կարևոր
3400 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 10:49
Իրավական

Դատարանը Մելքոնյանին պարտավորեցրել է ապացուցել Վանեցյանի հասցեին ասածները․ «Հրապարակ»

Դատարանը Մելքոնյանին պարտավորեցրել է ապացուցել Վանեցյանի հասցեին ասածները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արթուր Վանեցյանն ընդդեմ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի քաղաքացիական հայցի քննության գործով դատարան ապացուցման բեռի բաշխում է կատարել։ Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ում իրական անունը Գուրգեն է, Հանրային հեռուստաընկերության եթերում 2021 թվականի հուլիսի 20-ին Արթուր Վանեցյանի մասին հետեւյալ միտքն էր արտահայտել․ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին, բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր»։

Արթուր Վանեցյանն այս հարցազրույցից հետո ընդդեմ Գագիկ Մելքոնյանի հայց էր ներկայացրել դատարան՝ դատարանից պահանջելով, որ Մելքոնյանին պարտավորեցնի՝ հրապարակային հերքել իր կողմից հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցել պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասը։ Գործը մակագրվել է դատավոր Մուրադ Հովակիմյանին։ Դատարանը կողմերի միջեւ ապացուցման բեռի բաշխում է իրականացրել, ըստ որի՝ Արթուր Վանեցյանը պիտի ապացուցի, որ նշված հայտարարությունը փաստացի տվյալների հրապարակում է, որով իրեն որոշակի գործողություն կամ անգործություն է վերագրվել, որ իր վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները ներկայացված են հրապարակային ձեւով, ներկայացված փաստացի տվյալներն իրականում արատավորել են իր պատիվը, արժանապատվությունը, եւ դրանք ուղղված են եղել կոնկրետ իր դեմ: Վանեցյանը սա կարող է շատ հեշտ ապացուցել, քանի որ Գագիկ Մելքոնյանն իր անունն է տվել, այդ հայտարարությունն արել է մեծ լսարան ունեցող Հանրային հեռուստաընկերության եթերում, որի տեսագրությունը նաեւ Յութուբում է տեղադրվել, իսկ պատերազմ «գնալն ու փախնելը, զենքերը հավաքելն ու Հայաստան բերելը» դժվար թե որեւէ մեկը անձի համար արատավոր չհամարի։

Գագիկ Մելքոնյանի գործն անհամեմատ ավելի դժվար է, դատարանը նրան պարտավորեցրել է ապացուցել, որ իր կողմից ներկայացված փաստացի տվյալներն իրականություն են` զրպարտություն չեն, այսինքն՝ Մելքոնյանը դատարանում պիտի ապացուցի, որ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին, բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր»։

Եթե Մելքոնյանը սա չկարողանա ապացուցել, գոնե պիտի ապացուցի, որ պատշաճ ջանք է գործադրել իր կողմից հնչեցված հայտարարության իսկությունը ճշտելու համար, այսինքն՝ Մելքոնյանը պիտի ապացուցի, որ հնարավորինս ամեն ինչ արել է, որ պարզի, թե իրո՞ք Վանեցյանը գնաց ու փախավ եւ այլն, ինչն ապացուցելը եւս շատ դժվար է, դա հիմնականում լրատվամիջոցներն են կարողանում ապացուցել, քանի որ ԶԼՄ հրապարակումներում երեւում են այն ջանքերը, որոնք լրագրողը գործադրել է՝ տեղեկությունը պարզելու համար, իսկ Գագիկ Մելքոնյանը, ինչպես հայտնի է, ամենեւին էլ լրագրող չէ։ Ի դեպ, այս գործով Հանրային հեռուստաընկերությունը ներգրավվել է որպես դատավարության երրորդ կողմ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։