Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համախմբման կոչ ենք անում աղետաբեր իշխանության գործունեություից տուժած բոլոր ծնողներին, այդ թվում նաև գերիների, որոնց ճակատագրի հանդեպ այս իշխանության վերաբերմունքն արտահայտվել է չափազանց բարձր՝ Ազգային ժողովի նախագահի մակարդակով, այն է՝ այդ գերիներն ինձ համար գոյություն չունեն։ Այս մասին ասվում է «Որդիների կանչ» ՀԿ-ի տարածած հայտարարությունում:
«Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում այրված զինծառայողների ծնողները երեկ ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ, քանի որ համաձայն չեն դեպքի առնչությամբ պաշտոնական վարկածին։ Նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Նրանց հայտնել էին, որ մինչև նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։ Իրոք, որդեկորույս ծնողներին ի՞նչ նորություն պիտի հայտնի Նիկոլ Փաշինյանը, որը դեպքից ընդամենը ժամեր անց, ստանձնելով երկրի թիվ մեկ իրավաբանի դերը, կառավարության նիստում ներկայացնում էր կատարվածի մանրամասներն ու անգամ «նշանակում» մեղավորներին։
Արդարություն ակնկալող որդեկորույս ծնողների խելագար ցավի դեմ գործող իշխանության՝ սովորական դարձած բիրտ ու հանցավոր անտարբերությունն է, ինչը չի կարող անտարբեր թողնել մե'զ՝ 44-օրյա պատերազմում զավակներ կորցրած ու շուրջ երեք տարի դժոխքի նույն ճանապարհն անցնող ծնողներիս։ Որպես արդեն ձևավորված ծնողական համայնք՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում դեռևս անհայտ հանգամանքներում, այսպես կոչված, խաղաղ պայմաններում, գոմ հիշեցնող զինվորական կացարանում հրդեհի զոհ դարձած տասնհինգ զինծառայողների ծնողներին, միաժամանակ, ընդգծում.
Հայաստանում փաստացիորեն գոյություն չունեցող անկախ իրավական համակարգից արդարություն ակնկալող սիրելի’ ծնողներ, ցավոք, նաև բախտակիցներ, մեկ տարի առաջ մենք նախաձեռնեցինք իրավական գործընթաց՝ պատասխանատվության ենթարկելու անձին, որին մեղադրում ենք մեր զավակների մահվան, պարտության ու մեր երկրին պատուհասած բազմաթիվ չարիքների համար։ Բանականությունից ոչ զուրկ ու միայն սեփական շահով չառաջնորդվող ցանկացած մեկի համար սա այլևս բացահայտում չէ։ Իրավական կառույցներին հասցեագրված մեր հայցադիմումներում առկա հիմնավորումներն առավել քան բավարար էին հիշյալ անձին պատասխանատվության ենթարկելու և նոր աղետները, այդ թվում գուցե նաև ձեզ պատուհասած աղետը կանխելու համար։ Սակայն ապրիլի տասնչորսին, Քննչական կոմիտեի մոտ կազմակերպված մեր ակցիայի ժամանակ, պարզապես ստիպված էինք արձանագրել այն, ինչն ակնհայտ էր վաղուց. իրավական պայքարը դատապարտված է մեր երկրում, որտեղ իրավական բոլոր կառույցները կառավարվում են ընդամենը մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Գրեթե համոզված ենք, որ վերջինի հրահանգներն անշեղորեն կատարելու համար էլ կառավարության վերջին նիստում հիշյալ կառույցի ղեկավար Արգիշտի Քյարամյանի պաշտոնային դրույքաչափը շեշտակի աճ արձանագրեց։ Ինչևէ։
Սիրելի' ծնողներ, արդարության հասնելու ընդամենը մեկ ճանապարհ կա, համատեղ ուժերով չարիքից ազատվելու ճանապարհը։ Համախմբման կոչ ենք անում աղետաբեր իշխանության գործունեություից տուժած բոլոր ծնողներին, այդ թվում նաև գերիների, որոնց ճակատագրի հանդեպ այս իշխանության վերաբերմունքն արտահայտվել է չափազանց բարձր՝ Ազգային ժողովի նախագահի մակարդակով, այն է՝ այդ գերիներն ինձ համար գոյություն չունեն»։