կարևոր
3301 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-18 23:38
Քաղաքական

ԼՂՀ-ն թե իրավական առումով, թե փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել․ ՀՀԿ

ԼՂՀ-ն թե իրավական առումով, թե փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել․ ՀՀԿ

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորմանը, իրացմանը, ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստրև։

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել.

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը  ի արձագանք Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ-ում հնչեցրած մոտեցումների, այն է. «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության  հիմք»:

Հայտարարում է՝

1. Հայաստանի Հանրապետությունն երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ և երբեք նրա տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չի դրել:

2. Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում այդ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ստեղծվել են 2 պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

3. «Պետական անկախության մասին» Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրական ակտով Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե իրավական առումով, թե փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել:

5. 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը միացել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, որը ՝
• պարունակում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին դրույթ:
• ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
• չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանական Հանրապետության սահմաններն Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմաններում ճանաչելու համար:

6. Տարածքային ամբողջականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջարկված, բազմիցս արձանագրված հիմնարար սկզբունքներից մեկն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հետ մեկտեղ, այն ինչ այս ընթացքում, միջազգային հանրության կողմից առաջարկված խաղաղ կարգավորման գործընթացը ոտնահարվել է՝
• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառմամբ՝ 44-օրյա պատերազմով:
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ:
• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսմամբ՝ ներկայիս բանակցային գործընթացում:

7. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում հայաստանա-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրից Ադրբեջանի հարկադրանքով տարանջատելը, Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելն ու նրա անվտանգության երաշխավորի պարտականությունից հրաժարվելը անթույլատրելի, դավաճանությանը հավասարազոր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք:

Ուստի Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման, իրացման և ընթացող բանակցություններում փաստաթղթավորված բովանդակությամբ արտահայտվելու հրամայականին»: