կարևոր
3718 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-04 19:50
Քաղաքական

Արդեն 5 տարի է, հաղթանակած ու հեռանկար ունեցող երկիրը շուռ է տալիս հակառակ. վերլուծական

Արդեն 5 տարի է, հաղթանակած ու հեռանկար ունեցող երկիրը շուռ է տալիս հակառակ. վերլուծական

Մինչ իր հանձնակատարներն օվկիանոսից այն կողմ՝ հեռավոր ԱՄՆ-ում, իր սիրելի ադրբեջանական թուրքերի հետ համաձայնեցնում են Արցախի հանձնման ու Հայաստանի հարցականի տակ հայտնվելու «թուղթը», Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից որոշել էր «հայրենասիրության մոդել» պայմանական թեմայով լեկցիա կարդալ:

Իրականում այն, ինչ ԱԺ ամբիոնից բարբաջեց Նիկոլ Փաշինյանը ճապաղ դեմագոգիա էր, ֆելիետոնիստի ու միջակ լրագրողի մակերեսային դատողությունների շարք: Դե, երևի ժամանակին մնացել է Վանո Սիրադեղյանի «Ծանր լույսի» և այլ ստեղծագործությունների տակ ու այդպես էլ մնացել է այնտեղ: Չնայած, չէ, չի մնացել, վանող նատուրալիստական պահերով ու տակուգլուխ «մտքերով» լեցուն բան է շարադրել՝ «Երկրի հակառակ կողմը», ապա արդեն 5 տարի է, հաղթանակած ու հեռանկար ունեցող երկիրը շուռ է տալիս հակառակ, ավելի ճիշտ՝ «թարս կողմի» վրա: Արդեն համարյա թե ամբողջությամբ շրջել է՝ մինչև բուկը հայոց արյան մեջ կանգնած լինելու իրողությունն էլ հապացույց:

Ասում է (դե Փաշինյան Նիկոլն, էլի), թե հայության մեջ հայրենասիրության մոդելը ներմուծովի է, և այդ մոդելը չի հանդուրժում արքաների (պետականության) կարևորում, փառաբանում, այլ հակառակը՝ նպատակաուղղված է հայրենիքի, պետականության կորստի, կոտորվելու, «հայրենիքը հեռվից սիրելու»: Մի խոսքով՝ մակերեսային դատողությունների նիկոլաշարան:

Թե բա՝ Հայաստանում հայոց արքաների արձաններ չկան: Իբր, վերջին 30 տարվա մեջ ոչ մի արքայի արձան չի տեղադրվել (բացարձակ սուտ, էլի, նիկոլիզմ): Ասում է, չնայած կես րոպե անց, ինքն էլ «վառում» է իր տախոսությունը՝ նշելով, թե որտեղ որ արքաների արձաններն է տեսել: Ի դեպ, այդպես էլ «չեն հիշում», որ հայոց արքաներից Արգիշտի Ա-ի արձանը՝ մարտակառքի վրա, արդեն որքան ժամանակ զարդարում է Էրեբունի ամրոցի և թանգարանի մերձակա հրապարակը:

Իբր «չի հիշում», որ «երեսուն տարվա մեջ», 2000 թվականին ՀՀ նախագահի նստավայրի մուտքային դարպասից աջ ու ձախ տեղադրվել էին ինչպես Նոյի, այնպես էլ՝ Տիգրան Մեծի արձանները, որոնք, չգիտես ինչու, 2011-ին «մի քիչ» տեղաշարժվել էին՝ վերատեղադրվելով նախագահական պալատի հետնամասում: Կարելի է չկասկածել, որ այն տարիներին նախագահականում «անցանկալի անձի» կարգավիճակ ունեցող Նիկոլ Փաշինյանը, ինչպես էլ չլինի, մի երկու «կծու-մծու» բան գրած կամ տպած կլինի իր ընտանեկան թերթոնում, թե ինչու են նման արձան տեղադրել նախագահականի դիմաց:

Առհասարակ, դնել ու լրջորեն քննարկել Փաշինյանի մտավարժանքները «հայրենասիրության մոդելի» թեմայով առնվազն անլուրջ է: Անլուրջ է, քանզի դա կանխամտածված նենգախեղում է: Եթե Հայաստանում հայրենասիրության մոդելը 30 տարվա մեջ հակապետական լիներ, ապա այդ երեսուն տարվա մեջ մի ամբողջ ժողովուրդ զրկանքների գնով հզոր ու մարտունակ բանակ չէր ստեղծի, որը Փաշինյանն ու նրա «փաշինյանիկները» քարուքանդեցին: Եթե մեր ժողովրդի հայրենասիրության մոդելը պետականակենտրոն չլիներ, ապա 30 տարվա մեջ Հայաստանի ու Արցախի սահմանագծերը անսասան չէին մնա: Ահա՛ քեզ ամենից ազդու հուշարձանը:

Եթե պետականակենտրոն հայրենասիրության մեսիջով «երեսուն տարվա մեջ դրված» հուշարձան եք ուզում, ապա Երևանի կենտրոնում Արամ Մանուկյանի արձանն ամենից լավ օրինակն է, ինչպես Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ոների համար բնութագրական է, թե իրենց «քաղաքային իշխանությունը» ինչպիսի ցուցադրական արհամարհանք է դրսևորում այդ արձանի խնամքի առումով:

Մի խոսքով՝ Փաշինյան, ինչպես միշտ, «երևացող» թեմայով տակուգլուխ դատողություններ է անում՝ շատերին ակամայից մղելով այդ թեմայով քննարկումների հորձանուտ: Հասկանալի է՝ հիմնական թաքնված նպատակներից մեկը այս պահին ԱՄՆ-ում ադրբեջանական թուրքերի հետ հակահայկական ու Հայաստանակործան փաստաթղթի ամփոփման ընթացքից, մանրամասներից ուշադրություն շեղելն է կամ հնարավոր աղմուկի տակ դա սղղացնելը:

Ի դեպ, ԱԺ երեկվա հարցուպատասխանի ընթացքում, մի առիթով Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չի վախենում, որ իրեն դավաճան են ասում: Հիշեցիք, չէ՞. որ իրեն թուրք են ասում՝ չի վիրավորվում, իսկ երբ դավաճան են անվանում՝ չի վախենում:

Սա մի քիչ հոգեբանական հարց է: Մարդը, սովորաբար, երբ նրա մոտ կրակում են, թեկուզ բնազդային դրսևորմամբ, բայց վախենում է: Երկրորդ կրակոցի ժամանակ՝ ավելի քիչ է այդ վախն զգացվում, իսկ 100-րդ կրակոցի դեպքում արդեն ոչ մի վախ չի նկատվում: Ամենից պարզ բացատրությունն այն է, որ դա արդեն նա սովորական է ընկալում: Հիմա սրանն է: Նիկոլ Փաշինյանի համար դավաճանությունն այնքան սովորական, առօրեական բան է դարձել, որ նա արդեն չի վախենում, որ իրեն դավաճան անվանեն:Չնայած, ոչ այնքան վաղուց, փորձելով իբր բացատրել, թե ինչու Հայաստանը հետ չպահեց պատերազմից կամ ինչու այն հոկտեմբերի 19-ին չդադարեցրեց, բլթացրել էր, թե այդպես վարվեց, որպեսզի իրեն դավաճան չասեն: Իսկ մի այլ առիթով էլ բլթացրեց, որ ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի (կհիշեք): Այսինքն, մի երկու տարի առաջ վախենում էր որ իրեն դավաճան կասեն, հիմա իբր չի վախենո՞ւմ:

Իրականում այնքան է վախենում, որ իրեն դավաճան անվանող երիտասարդին ոստիկանությունը բռնում է, իսկ գործատուն՝ աշխատանքից ազատում: Այնքան է վախենում, որ մի ամբողջ զորագնդի ուղեկցությամբ է դեսուդեն շրջում:

Իր գործն է. վախենո՞ւմ է, երբ իրեն դավաճան են անվանում, թե՞ չի վախենում: Դու ավելի լավ է վախեցիր, նրանից, որ քեզ դավաճան անվանելով՝ առանց դատի չդատեն:

Աղբյուրը՝ 7or.am