Մալաթիայի համայնքապետին և Մալաթիայի նահանգապետին ներկայացրել են իրենց պատրաստած երկու նախագծերը, և իշխանությունները տարածք կհատկացնեն։ Օզքարագյոզը հայտնեց, որ յոթ ժամանակավոր կացարան պետք է կառուցվի Մալաթիայում ապրող հայ ընտանիքների համար, վեցը՝ ասորի ընտանիքների համար։
Մալաթիայի հայ համայնքից Խոսրով Քյոլեդավիթօղլուն ասաց, որ տարածաշրջանում երկրաշարժերը դեռ շարունակվում են, և տների թիվը պետք է ավելացնել, մինչդեռ Օզքարագյոզը պնդեց, որ ռեսուրսները պետք է չափավոր կերպով օգտագործվեն։
Իրավիճակ Իսքենդերունում
Իսքենդերունի անունից ելույթ ունենալով՝ Յուսուֆ Թաբաշն հայտնեց, որ իրենք տարածքներ են փնտրում ժամանակավոր կացարանների կառուցման համար, սակայն՝ ապարդյուն։ Թաբաշն ասաց. «Այնտեղ ունենք երկու ծանր վնասված և հինգ մասնակի վնասված տներ: Մյուսներին էլ թեթև վնասված ասելով, անցնում ենք։ Անհարմար վիճակում ենք, քանի որ փոքր վնաս ասվածը հարաբերական հասկացություն է: Որոշ տներ փլուզված պատեր ունեն, որոշ տների պատեր ճաքած են: Ոմանք օգնություն չեն ուզում, իրենց հնարավորությամբ են անում։ Հանրային տարածքում չորս-հինգ ընտանիք ունենք։ Համայնքապետարանը արաբ ուղղափառներին երեքուկես ակր հողատարածք է խոստացել։
Նախագահ Ջան Թեյմուրն ասաց. «Տարածքը գնելուց հետո ըստ այդմ կիրականացնենք մեր նախագիծը»: Նրանց հարցրի՝ երեք-չորս ընտանիք կարո՞ղ է միանալ ձեզ։ Նախագծի հաստատումից հետո կխոսենք»։
Պատրիարք Մաշալյանը նշելով, որ չեն կարողանում լուծում գտնել Իսքենդերունում ապրող հայ համայնքի խնդիրներին, ասաց, որ հարցը կփորձեն կարգավորել կաթոլիկ կամ ուղղափառ համայնքների հետ միասին։ Իսքենդերունի համար կրկին ձայն վերցնելով՝ Թաբաշը հետեւյալ տեղեկությունը տվեց։ «Մի քանի ընտանիք ունենք, մի կերպ կզարգացնենք, բայց հետոյի համար ոչինչ անել չենք կարող։ Նրանց ուզածը նյութական է։ Մարդիկ կերակրվել են։ Դիմացը ամառ է, ասում են՝ «Լավ կլինի, եթե ֆինանսապես օգնես»։ Տներն էլ երկրորդ պլան են մղվել։ Քանի որ ցնցումները շարունակվում են, վախենում են մտնել տներ»։
Առաջարկություններ Վաքըֆլըի համար
Բարեկարգման հանձնաժողովը վերջին շաբաթներին գնացել է Վաքըֆլը, ուսումնասիրել վնասված տները և հանդիպել հանրության հետ։ Ճարտարապետ Օզքարագյոզը հանձնաժողովի հետ կիսվել է այդ այցի արդյունքներով:
Օզքարագյոզն ասաց, որ հատ-հատ ուսումնասիրվել են մոտ 70 շենք, նաև տեսակցել են տների սեփականատերերի հետ և հանդիպել աշխատող այլ թիմերի ու կիսվել իրենց բացահայտումներով։ Օզքարագյոզն ավելացրեց․ «Ունենք երկրաշարժի գոտու տվյալներն ու վերլուծությունները։ Գոտու վրա ինչպե՞ս կարտացոլենք այս վերլուծությունները, որոնք այժմ մեզ անհրաժեշտ են: Սրա հետ կապված վերջին օրը հանրային հանդիպում ունեցանք Ջեմ Չափարի՝ մեր ղեկավարի, տերհոր և հիմնադրամի նախագահի, Ստամբուլի մասնակիցների հետ։ Բեղմնավոր և արդյունավետ հանդիպում էր։ Այստեղ հիմնական սկզբունքը քիչ վնասված շենքերի արագ կառուցելն էր, որ կյանքը շարունակվի։ Մինչ քիչ վնասված շենքերը կառուցվում են, այս կանենք՝ մարդկանց դուրս կհանենք, տները արագ կվերանորոգվեն, և դա պետք է ավարտվի ամառվա ընթացքում՝ մինչև ձմռան ամիսները։ Երկու օր առաջ երկրաշարժի գոտում էր Կարո Փայլանը։ Խոսեցի հետը, ասաց, որ էներգետիկայի նախարարի հետ խոսել է քոնթեյներների մասին, որ բրիգադն արագ եկել, հոգացել է էլեկտրական ենթակառուցվածքների համար։ Նա նաև հանդիպել է Ստամբուլի համայնքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ՝ ջրի և կոյուղու միացման հարցերով։ Նրանք էլ են մարդիկ ուղարկել գոտի»։
Վաքըֆլըի համայնքապետ Ջեմ Չափարը հայտնել է, որ 10 քոնթեյներ է հասել շրջան, իսկ էլեկտրաէներգիայի ու ջրի խնդիրը լուծված է։ Գեւորգ Օզքարագյոզը կրկին ձայն վերցնելով, ասաց, որ իրենք չեն կարող որևէ լուծում գտնել չափավոր և ծանր վնասված կառույցների համար՝ շինարարության արգելքի պատճառով։ Նա ասաց․
«Չգիտենք, թե պետությունն ինչ դիրքորոշում կունենա այս կառույցների նկատմամբ։ Վաքըֆլըում տեսածս այն է, որ շատ տներ տանիք չունեն։ Գաղափար էլ կար, որ այլեւս հարկաբաժիներ չեն լինելու։ Սա հույս է տալիս։ Մարդիկ հասկացան քարե տների արժեքը։ Որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել քիչ վնասված տների վերաբերյալ։ Բայց հարցը, որի շուրջ հնարավոր չէ համաձայնության գալ, զուտ հավասարության խնդիրն է։ Եթե մեկի վրա ծախսվում է 10 հազար լիրա, ապա մյուսի վրա չպետք է ծախսվի 70 հազար լիրա։ Պետք է քիչ վնասված տները հասցնել այնպիսի մակարդակի, որը կապահովի նվազագույն կենսամակարդակ, մինչև դրանք բնակեցվեն։ Սա է լինելու այս ծախսը կատարելու չափանիշը։ Փորձում ենք ճիշտ օգտագործել աղետի աղբյուրը»։
Օզքարագյոզն ասաց, որ Վաքըֆլըում գտնվող հյուրատունը և Միսաք Հերգելի տունը նույնպես կարելի է վերածել բնակելի տարածքի և հավելեց. «Եթե լինեն թերություններ, դրանք արագորեն կվերացվեն երկրաշարժի բյուջեից։ Գյուղը, այցելածս մյուս շրջանների համեմատ, շինանյութի տեսանկյունից անհավանական հնարավորություններ ունի։ Քոնթեյներներն էլ եթե հաշվենք, կարծում եմ, գյուղը շինանյութի խնդիր չունի»։
Օզքարագյոզն առաջարկեց ավելի հաճախակի հանդիպումներ անցկացնել, ինչպես նաև նշեց, որ գյուղում սպասելիքներն աստիճանաբար մեծանում են։
Ելույթ ունենալով` Ջեմ Չափարը շնորհակալություն հայտնեց Պատրիարքարանին և ՊՍԱՀ-ին օգնության արշավում իրենց աջակցելու համար: Նշելով, որ «HAYCAR»-ի տնօրենների խորհրդից անկախ որևէ գործ չպետք է արվի, Չափարն ասաց. «Ես հյուրատանը հյուրընկալելու գաղափարը կներկայացնեմ տնօրենների հանձնաժողովին և խորհուրդ կտամ։ Խորհուրդ կտամ Միսաք Հերգելի օրինակով։ Եկեք չպարտադրենք նրան։ HAYCAR-ը ինձ համար կարևոր է։ Նրան պետք է աջակցել»:
Եկեղեցու համար օգնությունը պատրաստ է
ՊՍԱՀ-ի նախագահ Հերման Քավաֆյանն ասաց, որ Վաքըֆլըի համար արտասահմանյան ֆոնդերը պատրաստ են, և նա կրկին կայցելի տարածաշրջան։ Քավաֆյանն ասաց. «Վաքըֆլի և Իսքենդերունի համար փոխհատուցում են խնդրել, դրական արձագանք է ստացվել։ Ֆինանսավորող կազմակերպությունը կայցելի շրջան։ Հողատարածք է գտնվել Ալթինյոզյուում և Արսուզում։ Հաստատությունը 240 տներից բաղկացած փոքրիկ տնային քաղաք կհիմնի: Ժամանակավոր կացարան է, բայց կարող է երեք կամ հինգ տարի տևել: Կարող է նաև վերածվել մշտական բնակավայրի: Այս թեմայով կխոսենք տեղական իշխանությունների հետ»,- ասաց նա։ Քավաֆյանը հավելեց, որ Եկեղեցիների համաշխարհային միության կողմից ջանքեր են գործադրվելու Վաքըֆլըի եկեղեցու վերանորոգման ուղղությամբ։
Օզքարագյոզը նշել է, որ զանգակատունն ու գլխավոր գմբեթը պետք է վերակառուցվեն, իսկ եկեղեցու կցամասը լրջորեն վնասվել է։
Հանդիպմանը տեղի ունեցավ նաև Վաքըֆլըին և նրա շրջակայքին հասցեագրված քննարկում։ Նշելով, որ եկեղեցու հիմնադրամն ընդգրկում է Սամանդաղի, Վաքըֆլըի, Զեյթունիյեի, Բաթի Այազի, Դեֆնեի և Անթաքիայի բոլոր գավառները, Ջեմ Չափարն ասաց. «Այս հաստատությունն ունի տնօրենների խորհուրդ։ Հողեր ունի։ Խնդիրներ լսելու և լուծելու կարողություն ունի: Դիմեք եկեղեցու վարչությանը։ Թող դա մեր խնդիրը դառնա»։
Հանդիպմանը որոշվել է յուրաքանչյուր շրջանի համար ստեղծել աշխատանքային խումբ։ Խմբերը կաշխատեն Պատրիարքարանի և Բարեկարգման հանձնաժողովի հետ համակարգված։
Վաքըֆլըում քիչ վնասված տների արագ վերանորոգումը կորոշվի Վաքըֆլըի եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի որոշմամբ։ Հանձնաժողովը մայիսի 22-ին նորից կհանդիպի։
https://www.agos.com.tr/tr/yazi/28605/imar-komisyonunda-vakifkoy-tartisildi