կարևոր
6526 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-28 16:40
Քաղաքական

Կոնգրեսականներ Ան Էշուն և Քրիս Սմիթը ներկայացրել են Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձևի նախագիծ

Կոնգրեսականներ Ան Էշուն և Քրիս Սմիթը ներկայացրել են Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձևի նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն և Քրիս Սմիթը ներկայացրել են Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ հորդորելով Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իր ցեղասպանական ագրեսիայի համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Անդրադառնալով ներկայացված բանաձևին՝ Ան Էշուն հայտարարել է․ «Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումը բերեց էթնիկ հայկական համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ տարածաշրջանն անվանել է ՀԱՅՐԵՆԻՔ: Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների բոլոր սահմանումներին, և, որպես այդպիսին, պետք է դատապարտվեն: «Մեր բանաձեւը հստակ արձանագրում է հայ ժողովրդի դեմ իրագործված վայրագությունները, նախանշում է այն կարևոր քայլերը, որոնք ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի հանուն արդարադատության և Ադրբեջանին, կատարված հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Քրիս Սմիթն իր հերթին նկատել է․ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունները և էթնիկ զտումները չեն ջնջում հայերի իրավունքը՝ խաղաղ ու ազատ ապրելու իրենց հինավուրց հայրենիքում և դավանելու սեփական հավատքը, հետևելու սեփական սովորույթներին և խոսելու իրենց սեփական լեզվով։ Մեր երկկուսակցական օրենսդրությունը կոչ է անում Բայդենի վարչակազմին ակտիվորեն աջակցել հայերի իրավունքներին՝ ընդդեմ Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների՝ իր անողոք բռնապետ Իլհամ Ալիևի առաջնորդությամբ»։

Ներկայացված նախագծով Ադրբեջանի կողմից Արցախի ավելի քան 100․000 հայության բռնի տեղահանումը ճանաչվում է որպես էթնիկ զտում։ Ամերիկյան վարչակազմին կոչ է արվում հրապարակային վճռականություն ցուցաբերել նույն նպատակով։ Բացի այդ, բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգներին նպաստել Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը, որը կապահովի ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների, քաղաքացիական գերիների, այդ թվում՝ Արցախի քաղաքական առաջնորդների ազատ արձակումը, ինչպես նաև կերաշխավորվի հայերի իրավունքը՝ անվտանգության համապատասխան երաշխիքներով  վերադառնալու իրենց տները։

Ներկայացված բանաձևը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Չհանդիպելով Արցախի էթնիկ զտումների համար որոշակի պատժամիջոցների՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալ նոր բռնություններով՝ Հայաստանից ավելի միակողմանի զիջումներ կորզելու համար: Արդար և տևական խաղաղությունը պետք է սկսվի պատասխանատվությունից: Մենք ողջունում ենք ներկայացուցիչներ Էշույին և Սմիթին՝ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիան դատապարտելու հարցում իրենց համարձակ առաջնորդության համար»։

Նշենք՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն արդեն իսկ սկսել է համագաղութային արշավ՝ հանձնախմբի ինտերնետային ռեսուրսների միջոցով ամերիկահայությանը հորդորելով կապվել իրենց շրջանների ներկայացուցիչների հետ՝ ներկայացված բանաձևն առաջ մղելու համար։

Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Բայդենի վարչակազմին մասնավորապես կոչ է արվում նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարմանը և կիրառել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կանոնադրական արգելքները՝ համաձայն «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի պահանջների:

Ներկայացված բանաձևի տեսքտը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://anca.org/assets/pdf/062724_EshooSmith_Artsakh_text.pdf


 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

28 06 2024թ