կարևոր
3643 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-24 15:07
Հասարակություն

Նարնջենիների մեջ պարփակված Վաքըֆլը գյուղը

Ուղուր Չելիքքոլ

Աշխարհի ամենաերկար ծովափերից մեկի՝ Սամանդաղի փեշերին գտնվող Չևլիկ լողափն ու ծովը շատ տպավորիչ են։ Մարդուն ստիպում են բանաստեղծություն, գիրք գրել: Նարնջենիներով շրջապատված Խըդըրբեյ գյուղում որպես «Մովսես մարգարեի գավազան» հայտնի սոսին, ծեր Մովսեսի ծառն ու տեղական ապրանքների շուկան, ուր կարող եք այցելել, երբ այնտեղ եք, շատ գեղեցիկ են: Ավելին, գյուղացիներն այնտեղ գնված ապրանքը ուղարկում են մինչև ձեր տուն։ Ղուրանում հիշատակած Մովսես մարգարեին ենթադրաբար ճանաչող Խըդըր մարգարեի դամբարանը գտնվում է Սամանդաղի ափին։ Մարդիկ երեք անգամ պտտվում են այս դամբարանի շուրջ։ Մեքենայով պտտվողներ էլ կան։ Խնկի բույրն ամենուր է։ Այստեղ՝ ծովափի ձկնային ռեստորաններում, որոնք առաջարկում են հարուստ նախուտեստներ, տեղական լոլիկ և կծու պղպեղ, պետք է անպայման լողափը դիտելով՝ հանգիստ ընթրեք:

ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ

Քանի դեռ այնտեղ եք, աշխարհի հրաշալիքներից մեկը համարվող և հարյուրավոր մարդկանց աշխատանքով ստեղծված ավելի քան 1400 մ երկարությամբ տպավորիչ Տիտուսի թունելը, Ժայռոտ գերեզմանները և Օրորոցի անձավը ևս պետք է այցելեք: Սակայն այսօրվա իմ հոդվածում ուզում եմ ձեզ ավելի շատ պատմել Թուրքիայում որպես միակ հայկական գյուղ հայտնի Վաքըֆլը գյուղի մասին։ Հաթայի Սամանդաղ շրջանի Վաքըֆլը գյուղը վերջին տարիներին հաճախ է օրակարգում երևում, քանի որ այն Թուրքիայի միակ հայաբնակ գյուղն է։ Գիտենք, որ նախկինում Բուրսայի շրջակայքում, հատկապես Կարսակի նեղուցի, Օրհանգազիի և Իզնիկ լճի հյուսիսում ևս եղել են հայկական գյուղեր (թուրք հեղինակը չի հիշատակում, որ Հայոց ցեղասպանությունից առաջ լիովին հայաբնակ է եղել ամբողջ Արևմտյան Հայաստանը-Ակունքի խմբ)։ Հեռվից Միջերկրական ծովն ու Սամանդաղ ափին նայող Վաքըֆլն ու նրա շրջակայքի գյուղերը հիմնվել են բլրի լանջին՝ նարնջենիների ու մանդարինի ծառերի մեջ։ Ամեն տարի օգոստոսի երկրորդ շաբաթում գյուղում անցկացվում է Սուրբ Աստվածածնա՝ խաղողի բերքահավաքի տոնը։ Այլ կերպ ասած՝ Գյոքչեադայի Մարիամ Աստվածածնի հիշատակության տոնակատարություն է կատարվում։

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ

Սամանդաղ՝ մի տարածաշրջան, որտեղ դարեր շարունակ միասին ապրել են սուննի, ալեւի ու քրիստոնյա արաբները, թուրքմեններն ու հայերը։ 1915-ին տեղի կատարված բռնագաղթը (Հայոց ցեղասպանությունը-Ակունքի խմբ․),  ինչպես Անատոլիայի շատ շրջաններում՝ Սամանդաղում էլ ազդեց սոցիալական և մշակութային կառուցվածքի վրա: Այսօր իրար հարևանությամբ գտնվող Յողունոլուք, Բիթյաս, Քաբուսիյե, Խըդըրբեյ, Հաջիհաբիբլի, Ազիր և Վաքըֆլը յոթ հին հայկական գյուղերից միայն Վաքըֆլը գյուղում է հիշատակվում հայ բնակչություն։

ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ

1915 թ․ առաջ այս գյուղերի բնակչությունը շուրջ վեց հազար էր։ 1915-ին տեղի ունեցած անհանգստությունների պատճառով շրջանի բնակիչները լքել են իրենց տները և պատսպարվել Մուսա լեռան Դամլաջըք բլուրում։ Մուսա լեռում շուրջ 40 օր սպասելուց հետո մարդիկ կապ են հաստատել ֆրանսիական ռազմանավի հետ, նախ պատսպարվել նավում, ապա փախել Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ։ Նրանք երեք տարի վրաններում ապրել են Պորտ Սաիդ նավահանգստային քաղաքում։ 1918 թ․ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտով Մուսա լեռան շրջանն անցավ ֆրանսիական կառավարությանը։ Մուսալեռցիները վերադարձան իրենց տարածքներ և մինչև 1939 թ․ ապրեցին ֆրանսիական տիրապետության տակ։ 1939 թ․ ստեղծվեց Հաթայի Հանրապետությունը, իսկ հանրաքվեից հետո մեծ առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նվիրումի և պայքարի շնորհիվ, ով թեև այդ ժամանակ հիվանդ էր, սակայն իր ջանքերով Հաթայը կրկին միացավ Թուրքիայի Հանրապետության տարածքին (Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին՝ 1939 թ., Թուրքիան, օգտվելով փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակից, բռնակցել է այս շրջանը։ Թուրքիայի անեքսիայի հետևանքով այստեղ ընդհանուր բնակչության 11 տոկոսը կազմող տասնյակ հազարավոր հայեր ստիպված են եղել վերստին դիմել գաղթի ճամփան-Ակունքի խմբ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐ

Այն ժամանակ Հաթայում ապրող հայերը, որոնց հիշողություններից չէին ջնջվել անցյալի դժվարին օրերը, այն մտահոգությամբ, թե այդ օրերը կարող վերապրել Թուրքիայի Հանրապետության տիրապետության տակ, հեռացան Թուրքիայից։ Մեծ մասը գաղթեց Բեյրութի Այնճար շրջան և Հայաստան։ 70 ընտանիք, հիմնականում Մուսա լեռան Վաքըֆլը գյուղից, չլքեցին իրենց հողերը և շարունակեցին ապրել Թուրքիայում։ Շրջանում մնացած բոլոր հայերը հավաքվել են Վաքըֆլը գյուղում և այսօր էլ ապրում են այնտեղ։ Մյուս հայկական գյուղերում էլ թուրքմեններ են բնակեցվել։ Այսօր Վաքըֆլը գյուղի եկեղեցուն կից թանգարանում կարելի է գտնել անցյալի մասին տեղեկություններ, գյուղի հասարակական կյանքն արտացոլող հետքեր, տեսնել հին գյուղական տներից հավաքված իրեր։

ՓԱՆՈՍ ՀՈՐԵՂԲԱՅՐԸ

Ասում են, որ Վաքըֆլըն 1940-ական թթ․ տարածաշրջանի ամենամեծ գյուղն էր։ Գյուղում, որտեղ այսօր ապրում է մոտավորապես 150 մարդ, բնակչության մեծ մասը հայեր են, և արտահամայնքային ամուսնությունների սահմանափակում չկա։ Եղել են հայ-սուննի կամ հայ-արաբ ամուսնություններ։ Գյուղում միջին տարիքը մոտ 60-ն է։ Այն, որ երիտասարդները նախընտրում են ապրել մեծ քաղաքներում՝ կրթության կամ աշխատանքի հնարավորությունների պատճառով, այժմ համընդհանուր իրողություն է: Գյուղից արտագաղթածներն ամռան ամիսներին գյուղ են այցելում, և այստեղի բնակչությունը 2-3 անգամ ավելանում է։ Գյուղում խոսում են հայերեն և թուրքերեն, սակայն ասում են, որ շրջակա գյուղերի և Հաթայի խիտ արաբ բնակչության պատճառով գյուղում ապրողներից շատերը խոսում են նաև արաբերեն։

ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

Փանոս հորեղբայրը գյուղի մեծահասակներից է։ Փանոս հորեղբայրը, ով իննսունն անց է, գյուղի սրճարանում դիմավորում է այստեղ եկած զբոսաշրջիկներին ու եթե լավ տրամադրություն է ունենում, հայերեն երգում է «Սարի աղջիկ» երգը (հեղինակը «հայերեն է երգում» շեշտելով ՝ նկատի ունի, թե երգը թուրքերեն տարբերակով ևս գոյություն ունի, և ըստ այդմ հավակնում է այն կեղծ թեզին, թե այն թուրքական երգ է, ինչը, բնականաբար այդպես չէ-Ակունքի խմբ Զրուցում է։ Այս ընթացքում տարբեր վայրերից եկած հայերը չեն հասկանում Վաքըֆլըի հայկական բարբառը, քանզի ասում են, որ այն շատ տարբերվող է։

Վաքըֆլըցիների ապրուստի հիմնական միջոցը օրգանական գյուղատնտեսությունն է, և Վաքըֆլըն Թուրքիայի այն գյուղերից է, որը 2004 թվից զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամբ։ Աճեցվում են հիմնականում ցիտրուսներ։ Գյուղն ունի բարեկարգ եկեղեցի՝ Մարիամ Աստվածածինը, որ վերականգնվել է 1997թ.։ Սակայն եկեղեցին քահանա չունի, անհրաժեշտության դեպքում Ստամբուլից քահանաներ են կանչվում, իսկ հատուկ առիթներով պատրիարքարանը Ստամբուլից քահանաներ է ուղարկում գյուղ։ Եկեղեցուց մի փոքր ներքեւ կա հյուրատուն, որտեղ հյուրերը կարող են մնալ․ շատ գեղեցիկ քարե տուն է։

