կարևոր
2623 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 16:10
Քաղաքական

Կարեւոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումը Բաքվի վրա` դադարեցնելու հակահայ քաղաքականությունը եւ էթնիկ զտումը. Արծվիկ Մինասյան

Կարեւոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումը Բաքվի վրա` դադարեցնելու հակահայ քաղաքականությունը եւ էթնիկ զտումը. Արծվիկ Մինասյան

Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Սլովակիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Վստահ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունն էական դեր կխաղա հայ-սլովակյան երկկողմ օրակարգի առաջխաղացման գործում, եւ բարեկամական խմբերը կկարողանան վճռորոշ դեր ունենալ այդ հարցում: Ընդունելով Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը` այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Արծվիկ Մինասյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել Մարիան Քերիի անձնական ներդրումը Սլովակիայի խորհրդարանում 2020-2021 թթ. ԼՂ հակամարտության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման գործում: Դրանցով Ադրբեջանից պահանջվում էր ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը: «Ցավոք, մինչ օրս Ադրբեջանի ռազմական հանցագործությունները շարունակվում են մարդկության դեմ»,- շեշտել է պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության քարտուղարը բարձր է գնահատել Սլովակիայի աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ԵՄ դիրքորոշման ձեւավորման, ինչպես նաեւ` Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցերում: Նրա խոսքով այս առաքելությունը պետք է դիտարկվի Հայաստանի անվտանգության ապահովման, այլ ոչ թե տարածաշրջանում Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների համատեքստում:

Արծվիկ Մինասյանը հյուրերին ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, նշել, որ Ադրբեջանը հրապարակային արհամարհում է միջազգային հանրության կարծիքը, չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ըստ նրա` Ադրբեջանի այս գործողությունները կոպտորեն խախտում են ոչ միայն եվրոպական արժեքները, այլ նաեւ եռակողմ հայտարարության դրույթները: «Կարեւոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումը Բաքվի վրա` դադարեցնելու հակահայ քաղաքականությունը եւ էթնիկ զտումը»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը եւ հավելել, որ Ադրբեջանը ոչ միայն ԼՂ բնակչության նկատմամբ է ագրեսիա դրսեւորում, այլ օկուպացրել է ՀՀ տարածքներ:

Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկու երկրների քաղաքական երկխոսության դինամիկան, կարեւորել խորհրդարանական փոխգործակցությունը, փոխայցերի անհրաժեշտությունը: Խոսելով միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության մասին` Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ պետք է ջանքեր գործադրել այդ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ: «Լավագույն օրինակը Եվրախորհրդարանի սլովակ պատգամավորների հետ մեր աշխատանքն էր ՀՀ եւ ԼՂ վերաբերյալ կարեւոր բանաձեւերի ընդունման ժամանակ»,- ասել է նա:

Սլովակիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովի նախագահը նշել է, որ իրենք տեղեկացված են Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով ստեղծված դժվարին իրավիճակի, ադրբեջանական կողմի` բնապահպանական խնդիրների մասով կեղծ հայտարարությունների մասին: Ըստ նրա` հայ-սլովակյան բարեկամական հարաբերությունների հաստատումն է նաեւ այն, որ իրենց խորհրդարանում քննարկումների ժամանակ սուր մոտեցումներ են հնչում Ադրբեջանի գործունեության հետ կապված: Մարիան Քերին գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ Եվրոպական միությունը ձգտում է դառնալ երրորդ կողմ` նպաստելով այս հակամարտության ժամանակին եւ ճիշտ հանգուցալուծմանը:

Ապրիլի 4-ին կայացած հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Արման Եղոյանը, Թագուհի Ղազարյանը եւ Գառնիկ Դանիելյանը: