կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 12:22
Քաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված զարգացումների մասին դեռ միայն կարելի է ենթադրել. Աննա Նաղդալյանը՝ Զասի թեկնածության մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված զարգացումների մասին դեռ միայն կարելի է ենթադրել. Աննա Նաղդալյանը՝ Զասի թեկնածության մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-14-ն աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում, որի շրջանակում մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին, ավելի ուշ՝  մայիսի 17-ին, Հելսինկիում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին՝ նվիրված Եվրոպայի խորհրդի 70-ամյակին:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Զոհրաբ Մնացականյանը նշել է՝ հակամարտության տարածքներում հիվանդանոցների, դպրոցների կառուցումը և անգամ երեխաներ ունենալը «միջազգային հանրային իրավունքի խախտում» չէ, որ մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը և դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ: «Նախարարն ասել է նաև, որ չպետք է խոչընդոտվի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից բոլոր մարդկանց պաշտպանության երաշխավորումը, և որ «գորշ գոտիներ» եզրույթն անընդունելի է, այն որևէ դրսևորում չպետք է ունենա»,- ներկայացրեց Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը լրացրեց, որ Զոհրաբ Մնացականյանը Հելսինկիում շեշտել է նաև՝ ԵԽԽՎ-ն պետք է վերջնականապես ձերբազատվի կոռուպցիայից:

Իսկ այսօր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որի ժամանակ քննարկվելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող հարցեր:

Հարցին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարն ի՞նչ դիրքորոշում է հայտնելու՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ, Աննա Նաղդալյանը պատասխանեց` այս առնչությամբ ինչ զարգացումներ կլինեն, դեռևս միայն կարելի է ենթադրել:

«Պնդել, թե ով է լինելու, դրա համար պետք է ՀԱՊԿ խորհրդի որոշում, որը մենք դեռ չունենք: Ինչ վերաբերում է թեկնածուին, ապա մենք գնահատելու ենք նրա գործունեությունը, թե որքանով է կարողանում սպասարկել անդամ պետություններին և ապահովել քարտուղարության գործունեությունը: Մենք դեռ այդ փուլում չենք»,- ընդգծեց նա: