կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-31 17:34
Հասարակություն

Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիր կա

Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիր կա

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ «Փաստ» -ը զրուցել է մայիսի 28- ին նաև Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաք-երթի, ինչպես նաև բանակցային գործընթացների մասին:

Վահրամ Բալայանը նախ հիշեցրեց ԱՀ ԱԺ-ի ապրիլի 14-ի հայտարարությունը: «Դեռ ապրիլի 14-ին Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց, որը բխում էր Արցախի ժողովրդի ցանկություններից: Ըստ էության, հանրահավաքը այդ հայտարարության շարունակությունը կարելի է համարել. թե՛ աշխարհին, թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ Ադրբեջանին ասվեց, որ Արցախը շարունակում է կանգուն մնալ, պայքարելու է իր շահերի, իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի իրացման համար, մեծ հաշվով՝ իր պետականությունը պաշտպանելու ուղղությամբ ջանքեր է գործադրելու: Հանրահավաքի ուղերձները հենց նշված բովանդակությունն ունեին»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով որոշ շրջանակների կողմից հանրահավաքը համերգ ներկայացնելու, նաև ստվեր գցելու փորձերին՝ Վ. Բալայանը շեշտեց. «Այն մեծ հանրահավաք էր, որին հաջորդել էր համերգ: Ի դեպ, ասեմ, որ նաև Ասկերանում, Մարտունիում էր հանրահավաք եղել: Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ, բայց խնդիրն այլ է. վատ է, երբ իրողությունները փորձում են չներկայացնել այնպես, ինչպես կա: Ինքնախաբեությամբ չպետք է զբաղվել, որովհետև դա, ինչպես ասում են, լավ տեղ չի տանի: Շատ կցանկանայի, որ թե՛ փողոցում, թե՛ հրապարակում և թե՛ տանը նստած մեր հայրենակիցները՝ բոլորը, վերջիվերջո հասկանան, որ ազատությունը, խաղաղությունը, պետականությունը ոչ ոք սկուտեղի վրա չի նվիրում: Այն պայքարի, համառության, արյան ու քրտինքի արդյունքում է լինում: Միայն այդ ժամանակ կայուն խաղաղություն կլինի»:

Այս համատեքստում խոսելով առկա բանակցային գործընթացներից՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիր կա: Շառլ Միշելի ներկայացրած մտքերը դրա վկայությունն էին, մասնավորապես, երբ խոսում էր «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» մասին: Տպավորություն է ստեղծվում, թե Արցախի բնակչությունն ինչ-որ մի տեղից է եկել, հյուրի կարգավիճակ ունի ու պարզապես պետք է անվտանգության համակարգ ձևավորվի, որ այդ մարդիկ այդ կարգավիճակով իրենց ապահով զգան ու ապրեն: Սա չի համապատասխանում ո՛չ պատմական իրողություններին, ո՛չ էլ ներկա զարգացումներին»: Նա ընդգծեց՝ չճանաչված լինելու պատճառով Արցախի համար դժվար է միջազգային կառույցներում պաշտպանել իր շահը:

«Այդ տեսանկյունից պատվիրակված էր, որ այդ ամենը կատարի ՀՀ-ն: Մինչդեռ պատերազմից հետո ՀՀ իշխանությունները Ադրբեջանի առաջարկությունները լուռ համաձայնությամբ ընդունելու կուրսն են ընտրել՝ առանց որևէ պայքարի: Այսինքն, չդիմակայել այն ամենին, ինչ կատարվում է: Հաշվի առնելով թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի, թե՛ իշխող խմբի հայտարարությունները՝ ՀՀ իշխանությունները փորձում են ամեն գնով պաշտպանել ու առաջ տանել խաղաղության թեզը: Մինչդեռ այդ ճանապարհով պատերազմն ավելի կմոտեցվի: Երբ քո դիմաց թշնամի է, որն անընդհատ պահանջներ է դնում, իսկ դու այդ ամենին որևէ պատասխան չես տալիս, բնականաբար, թշնամին ավելի սանձարձակ է դառնում և նոր պահանջներ է առաջադրում: Դրա վառ արտահայտությունը հենց ՀՀ տարածքից արված բռնազավթումներն են, նաև այն հավակնությունները, որոնք այսօր կան նաև ՀՀ-ի նկատմամբ:

Սա հեռանկար չէ թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ և թե՛ հայ ժողովրդի համար: Այլ մոտեցում պետք է որդեգրել, փորձել սեփական հնարավորությունները մեկտեղել՝ դիմակայելով հակառակորդի ճնշումներին: Մյուս կողմից էլ՝ պետք է փորձել դիվանագիտական դաշտում բարեկամներ ձեռք բերել, եղած բարեկամների հետ լավ հարաբերություններ ձևավորել ու մեր շահն առաջ տանել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ աշխարհը բազմաշերտ է, ու այդքան էլ ճիշտ չէ ներկայացնել, թե բոլորը կանգնած են Ադրբեջանի կողքին:

Իսկ թե ինչպես օգտվել հնարավորություններից ներկայիս պայմաններում, նա նկատեց. «Ցավոք, ՀՀ իշխանությունների խոսքն ու գործը տարբերվում են: Սկզբում այլ բան ասվեց, հետո ժողովրդական ճնշումների ազդեցության տակ որոշակի խմբագրումներ եղան, ինչը, սակայն, չի կարող աշխատել, քանի որ հստակ մոտեցում պետք է ունենալ: Իշխանությունը պետք է ժողովրդի առջև կանգնի, դրոշակակրի դերակատարություն ունենա, բայց վախվորած պահվածքը, անընդհատ խուսանավելու հանգամանքը թույլ չեն տալիս, որ ներքին հանրային ռեսուրսն ու ներուժը կոնսոլիդացվի, նպատակաուղղվի մի կետի:

Մյուս կողմից էլ՝ միջազգային կառույցների, բարեկամ ու ոչ բարեկամ երկրների շրջանում տպավորություն է ձևավորվում, թե հայ ժողովուրդը համակերպված է այս վիճակի հետ, որին կարելի է ամեն ինչ պարտադրել ու ստանալ: Մեզ համար սա կործանարար է, ու պետք է արմատապես փոխել այդ ամենը: Մեր ներքին ռեսուրսները պետք է մեկտեղել. խոսքը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի մասին է: Եթե կարողանանք մեկտեղել, դա փոքր ուժ չէ: Բացի այդ, այլ քաղաքականություն պետք է որդեգրել. այսօր կատարվողը պետք է մի կողմ դնել և ազգային շահերի դիրքերից խոսել թե՛ թշնամիների, թե՛ բարեկամների հետ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