կարևոր
4870 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 12:41
Քաղաքական

Ադրբեջանը երբեք չէր գրավի Արցախի մի մասը, եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն․ Արմեն Աշոտյան

Ադրբեջանը երբեք չէր գրավի Արցախի մի մասը, եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե թուրքական ԱԹՍ-ներ և այլ զինատեսակներ չարտադրվեին»:

Ակնհայտ էր, որ Թուրքիայում նախընտրական քննարկումների շրջանակներում Արցախյան վերջին պատերազմն ու Սյունիքով միջանցքի երազանքի իրականացումը դառնալու են Էրդողանի իշխանության հաջողության պատմություններից մեկը:

Սակայն, ուզում եմ հիշեցնել ձեզ հետևյալը. թուրքական «Բայրաքթարներն» առաջին անգամ սկսել են առհասարակ արտահանվել ուշադիր՝ 2018-ի գարնանը՝ Քաթար, այնուհետ, նույն թվականին նաև ՝ Ուկրաինա:

Ադրբեջան թուրքական «Բայրաքթարները» հասել, ըստ բաց աղբյուրների, են Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված և ադրբեջանական խորհրդարանում վավերացված ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում, ինչը տեղի է ունեցել 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք անգամ բաց աղբյուրներով, առանց հետախուզական կարողությունների ՀՀ գործող իշխանությունները կարող էին և պարտավոր էին հետևել հակառակորդ երկրի ռազմատեխնիկական ձեռքբերումներին:

Կոնտրաստի համար հիշեք ինքներդ, թե ինչով էր զբաղված ՀՀ իշխանությունը 2020-ի ընթացքում մինչեւ պատերազմ…

2020 թվականի հունիսին ձեռք բերված «Բայրաքթարները» խաղացին արյունալի ու դաժան դեր Արցախյան վերջին պատերազմում:

Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեղքը ոչ միայն այդ տարիներին Ադրբեջանի զինման գործընթացին չհետևելն է, այլ նաև այն, որ 2018-ին գալով իշխանության, հիշեցնեմ, փոխել էին նախորդ իշխանությունների կողմից թողնված բանակի արդիականացման և սպառազինությունների գնման պլանը, ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցների փոխարեն («ՏՈՌ»-եր) գնելով խաղալիք անօգուտ «սամալյոտներ» ու դեռևս սովետական արտադրության ներկած, ժամկետանց հակաօդային միջոցներ («ՕՍԱ-ԱԿԱ»):

Այս ամենից զատ, հիշեցնեմ նաև, որ Ապրիլյան պատերազմին առաջին անգամ Ադրբեջանն նույնպես օգտագործեց անօդաչու թռչող սարքեր:

Այո, դրանք թուրքական չէին, ոչ պակաս արդիական իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ էին, որոնք սակայն չկարողացան վճռորոշ դեր խաղալ մարտի դաշտում և Ապրիլյան պատերազմի արդյունքներով Ադրբեջանը ռազմի դաշտում չհասավ իր նպատակներին, իսկ դիվանագիտական դաշտում ջախջախվեց (Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ):

Այս ամենն ի մի բերելով կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը երբեք չէր գրավի Արցախի մի մասը, եթե Հայաստանն ունենար նորմալ իշխանություն»: