Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվել է կաշառքի դիմաց 10 և ավել օր ՀՀ-ում չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիներին «covid-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու դեպքի նախաքննությունը։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման բաժնի մասնագետը, ՀՀ առողջապահության նախարարի և նշված ընկերության տնօրենի հրամանների համաձայն, նշանակված է եղել Երևան քաղաքի Գայի պողոտայում տեղակայված շարժական պատվաստումային կետի պատասխանատու։ Խախտելով համապատասխան հրամանով հաստատված կարգը՝ իր պատասխանատվության տիրույթում գտնվող շարժական պատվաստման կետում նա կաշառքի դիմաց կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում 10 և ավել օր չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիների Covid-19 համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման գործընթացը:
Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ պատվաստումային կետի պատասխանատու նշված անձը, կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստման գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու վերաբերյալ նախնական համաձայնություն ունենալով Երևան քաղաքի 37-ամյա բնակչի հետ, 2021թ․ օգոստոսի 21-ին վերջինից ընդունել է ԻԻՀ հիշյալ քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիմաց առնվազն 600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը:
37-ամյա տղամարդը, կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու միջոցով խոչընդոտը վերացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ իր ծանոթի հետ, 2021թ․ օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, առևտրի կենտրոնի դիմաց հանդիպել է վերջինիս՝ իր ծանոթներ ԻԻՀ քաղաքացիների պատվաստումը կազմակերպելու համար։ Ապա 39-ամյա տղամարդը ստացել է ԻԻՀ քաղաքացիների կողմից փոխանցված 800 ԱՄՆ դոլարը, որից 600 դոլարը՝ պատվաստման կետի պատասխանատու անձին փոխանցելու նպատակով:
Իր տրամադրության տակ ունենալով ԻԻՀ քաղաքացիների անձնագրերը՝ 37-ամյա տղամարդը, խոչընդոտները վերացնելու նպատակով, պատճենահանման եղանակով կեղծել է անձնագրերի՝ ՀՀ սահմանը հատելու ժամկետի վերաբերյալ դրոշմ պարունակող էջերն այնպես, որ իրական ժամկետի փոխարեն անձնագրում երևա 15 օր ավելի ուշ ՀՀ տարածք մուտք գործած լինելու տվյալ։ Այնուհետև նշված անձանց ուղեկցել է պատվաստման կետ, հանդիպել պատվաստումային կետի պատասխանատուին, որից հետո վերջինս ձևականորեն, իբր ստուգել է նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը՝ թույլատրելով վերոհիշյալ անձանց պատվաստել Covid-19 համավարակի դեմ, դրա վերաբերյալ այդ անձանց անվամբ նա լրացրել է համապատասխան հավաստագրեր ու հանձնել նրանց:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ պատվաստման գործընթացն ավարտվելուց հետո Երևան քաղաքի 37 և 39-ամյա բնակիչներն առանձնացել են՝ 600 ԱՄՆ դոլար կաշառքը փոխանցելու նպատակով, սակայն նույն պահին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 37-ամյա տղամարդուն՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով։ Իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: