կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 16:20
Քաղաքական

Եթե ՀՀ-ում ռուսամետ իշխանություն լիներ, Արևմուտքը կենթարկեր լայնածավալ պատժամիջոցների

Եթե ՀՀ-ում ռուսամետ իշխանություն լիներ, Արևմուտքը կենթարկեր լայնածավալ պատժամիջոցների

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց 2 ամսով կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը կայացվել է ակնհայտ քաղաքական շարժառիթներով. օրերս Բախշիյանը ազատ էր արձակել ապօրինի կերպով կալանավորված՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին` Աշոտ Երկաթին, որը Նիկոլ Փաշինյանի և նրա հանցավոր իշխանության ակտիվ քննադատներից է:

ՀՀ դատական պատմության մեջ նախադեպը չունեցող այսպիսի ապօրինությունները, երբ հալածանքի են ենթարկվում իշխանության քմահաճույքին չենթարկվողները, ցավոք, տեղի են ունենում միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների, ՀՀ-ում «ժողովրդավարության բաստիոն» տիտղոսը կրող պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների հանցավոր լռության պայմաններում:

Պետք է ցավով նշել, որ եթե ՀՀ-ում իշխանության չլիներ «ժողովրդավար» Արևմուտքի «սրտի վարչապետը», այլ ռուսամետ կողմնորոշման այլ ղեկավար, ապա նման ապօրինություններ իրագործելուց հետո կենթարկվեր կոլեկտիվ Արևմուտքի քաղաքական բանադրմանը:

Արդեն բոլորին է հայտնի, որ երբ արևմտամետ պետություններում տեղի է ունենում որևէ հակաժողովրդավարական երևույթ, նրանց դա ներվում է, մոռացության կամ անուշադրության է մատնվում այդ դեպքը, իսկ երբ դա տեղի է ունենում որևէ երկրում, որն Արևմուտքի սրտով չէ, անգամ աննշան միջադեպի համար ենթարկվում է միջազգային խիստ ճնշման, պատժամիջոցների:

Այսպես՝ երբ Ռուսաստանում հայտնի ընդդիմադիր, Արևմուտքի լայն աջակցությունը վայելող Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ իշխանությունների կողմից որևէ գործողություն է կատարվում, ռուսական իշխանությունները ոչ միայն առերեսվում են Արևմուտքի համատեղ քննադատությանը, այլև ենթարկվում են պատժամիջոցների: Նույնը նաև վերաբերում է այլ քաղաքական գործիչների նկատմամբ ռուսական իշխանությունների հետապնդումներին:

Երբ Իրանում զանգվածային ցույցեր սկսվեցին, իրանական իշխանությունների գործողությունները  դատապարտվեցին միջազգային կառույցների, արևմտյան պետությունների կողմից, իսկ երբ դրանից որոշ ժամանակ անց Ֆրանսիայում, ինչպես նաև այլ երկրներում լոկալ ցույցեր սկսվեցին, միջազգային հանրությունը լուռ էր կամ առնվազն հանդես էր գալիս կողմերին հանդարտության կոչելու ավանդական ելույթներով:

Նույնը կարելի է ասել նաև Չինաստանի մասին, որն ամենօրյա քննադատությունների է արժանանում ինչպես Հոնկոնգում ցույցեր ցրելու, այնպես էլ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ույղուրների նկատմամբ քաղաքականության համար:

Հայաստանը, հուրախություն իշխանությունների և ի դժբախտություն ժողովրդի, հայտնվել է Արևմուտքի համար «կանաչ գոտում», երբ ցանկացած հակաժողովրդավարական գործողություն` ցույցերի բիրտ ցրում, ընդդիմախոսների ձերբակալություններ և այլն, հանգիստ անցնում է Արևմուտքի քթի տակով:

Նյութը` Yerkir.am