կարևոր
2389 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 17:39
Քաղաքական

Համախմբման կիզակետը

Համախմբման կիզակետը

Համահայկական տիրույթում այսօր ամենից շատ խոսում են համախմբման մասին: Համախմբումը հավաքականության նպատակների իրականացման անհրաժեշտ տարրն է: Յուրաքանչյուր ոլորտում պառակտումը, ոչ նպատակասլաց ընթացքը պատճառ է դառնում ուժերի ջլատման եւ ներուժի վատնման:

Հայ իրականության մեջ 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունը եւ դրան հաջորդած մի քանի ամսվա պատրանքային խանդավառությունը՝ թվում էր, թե կարող է նոր լիցք է տալու համահայկական զարթոնքին՝ թոթափելով անտարբերության եւ անհոգության մթնոլորտը: Սակայն պատահեց ճիշտ հակառակը. գնալով՝ ազգայինը դուրս մղվեց օրակարգից:

Արցախը, որպես ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ, այն շաղախն էր, որն ավելի քան 25 տարի ստեղծել է հայկական աշխարհի տարբեր հատվածների միավորման արդյունքում ձեւավորված գաղափարական համակարգը:

Արցախյան պայքարը նախ եւ առաջ հիմք է հանդիսացել ազգային գիտակցության արթնանալուն: Հայկական պետությունը հիմնադրվել է հենց այդ ազգային գիտակցության գաղափարախոսության հենասյուների վրա: Պատահական չէ, որ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Հռչակագրերում անդրադարձ կա հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման գաղափարին: Արցախում հայկական պետության կայացումը ինքնին փաստ է, որն արձանագրվել է նաեւ հայկական տարածքների ընդլայնմամբ՝ պատմական հայրենիքի վերատիրացմամբ:

Հաղթանակն ինքնին համախմբող բնույթ ունի: Բոլորը ցանկանում են բաժին ունենալ հաղթանակից, մասնակիցը լինել հաղթանակի «խրախճանքին»: Ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Արցախյան հաղթանակի լիցքով թե՞ ենթակայորեն եւ թե՞ առարկայաբար կանխել է ցեղասպանությունը: Աշխարհասփյուռ հայ ժողովրդի մեջ ցեղասպանության ենթարկված ժողովրդի բարդույթը փարատվել է Արցախով, իսկ գործնականում՝ պանթուրքիստական նկրտումները չեզոքացվել են հայկական բանակի կուռ շարքերի առկայությամբ:

Այս հոլովույթը պատճառ է դարձել «Հաղթող հայի» ինքնության հաստատմանը, որի առանցքը, սեւեռակետը հանդիսացել է Արցախը:

2018թ. իշխանափոխությունից հետո ապազգային հոսանքները մեկ առ մեկ քայքայել են վերը նշված հիմնասյուները: Եվ հենց այդ պատճառով է, որ չի գոյանում նպատակաուղղված համախմբման բեմահարթակը:

Հայաստանի Հանրապետության ձախավեր իշխանությունների գրանցած պարտություններն իրականություն են, հաճախ՝ հուսահատեցնող, թեւաթափ անող, սակայն միայն ու միայն պայքարի առկայությամբ է, որ կարելի է թոթափել պարտվածի հոգեկան բարդույթը եւ վերականգնել ազգային-գաղափարախոսությամբ օժտված համախմբման հենասյուները:

Այսօր Արցախը միասնականորեն պայքարում է հայկական պետականության պահպանման, հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման համար, եւ դա հենց այն կիզակետն է, որի հիման վրա հնարավոր է ձեւավորել համահայկական միասնականություն:

«Ապառաժ»-ի խմբագրական

31 մարտի, 2023թ.