Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մայր Սոնա Արոնովնան ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է որդու հասցեին քննադատություններին:
«Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լևոն Արոնյանի դեմ համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու:
Եթե Լևոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված:
Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը:
Ի դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից:
Իսկ այ Լևոնի նվիրաբերած գումարների և բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց:
Նշեմ միայն, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է Հիմնադրամին:
Լևոնը, ի նպաստ Հայաստանի և Արցախի, բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում. նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել Համահայկական հիմնադրամին:
Նշում եմ ընդամենը մեկ երկիր, վերլուծությունը թողնում եմ ձեզ. միայն Բուլղարիայից ազգությամբ ոչ հայ ընկերների կողմից փոխանցվել է ավելի քան 30 000 եվրո:
Լսե՞լ էիք, իհարկե ո՛չ, քանի որ նպատակը երբեք գովազդը չի եղել: Նշեմ նաև, որ Լևոնի և Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել և գործում էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ:
Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան:
Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին և այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լևոն Արոնյանի բնակարանը:
Այս պահին Լևոնը գտնվում է Հայաստանում և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում:
Պատվերը ակնհայտ է: Ի հավելումն այս ամենի նշեմ, որ Լևոնը հազարապատիկ ավել վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում:
Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել:
Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին՝ փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի: Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր:
Համաշխարհային հանրությունը այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե ֆեդերացիայի նախագահին, բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք:
Ի դեպ, օլիմպիական չեմպիոնները «նախկին» չեն լինում: Իսկ թե ով է իրականում Արոնյանը, ինչ է արել մեր երկրի համար, բնակչության «ամենագետ» սկլեռոտիկ հատվածի համար հիշեցնում եմ հայ ազգի փառավոր էջերից մի քանիսը.
Այսքանից հետո, բարոյականություն քարոզողներ, հասկանու՞մ եք ՈՎ ՈՒՄ է համարձակվում քննադատել: Ձեր տեսակով դուք վտանգ եք մեր հայրենիքի համար: Հիշեք «Կտոր մը երկինք» ֆիլմից հայտնի դարձվածքը «Չար լեզու ունենալն է անառակություն»»,- գրել է Սոնա Արոնովնան: