կարևոր
2899 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 17:29
Հասարակություն

Թուրքիան բողոքել է Հայֆայում Հայոց ցեղասպանության զոհերի հրապարակի անվանակոչման դեմ

Թուրքիան բողոքել է Հայֆայում Հայոց ցեղասպանության զոհերի հրապարակի անվանակոչման դեմ

Իսրայելում Թուրքիայի դեսպանը բողոքել է Հայֆայում հրապարակներից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին անվանակոչելու դեմ: Իսրայելի հյուսիսային քաղաքը, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ հայեր, երկրի առաջին համայնքն է, որն այս կերպ ճանաչում է Առաջին համաշխարհային պատերազմի վայրագությունները: Անվանափոխությունն ուժի մեջ է մտել մարտի 20-ից, գրում է The Times of Israel-ը։

«Նախաձեռնությունը սպառնում է վատթարացնել կապերը, որոնք Իսրայելի և Թուրքիայի ժողովուրդներն ու կառավարությունները ցանկանում են բարելավել», — գրել է Շաքիր Օզքան Թորունլարը Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմին ուղղված նամակում:

Թորունլարն իր նամակում քաղաքապետից պահանջել է չեղարկել հրապարակի անվանակոչմամբ ցեղասպանությունը ոգեկոչելու որոշումը և կրկնել է Թուրքիայի մերժողական դիրքորոշումը՝ նշելով, որ «նման ցեղասպանություն թուրք ազգի պատմության մեջ երբեք չի եղել»։

Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաք Հայֆայում բնակվում է երկրի 15000 էթնիկ հայերի գրեթե կեսը, և քաղաքի Բեն Գուրիոն պողոտայի երկայնքով Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը երկրորդ դեպքն է, երբ Իսրայելի տեղական իշխանությունն ընդունում է վայրագությունները: 2020 թվականին Թել Ավիվի մերձակայքում գտնվող Պետահ Տիկվայում բացվեց զոհերի հուշարձանը, որը հետագայում անվանվեց Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու:

Հայֆայի քաղաքապետարանի գլխավոր խոսնակ Էլիրան Թալն անվանակոչումը համարել է կառավարության համար օրինակ, որին պետք է հետևել: «Մեզ մնում է միայն հուսալ, որ Իսրայել պետությունը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը խլեց 1,5 միլիոն հայերի կյանքը», — գրել է նա:

Թուրք դիվանագետները, հավելել է նա, «շատ են աշխատել, որպեսզի ճնշում գործադրեն» քաղաքի վրա՝ հրաժարվելու ծրագրից: