Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմին՝ կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի եւ մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել իրավիճակից դուրս գալու ելքերին եւ լուծումներին:
Խոսելով առկա ճգնաժամային իրավիճակի եւ պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստների մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ որպես ժողովուրդ եւ պետություն մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով, ձեռք ձեռքի տված ոտքի կանգնելը: Նա արձանագրել է, որ առաջ շարժվելու համար նախ պետք է սթափ ու ճշգրիտ գնահատել իրավիճակն ու մեր հնարավորությունները, պետք է գիտակցել, որ մենք մի շարք ճգնաժամերի ենք առերեսվել, պետք է ընդունել իրողությունն ու մտածել դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:
Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների, ինստիտուտների կարեւորությունը՝ նկատելով, որ առանձին անհատներ ի զորու չեն միայնակ հաղթահարել այս դժվարությունները. «Փրկիչներ չկան: Մենք պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր: Մենք պետք է հետեւողական ու տքնաջան աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտները: Դրա համար մենք առաջին հերթին պետք է ընդունենք, որ ունենք խորը ճգնաժամ, ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը: Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, ֆեյքերով միմյանց վրա ցեխ շպրտելուց: Մենք, ի վերջո, դառն իրողությունն ընդունելու խիզախություն պետք է ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու արդյունավետ քայլերով առաջ շարժվենք»:
Նախագահն ասել է, որ առավել, քան երբեւէ հավատում է մեր ժողովրդի ուժին ու ոգուն. «Մենք բոլորս պարտավորություն ունենք մեր նախնիների, մեր ժողովրդի առջեւ: Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը պետականություն չի ունեցել, բայց կարողացել է պահել մեր ազգային արժեքները, մեր պատմական ժառանգությունը, մեր լեզուն ու գրականությունը, մեր եկեղեցին ու մշակույթը, որպեսզի որպես ազգ կարողանանք ապագայում ունենալ մեր երկիրն ու պետությունը: Այսօր մենք ունենք այդ պետությունը, եւ մեր պարտքն է ամեն ջանք կենտրոնացնել՝ մեր պետականությունն ամրացնելու, մեր ինստիտուտներն ամրապնդելու համար»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախապատրաստել է իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ եւ հանդիպման մասնակիցներին առաջարկել է ներկայացնել իրենց լուծումները. «Միայն միասին է հնարավոր դուրս գալ իրավիճակից, հաղթահարել այս դժվարին մարտահրավերները»: