Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում համատեղ համերգով հանդես կգան աշխարհահռչակ ջութակահար Զախար Բրոնը և անվանի դաշնակահար Վահագն Պապյանը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Համերգին կմասնակցի նաև 15-ամյա հայտնի ջութակահար Մոնե Հաթորին։ Համերգը նվիրվում է ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ հանդիսատեսին յուրովի համերգ է սպասվում:
«Ինձ համար սիմվոլիկ կապ կա համերգի մեջ, նաև շատ պատասխանատու է ` ես Զախար Բրոնի մոտ եմ սովորել: Վահագն Պապյանի հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում ենք, բայց Բրոնն ու Պապյանն առաջին անգամ հանդես կգան մեկ բեմում: Համերգի մյուս մասնակիցը` Մոնե Հաթորին, իր տարեկիցների մեջ ամենահայտնի ու ամենաշատ ձեռքբերումների հասած ջութակահարն է, որի հետ, ի դեպ, վաղը մի փոքր անակնկալ ենք պատրաստել»,-ասաց Սմբատյանը` հավելելով, որ հետաքրքիր ծրագիր է սպասվում:
Համերգային ծրագրում կնչեն Յոհան Սեբաստիան Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի, լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար /մենակատարներ՝ Զախար Բրոն, Մոնե Հաթորի/, Հենրիկ Վենյավսկու թիվ 1 Ջութակի կոնցերտը /մենակատար՝ Մոնե Հաթորի/, Էդվարդ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը /մենակատար՝ Վահագն Պապյան/:
Զախար Բրոնը նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում. տասնյակ տարիներ առաջ այցելել է Հայաստան, հանդիպել Արամ Խաչատրյանի հետ:
Խոսելով երիտասարդական նվագախմբերի հետ համագործակցելու մասին` Բրոնը նշեց, որ նվագախմբի հետ կապված են տարբեր երաժշտական կապերով.«Ամեն անգամ նման հեռանկար ունեցող նվագախմբերի հետ համագործակցելուց հետո` կարծես նորից ծնվեմ. նրանք ինձ նոր մտքեր են տալիս և իմ ստեղծագործական պաշարը հարստանում է»:
Ի դեպ, աշխարհահռչակ ջութակահարը վարպետության դաս կանցկացնի և իր խոսքով`սպասում է, որ կտեսնի շատ տաղանդավոր երիտասարդների:
Դաշնակահար Վահագն Պապյանն էլ իր հերթին նշեց, որ միշտ հաճույքով է համագործակցում երիտասարդկան նվագախմբի հետ, քանի որ, իր կարծիքով, Հայաստանում երիտասարդականի նման չկա մեկ ուրիշ այսքան պրոֆեսիոնալ նվագախումբ, որն այդքան մեծ ջանքով է աշխատում դիրիժորի հետ: