Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում փետրվարի 21-24-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստան են այցելելու Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին, ինչպես նաև հունգարացի խորհրդարանական, Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը։ Պատվիրակությանը Հայաստանում ուղեկցելու են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ նույնաբովանդակ այցելությամբ Եվրախորհրդարանի մեկ այլ պատվիրակություն Հայաստան էր այցելել 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը, որի անդամները կարևոր դերակատարում ունեցան անցած ամիսների ընթացքում Եվրոպական Խորհրդարանում՝ Հայաստանին վերաբերող քննարկումների և փաստաթղթերի ընդունման գործում։ Մասնավորապես՝ հիշատակման է արժանի Եվրոպական Միության ընդհանուր պաշտպանական և արտաքին քաղաքականության զեկույցը, «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձևը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը, որոնցում Եվրոպական Խորհրդարանի՝ Հայաստանին ու Արցախին վերաբերող քաղաքական դիրքորոշումները գրեթե լիովին համահունչ են ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատկերացումներին։
Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների առաջիկա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։ Առանձին հանդիպում է նախատեսված նաև ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների հետ։
Փետրվարի 22-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
20.02.2023 թ.