կարևոր
2617 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 12:35
Քաղաքական

Գիտակից հանրությունը, ոչ թե ժեխը, ճիշտ գնահատում է իրավիճակը․ «Հրապարակ»

Գիտակից հանրությունը, ոչ թե ժեխը, ճիշտ գնահատում է իրավիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է հեղինակավոր դատավորներից ազատվելու գործընթացը։ Այժմ թիրախում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն է, ավելի վաղ ԲԴԽ-ն դադարեցրել էր դատավորներ Աննա Փիլոսյանի, Ալեքսեյ Սուքոյանի, Սուրեն Անտոնյանի, Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Բոլորը համակարգում հարգված, բարձր վարկանիշ ունեցող, գրագետ դատավորներ են: Իրավաբանական հանրությունը, փաստաբաններն ահազանգում են, որ իշխանություններն ազատվում են անհնազանդ եւ իշխանության պատվերները չկատարող դատավորներից՝ նրանց փոխարեն համակարգը լցնելով երիտասարդ, հաճախ նորմալ իրավաբանական կրթություն չունեցող, անփորձ կադրերով, որոնք ԲԴԽ-ում ձեւական մրցույթներ են անցնում ու դառնում դատավոր։ Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանին հարցրինք, թե, իր կարծիքով, ինչ գործընթաց է այժմ տեղի ունենում։

Հիշեցնենք, որ Ազարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2022 թվականին։
«Եթե ես խոսեմ, ակնհայտորեն կվնասեմ բարձր վարկանիշ ունեցող դատավորներին, «լավն» ու «վատը» եկեք պայմանականորեն անվանենք, բոլորս գիտենք, թե ում մասին է խոսքը։ Այսպես ասած՝ վատ դատավորներն իրենց տեղն արդեն գտել են, իրենց տերերին արդեն գտել են, եւ ես չեմ ցանկանում որեւէ հարցազրույցով վնասել լավ դատավորներին»,- պատասխանեց նախկին դատավորը։

Նրան հարցրինք՝ լիազորությունները դադարեցված դատավորները լա՞վ դատավորներ էին, թե՞ վատ։ «Իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ, ես արդեն դատավոր չեմ, կարող եմ գնահատականներ տալ, բայց չեմ ցանկանում դա անել, որովհետեւ իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ։ Ինձ թվում է՝ բավարար է, որ «helpcourt»-ում կարելի է տեսնել, թե Աննա Փիլոսյանը որ տեղում է, Զարուհի Նախշքարյանն ինչ վարկանիշ ունի, ում նկատմամբ է վարույթ հարուցվել, նրանք ինչ վարկանիշներ ունեն, եւ այդ վարկանիշները համեմատել հնազանդ դատավորների վարկանիշների հետ»,- ասաց Ազարյանը։

Նշենք, որ helpcour.am-ում փաստաբանները գնահատում են դատավորներին, եւ ըստ այդմ էլ ձեւավորվում է նրանց վարկանիշը, Աննա Փիլոսյանն այս կայքում ունի +25, Սուրեն Անտոնյանը՝ +4, Զարուհի Նախշքարյանը՝ +68, Ալեքսեյ Սուքոյանը՝ +15, այսինքն՝ լիազորությունները դադարեցված բոլոր դատավորներն ունեն դրական վարկանիշ։ Դատական համակարգում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն Արման Հովհաննիսյանն է, ում դեմ այս պահին կարգապահական վարույթ կա ԲԴԽ-ում, նրա վարկանիշը +128 է, իսկ ամենացածրը Տիգրան Սիմոնյանինն է՝ -34 (ամիսներ առաջ իր դիմումի համաձայն լքել է պաշտոնը,սակայն դատական համակարգին պատկանող կայքում դեռեւս այդ ինֆորմացիան չեն թարմացրել, եւ Սիմոնյանը ներկայացվում է որպես ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր)։ Փաստորեն, ԲԴԽ-ի նոր թիրախն Արման Հովհաննիսյանն է` Կարեն Անդրեասյանը հիմա էլ նրա դեմ է պատվեր ստացել:

Դիտարկմանը, որ շատ իրավաբաններ ու փաստաբաններ են նշում, որ իշխանությունները ցանկանում են ոչ հնազանդ դատավորներից ազատվել, դա արդեն կարծես հաստատված փաստ է, Ազարյանն արձագանքեց․ «Դա միանշանակ է, ինչի՞ մասին է խոսքը, այդ պրոցեսը նոր չէ, որ սկսվել է, այն վաղուց է սկսվել»։

Այդ դեպքում ինչո՞ւ դատավորները ոտքի չեն կանգնում, ինչո՞ւ չեն փորձում միավորվել, դիմադրել` թեկուզ հենց հարցազրույցներ տալով ու իրավիճակի մասին բարձրաձայնելով, անգամ նախկին դատավորներն են հրաժարվում այս թեմային անդրադառնալ։ «Դատավորն իր կարգավիճակով, թեկուզ նախկին դատավորը, կաշկանդված է որեւէ գնահատական տալ, ինձ թվում է, որ հանրության գիտակից մասը, ոչ թե ժեխը, ճիշտ գնահատում է իրավիճակը եւ ճիշտ եզրակացություններ է տալիս»։

Իսկ հնարավո՞ր է, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ իր լավ ու վատ դատավորներով, այնուամենայնիվ, կայացած դատական համակարգն ամբողջովին քանդվի, եւ մի քանի տարի հետ շպրտվի դատական իշխանությունը։ «Նո՞ր պիտի հետ շպրտեն։ Գիտեք ինչ՝ եթե ավանգարդում հիմա լինեն այնպիսի դատավորներ, որոնք հիմա կան, այսինքն՝ քաղաքական իշխանության սրտի դատավորները, ապա Դուք Ձեր հարցին արդեն պատասխան տվեցիք»,- պատասխանեց Ազարյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։