Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում տպավորություն է, որ ՀՀ զինված ուժերում ակտիվացրել են զորավարժությունները: Համենայնդեպս, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում տարբեր զորավարժությունների մասին՝ ռազմավարական հրամանատարաշտաբայինից մինչև ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի զորավարժություն, ընդ որում, խաղարկվում են նաև հարձակողական դրվագներ, հաղորդագրություններում նշվում է նաև ՀՀ զինանոցը հայրենական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրած միջոցներով համալրելու մասին: Ինչի մասին է սա հուշում, ինչ ենթադրել:
Այս և անվտանգային այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի հետ:
– Դիտարկման սկզբից արդեն պատասխանը տվեցիք՝ տպավորություն է: Եթե ավելի խորքային դիտենք զորավարժությունների ծավալները, բնույթը, կառուցվածքը, դա ավելի շատ ընդհանուր պատկերն ապահովող միջոցառումների շարք է։ ՊՆ մամլո հաղորդագրություններում էլ է շատ գործածվում հենց միջոցառում ձևակերպումը։
Իսկ խորքային առումով ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացման, հեռահար պլանավորմանը միտված գործողությունների ծրագիր դժվար թե կոչվի այն ամենը, ինչը հրամցվում է հանրությանը կամ կա բաց աղբյուրներում։
Ի դեպ, մի կարևոր դրվագ։ Այս երեք տարիներին առնվազն հրապարակային հայտնի չի դարձել՝ ինչ ռազմավարական, մարտավարական գործողություններ են կատարվել ՀՀ զինված ուժերի և Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդման առումով։ Իսկ դա առավել քան կարևոր է մեր երկրի համար այս պայմաններում, հաշվի առնելով, որ առաջնագծի՝ Սյունիքի, հիմա նաև, ցավոք, Տավուշի հատվածներում մեկումեջ տեղակայված են բանակային և սահմանապահ ուժերի ստորաբաժանումներ։ Տեղ գյուղի հատվածում դեպքերը ցույց տվեցին, որ այդ փոխգործակցությունը ցածր մակարդակի վրա էր, ինչն էլ հանգեցրեց տարածքային կորստի։
Վերադառնալով բուն հարցին՝ պետք է արձանագրեմ, որ առանձնահատուկ տվյալներ և տեղեկություններ չունեմ հատուկ մշակված ծրագրերի մասին։
Զերծ կմնամ անգամ հրապարակված տվյալների, լուսանկարների և տեսանյութերի հիման վրա ավելի մանրամասն քննարկելու այդ զորավարժությունների, ընդգրկված ստորաբաժանումների հանդերձանքից մինչև ընդգրկված սպառազինության մակարդակը, հատկապես, երբ տարբեր դրվագներով հնչել են նաև սուր քննադատություններ այդ որոշ զորավարժությունների առնչությամբ: Կարծեմ Ձեր կողմից էր նման մի դրվագ լուսարձակի տակ առնվել՝ երբ դանակ նետելու վարժությունը ներկայացվել էր՝ իբրև զորավարժություն։
– Զորավարժության մասին հաղորդագրության մեջ նշվում էր, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դրա շրջանակում հետևել է նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների պարապմունքներին: Պարապմունքների մասին վերապահումները՝ ոչ հիմա: Իսկ տվյալ դեպքում անդրադառնանք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի պատրաստ չլինելու մասին հարցին, որը ներքաղաքական այս իրադարձությունների ֆոնին հետին պլան է մղվել: Այսինքն, 2023 թվականի դեկտեմբերի 3-ին հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է, իրականում նոյեմբերի 3-ին էր լրացրել, բայց հաշվի առնելով արձակուրդային շրջանը՝ դեկտեմբերի 3-ին ավարտեցին աշխատանքը: Արդեն անցել է 5-6 ամիս, ու զեկույցը պատրաստ չէ, չի ներկայացվել, պատճառների մասին կարող ենք ենթադրություններ, նույնիսկ՝ պնդումներ անել: Իսկ այսօր հանրային պահանջ կա՞ իմանալու ճշմարտությունը 44-օրյայի հետ կապված, թե՞ ոչ:
– Հանրային այդ պահանջը երբեք էլ չի մարվել, պարզապես հանրային պահանջը եղել է իրոք լիարժեք, համապարփակ և վստահելի եզրակացություն ստանալու առումով։ Իսկ ԱԺ-ում ստեղծված Քննիչ հանձնաժողովը որևէ կերպ չէր ապահովում այդ չափորոշիչները։ Առաջին իսկ օրից ընդդիմությունը հրապարակային, գրավոր շարադրել է իր վերապահումները, հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու դրդապատճառները։ Արդեն երկու տարի անց հանձնաժողովի գործունեության մասին տեղեկությունների բացակայությունը, եզրակացության ներկայացման ժամկետների պարբերաբար հետաձգումները և անորոշությունները փաստում են մեր դիրքորոշման ճշմարտացիությունը։ Պարբերաբար ենք ասել, որ հանրությունը պահանջ ունի բոլոր հարցերի պատասխանները ստանալու, բայց այդ պատասխանները կարող է տալ անաչառ, վստահելի և համապարփակ ընդգրկմամբ հանձնաժողովը։ Չի կարող իշխանության ձևավորած հանձնաժողովը գնահատել իր իսկ գործունեությունը՝ ռազմաքաղաքական կառավարումից մինչև թիկունքային ապահովում, մոբիլիզացիա և հանրային կառավարում։
– Եթե ընդդիմությունը մասնակցեր, կարող է այլ պատկեր լիներ, ճնշում գործադրեիք… Մյուս կողմից, հարկ է հիշել 168.am-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ձևակերպումը՝ «Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»: Այլ հարց է, որ գեներալը հետո ինքն այս իշխանության օրոք քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ արեց, գուցե հույս ուներ, որ խորհրդարանական ընդդիմություն կմասնակցի՞…
– Այլ պատկեր չէր լինի, վստահ եմ: Արդեն ասացի՝ ինչու:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ճգնաժամային ինչ–որ պահի Նիկոլ Փաշինյանը 44-օրյայի համատեքստում ակտիվություն դրսևորի ինչ–որ ձևով, և ի՞նչ կարող է դա ենթադրել:
– Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ձևավորման օրերից սկսած՝ ողջ կառավարման ընթացքում, Փաշինյանի ու այս իշխանության ռազմավարությունն է եղել՝ տարբեր իրավիճակներում փրկություն ապահովելու, հանրային ուշադրությունը շեղելու, սեփական զանցանքները և հանցանքները կոծկելու համար նման բովանդակությամբ նախաձեռնություններով հանդես գալ։ Չգիտեմ էլ՝ ի՞նչ նոր բան կարող է մեջտեղ բերել Փաշինյանը։ Այս չորս տարիներին արդեն մարդ, ոլորտ, երկիր ու դեպք չմնաց, որ իշխանության կողմից մեղավոր չկարգվի։
– Ի դեպ, իշխանություններն ասում են՝ քաղաքական ճգնաժամ չկա, Փաշինյանին ոչինչ չի սպառնում, իշխանությունը չի սասանվում, ոչ էլ դրա եզրին է: Եթե համաձայն եք այս դիտարկման հետ, ապա ի՞նչը կարող է իրապես սասանել Փաշինյանի իշխանությունը և ո՞ր դեպքում: Մենք անընդհատ լսում ենք, որ նրա հենարանն ուժային կառույցներն են, ո՞ր դեպքում ուժայինները կդադարեն լինել նրա հենարանը, և այս առումով ի՞նչ պիտի անի ընդդիմությունը:
– Իշխանական ինքնախաբեությունը բացահայտում են հենց իշխանությունները՝ իրենց քայլերով ու գործողություններով՝ հեծանիվ քշելուց մինչև երևանյան զբոսանքի թատերական ներկայացումներ: Իրականում հանրային աջակցությունից ու սատարումից զրկված իշխանությունը հույսը դրել է միայն ուժային կառույցների վրա՝ ոստիկանություն, քննչական մարմիններ։
Երկրի շարքային քաղաքացիների այս համատարած գաղտնալսումը պետք է լուրջ ընդվզման առիթ դառնար։ Ոստիկանական ուժերի աննախադեպ բռնությունները, հարձակումներն ու ձերբակալությունները փաստում են իշխանության անհանգստությունների, ցայտնոտային վիճակի, Փաշինյանի վախերի ու դրանցից իբր ազատվելու համար ամենակոշտ բռնությունների գնալու անօրինական հրահանգների մասին։ Բայց մեր դիտարկումների, որոշակի տեղեկությունների հոսքերի վրա հենվելով՝ կարելի է արձանագրել՝ ուժայիններում այս գահավիժող վիճակի առումով լուրջ դժգոհություններ, անհանգստություններ կան, որոնք թեև հրապարակային չեն, բայց դա արդեն ժամանակի հարց է։
Ընդդիմությունը պետք է մեծացնի ճնշումն ուժային այս քաոսը կանգնեցնելու ուղղությամբ, գործածելով խորհրդարանական վերասկողության բոլոր գործիքները, ավելացնի միջազգային կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ճնշումները։
– Քանի որ ուժային կառույցների մասին խոսեցինք, իսկ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Տավուշից Երևան տեղափոխվեց՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում, չանտեսենք նաև ՀՀ զինված ուժերին: Օրերս ԳՇ պետը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Տավուշից բանակը դուրս չի գալիս, այսինքն՝ սահմանապահ ուժերն իրենց ծառայությունն են իրականացնելու, նույն գոտում զինված ուժերն իրենց խնդիրներն են լուծելու: Ավելին, սահմանապահ զորքերը որտեղ կատարում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է:
– Ցավում եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն Էդուարդ Ասրյանն է, որը հրապարակային մի քանի դրվագներով փաստել է, որ ամեն մի փոքրիկ դրվագում կորցնում է ինքնատիրապետումը, չունի այդ նախաձեռնողականությունն ու իրավիճակները սառը գնահատելու կարողությունը։
ԳՇ պետն իր շեֆի հանցանքներն արդարացնելու, կոծկելու համար ամենաաբսուրդային գնահատականներն է հնչեցնում։ Նույն Տավուշում ուղղակի մենք գործ ունենք անհավանական իրավիճակի հետ, երբ մի հատվածում կանգնած է ավտոմատով զինված սահմանապահը, մի քանի հարյուր մետր այն կողմ արդեն լիարժեք կահավորված մարտական հենակետ է։ Փակագծեր ու գաղտնիքներ չբացելով, արձանագրեմ՝ սահմանապահների պատասխանատվության հատվածներում խիստ խնդրահարույց է պաշտպանական գծերի առկայությունը, եթե դրանք նույնիսկ կան։ Իսկ այն, ինչ ռազմավարական առումով նախատեսված է, դեռ պետք է ամբողջացվեն ու կառուցվեն։ Այսքանը:
Աղբյուրը` 168.am