Սուրբ Աստվածածնա փառատոնը

Սուրբ Աստվածածնա տոնը նշվում է ամեն տարի՝ օգոստոսի երկրորդ շաբաթում, որպես ավանդական արարողություն խաղողի բերքահավաքի ժամանակ։ Փառատոնի ընթացքում Վաքըֆլը գյուղի բնակիչները հյուրեր են ընդունում Ստամբուլից և Թուրքիայի այլ շրջաններից, Հայաստանից, Լիբանանից, Ամերիկայից և շատ այլ վայրերից։ Հայերը մինչև օգոստոսի երկրորդ կիրակի խաղող չեն ուտում, խաղողի բերքահավաք չեն անում։ Խաղողը այդ ժամանակ հազիվ է հասունանում, և որպեսզի բերքը նախքան այդ չվատնվի, մինչ այս ամսաթիվը կրոնական առումով արգելված է խաղող ուտելը: Հետևաբար, խաղողի բերքահավաքի, որպես տոն նշվելու ավանդույթը, ըստ էության, գալիս է նախաքրիստոնեական հեթանոսությունից:

7 ԹՎԻ ՍԻՄՎՈԼԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Զոհաբերություն անելու մասին խոստում տված անձինք մատաղ են անում, իսկ մատաղի մսով եփում են տոնի խորհրդանշական ուտեստը՝ հարիսա կամ քեշքեք՝ «եփած ցորենը մանրացրած մսով»։ Պատարագին նախորդող գիշերը գյուղի հրապարակում բոլոր գյուղացիների ու դրսից եկածների մասնակցությամբ մի գիշեր է անցկացվում: Այդ գիշեր եկեղեցու այգում կողք կողքի 7 կաթսա են դրվում։ Հաջորդ օրը, պատարագից հետո մատուցվող հարիսան ամբողջ գիշեր գյուղացիները հերթով եփում են 7 կաթսաների մեջ։ 7 թիվը խորհրդանշական իմաստ ունի։ Ասում են, որ յուրաքանչյուր կաթսա ներկայացնում է նախկինում շրջանի 7 հայկական գյուղերից մեկը։ Նույն ավանդույթը շարունակում են Բեյրութի Այնճար քաղաք գաղթած մուսալեռցիները, սակայն այնտեղ 40 կաթսայով են եփում՝ ի հիշատակ 1915 թ․ Մուսա լեռում անցկացված 40 օրերի։

ՕՐՀՆՈՒՄ ԵՆ ԽԱՂՈՂՆԵՐԸ

Տոնական գիշերվա հաջորդ առավոտյան եկեղեցում պատարագ է մատուցվում, իսկ եկեղեցու բակում հնչող շարականների ուղեկցությամբ օրհնվում է խաղողը։ Պատարագի ավարտին բաժանում են օրհնված խաղողը, որն ուտում են նախորդ գիշեր եփված հարիսայի հետ միասին։

ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ․․․

Հորեղբայր Փանոսը նստարանին նստած ու մեզ հետ զրուցելիս, անընդհատ շոյելով իր մոտ եկած շանը, ասում է. «Հաջորդ անգամ, երբ գաք, ես ձեզ համար կերգեմ «Հալա հալա Նիննոյե» երգը, որը գյուղում բոլորը գիտեն։ Հետո իմացա, որ «Հալա հալա Նիննոյե» երգը, որը հայերեն երգվում է Վաքըֆլը գյուղում, գրեթե դարձել է գյուղի ​​հիմնը։

ՄՏԵՔ, ՏԵՍԵՔ

Նոյեմբերն էր, երբ վերջին անգամ գնացինք Վաքըֆլը։ 2022 թ․ նոյեմբերյան մի արևոտ և նարնջաբույր օր գյուղից հեռանալիս, մտածելով Մուսա լեռան յոթ գյուղերի մարդկանց պատմությունների, աշխարհի երեսին ուր էլ որ լինի և ինչ-ինչ պատճառներով էլ լինի, հարկադիր գաղթի ճամփան բռնած մարդկանց պատմությունների մասին, իջնում ​​էինք դեպի Սամանդաղի ափ։ Անպայման գնացեք և տեսեք այդ տեղերը, ժամանակ անցկացրեք անցյալի ստվերում…

https://www.hurriyet.com.tr/yazarlar/ugur-celikkol/portakal-agaclari-arasinda-bir-yer-vakifli-koyu-42204926

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net