կարևոր
3328 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 17:47
Քաղաքական

Խոստացել էին խաղաղություն, բայց բերել են, բերում են ու բերելու են պատերազմ ու պարտություն․ Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին

Հարգելի՛ հայրենակիցներ,

5 տարի առաջ այս օրերին տեղի էին ունենում գործընթացներ, որոնք հանգեցրեցին իշխանափոխության։ Դա ոչ թե հեղափոխություն էր, այլ խաբեություն։

Փողոց դուրս եկած պարզ մարդիկ ցանկանում էին դրական փոփոխություններ՝ արդարություն, լավ կյանք։ Նրանց մղումն ազնիվ էր, ցանկությունները՝ լեգիտիմ։ «Թավշյա հեղափոխական» կոչվածները խաբեցին այդ պարզ մարդկանց, ոչ մի բան չփոխեցին, հագան ուրիշի համար կարված կոստյումն ու հիմա այնքան են գիրացել, որ արդեն այդ կոստյումը պատռվում է՝ պատառոտելով մեր պետությունը։

Նրանք խոստացան սեր և համերաշխություն, բայց բերեցին ատելություն և թշնամանք։ Նրանք պառակտեցին մեր ժողովրդին՝ բաժանելով սևերի ու սպիտակների, հների ու նորերի, հիմա էլ՝ արևմտամետների ու ռուսամետների, հակաարևմտամետների ու հակառուսների։

2018–ին իշխանության եկածները խոստանում էին, որ չի լինի կոռուպցիա, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքով կադրային քաղաքականություն, իշխանության ու բիզնեսի սերտաճում, բյուջեի թալան։ Խոստացան ու խաբեցին։ Վատ երևույթները խորացան, դրան գումարած՝ ստացանք փլուզված անվտանգություն, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, հարցականի տակ հայտնված Հայաստան։

2018–ի ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների շարժիչ ուժերից մեկը երիտասարդությունն էր, որը հավատում էր, որ երջանիկ ապագա է ունենալու։ Մեծ սպասումեր ունեին նաև տարիքն առած ու թոշակի գնացող մեր քաղաքացիները, որոնց խաբեցին, թե բա՝ թալանը հետ ենք բերելու և ձեր թոշակները բարձրացնենք։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ 2018–ի խաբեության հիմնական զոհերը հենց երիտասարդներն ու տարեցները դարձան։ Հազարավոր երիտասարդներ զոհվեցին պատերազմում։ Ոմանք նույնիսկ առանց շիրիմների մնացին։ Ոմանք էլ՝ դեռ գերության մեջ են։ Այդ պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է վաթսունն անց մեր պապիկներին ու տատիկներին, ապա նրանց թոշակները մի քանի կոպեկով ավելացրեցին, բայց հիմա դեղերի ու սննդամթերքի գներն այնքան են բարձրացել, որ թոշակառուները հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Փոխարենը օրվա իշխանությունները հաղթահարել են աղքատությունն իրենց գրպաններում ու դարձել նորաթուխ զիմզիմովներ, որոնց սեռդեչնի պռիվետներ էին ուղարկում «թավշա» խաբեության օրերին։

Հիմա էլ է խաբեությունը շարունակվում։ Խոստացել էին խաղաղություն, բայց բերել են, բերում են ու բերելու են պատերազմ ու պարտություն։

Հետևությունը մեկն է՝ պետական կառավարման համակարգից ու քաղաքական դաշտից հեռացնել սուտն ու կեղծիքը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է հասարակական–քաղաքացիական՝ ժողովրդական նոր շարժում, որը տեր կկանգնի մեր նորանկախ Հայաստանի բոլոր ժամանակների դրական ձեռքբերումներին, թույլ չի տա հին արատավոր բարքերի վերադարձը և մեր երկրի համար կապահովի անվտանգ, խաղաղ, բարեկեցիկ ապագա։