Միասին կարող ենք
կարևոր
817 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-12 20:44
Քաղաքական

Կառավարության ծրագիրն էլ դենոնսացրեք ու կառավարեք «Երկիրը հակառակ կողմից». Լիլիթ Գալստյան

Կառավարության ծրագիրն էլ դենոնսացրեք ու կառավարեք «Երկիրը հակառակ կողմից». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Օրեր շարունակ՝ ի պատասխան հանրային ընդվզումի, թե ինչու են աշխատանքից ազատել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին, Փաշինյանն այսօր առանց սեթևեթանքի, անթաքույց ցինիկությամբ հայտարարեց․ «Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել եմ կառավարության քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն և խնդրել, որ ցեղшսպանության թանգարանի տնօրենը հրաժարական տա»։

Ամեն օր մտածում ես, թե խելագարության կանխավարկածի հնարավոր ռեսուրսները սպառված են, բայց՝ ոչ։ Կարծես հատուկ կուրս է որդեգրված՝ ոչ մի օր առանց նվաստացնելու մեր արժանապատվությունը, պղծելու Սահմանադրությունը, Կառավարության ծրագիրն ու ՀՀ օրենքները․․․։

Այն, որ Հայաստանն իր կառավարման բնույթով վաղուց մեկ անձի ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է, ակնհայտ է․․․

Եվ, այդուհանդերձ, մեր ազգային ողբերգությունների գեներատոր քպ-ն՝ իր առաջնորդի գլխավորությամբ, երկիրը կառավարում է Օրենքի ուժ ունեցող, Աժ կողմից հաստատված կառավարության (2021-2026 թթ.) ծրագրով, որի Արտաքին քաղաքականության բաժինը հետևյալ հաստատումով է սկսվում․

«1.1 Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը»:

Կառավարության գործող ծրագրում 16 անգամ հիշատակված է Արցախը՝ Շուշի, Հադրութի դեօկուպացիայից մինչև անվտանգության երաշխավորություն․․․։ Մասնավորապես՝ «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին․․․սա պիտի ծառայի հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում»։

Այս ամենն, այդ թվում Եվրոպական պառլամենտում հնչած ազգային ՈՒՐԱՑՄԱՆ մանիֆեստը, ոչ միայն այն մասին է, որ երկրի ղեկավարը պարզունակ պատկերացում և գիտակցում չունի իր պարտականությունների, ՀՀ սահմանադրության կամ օրենքի մասին, այլ այն մասին՝ որ իրացվում է Հայաստանի վիլայեթացման ծրագիրը։

Միացրեք այս օրերին բացահայտված Էպշտայնի ֆայլերի հակահայկական ծրագրերը, ադրբեջանաթուրքական APOLLO ծրագրի մանրամասները՝ Հայ Դատի դեմ քպ պատգամավորի և քպ շրջանակների հանձնառությունները, և ամեն բան՝ այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ թշնամական արշավանքն, ավելի քան պարզ կդառնա։

Բայց ինչո՞ւ սեթևեթել, կառավարության ծրագիրն էլ դենոնսացրեք ու հանգիստ «կառավարեք» սեփական հրովարտակներով, հանձնառություններով, «Երկրի հակառակ կողմի» արժեքներով․․․․ ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենք․․․ի՞նչ բարոյականություն․․․

Սիրելի զտարյուն հայեր, ընտրությունն ու բևեռներն ավելի քան հստակ են, քաղաքակրթական վեկտորները բացահայտ՝ պահում ենք հայկական ինքնությունը, թե՞ հանձվում թրքացման մսաղացին․․․

Հ․Գ․ Դավադրապաշտությամբ երբեք չեմ տառապել․ հիմա բոլոր արդարացված հիմքերն ունեմ մտածելու, թե ինչու է վանդալիզմի մեթոդաբանությամբ «վերականգնում» Ցեղասպանության հուշահամալիրը․․․»: