Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն շատ լավ գիտի, թե որ ընկերությունն է բանան ներկրել, որի արկղերում թմրանյութ է եղել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Այս ընկերությունն առանց վերեւից հովանավորության չէր կարող հենց այնպես 1 մլրդ դոլարի ապրանք ներմուծել Հայաստան։ Իշխանությունները շատ լավ գիտեն, անհնար է, որ չիմանան։ Եթե աղետալի իրավիճակը չփոխվի, ապա Հայաստանը լուրջ խնդիրների առաջ կկանգնի, եթե արդեն չի կանգնել: Ամեն տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող հանցագործությունների հետ կապված թվերն աճում են 100 տոկոսով, թմրամիջոցների իրացման ցուցանիշները նույնպիսի դինամիկա են արձանագրում։ Սինթետիկ թմրամիջոցները շատ մատչելի են երիտասարդների համար, մասնավորապես, խոսքը մետամֆետամինի մասին է: Թմրանյութ օգտագործող կանանց եւ անչափահասների թիվն աճում է։ Գործում է իրացման կոնկրետ սխեմա, վաճառողն ու սպառողն ուղղակիորեն կապված չեն միմյանց հետ։ Սակայն պետությունը ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկում այս երեւույթը կանխելու ուղղությամբ։ Մենք դարձել ենք տարանցիկ երկիր։ Կոկաինը Հայաստան է հասնում տոննաներով։ Վերջին երկու օրվա ընթացքում Հայաստանի հետ կապված թմրամիջոցների հայտնաբերված ծավալի արժեքը մոտենում է 1 մլրդ դոլարի։ Երկրի ներսում իրացվում է մի քանի տասնյակ կիլոգրամ, ուստի կարելի է ենթադրել, որ Հայաստանը տարանցիկ երկրի դեր է խաղացել։ Սակայն այստեղ էլ հարցեր են առաջանում։ Ո՞րն է տրամաբանությունը՝ թմրանյութը Էկվադորից Հայաստան, հետո երրորդ երկիր տեղափոխել։ Ուստի կարելի է ենթադրել, որ պատվիրատուն նստած է Հայաստանում։ Կարելի է պատկերացնել, թե քանի մարդ է ֆիզիկապես ներգրավված եղել մի քանի տոննա թմրանյութերի տեղափոխման կազմակերպման մեջ»,- ասաց նա։