Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ 6-րդ գումարման խորհրդարանն էականորեն տարբերվելու է նախորդից, ըստ նրա` ամենասարսափելին այն է, որ կրթական ցենզով ավելի բարձր, փորձառու, քաղաքականության մեջ թրծված մարդիկ դուրս մնացին խորհրդարանից:
Խոսելով ապրիլի 2-ին կայացած ընտրությունների և առաջադրված թեկնածուների ստացած ձայների մասին՝ Հարությունյանն ասաց, որ գնահատականներ տալուց զերծ կմնա և կուզենա, որ գնահատեն այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին:
«Սա արդեն բոլորովին այլ որակի խորհրդարան է լինելու, բայց կարծես թե ռեյտինգային ընտրակարգով ընտրվածներն ավելի շատ ձայներ են բերել կուսակցությանը, սա մի տեսակ բարոյական անջրպետ պետք է առաջացնի ռեյտինգայինների և ոչ ռեյտինգայինների միջև: Մեկը` 27-28, մեկը`40, մյուսը 50 հազար ձայն է բերել, բայց նաև ցուցակից են մարդիկ ձայներ բերել. սա որոշակի խնդիրներ կառաջացնի: Թե ինչպես կլինի այդ միասնությունը, ես դեռ չեմ կարող ասել: Առաջ այդպես չի եղել, հիմա բոլորովին այլ մոդել է»,- ասաց նա՝ հավելելով. «Չեմ կարող ասել՝ ինչու է այդպես ստացվում, բայց, ցավոք, այնպես է, որ երկար տարիներ խորհրդարանում եղած պատգամավորը, ով ավելի գիտելիքներ ունի, ժողովրդի կողմից ավելի ճանաչված ու ընդունված է, ավելի քիչ ձայն է հավաքել և չի հայտնվել խորհրդարանում, քան ռեյտինգային ընտրակարգով ընտրվածները: Փաստը մնում է փաստ, որ, ի վերջո, երկու տարբերակով ընտրվածներն էլ հանրապետական են: Ընդհանուր ընտրությունների արդյունքում Հանրապետականը փայլուն հաղթանակ տարավ»:
Հարությունյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանի անդամների աշխատանքի որակը կերևա ոչ թե նրանց բերած ձայներից, այլ կոնկրետ օրենսդիր աշխատանքներից:
Հարցին` արդարացվա՞ծ է համարում, արդյոք, որ այն պատգամավորները, ովքեր տարիներ շարունակ լռել են, որևէ ելույթ չեն ունեցել, որևէ օրենսդրական գործունեության չեն մասնակցել, այս անգամ էլ լինելու են 6-րդ գումարման խորհրդարանում, նա պատասխանեց, որ պարտադիր չէ պարբերաբար խոսել ամբիոնից, երևալ, որպեսզի տեսանելի լինի՝ ինչ օրենսդրական գործունեություն են ծավալում պատգամավորները: «Ես մարդ գիտեմ, որ շատ ելույթ է ունեցել, բայց առաջիկա խորհրդարանում չկա, ուրեմն ստացվում է՝ գերագնահատել է իր ուժերը, պետք էր չափի մեջ ելույթ ունենալ»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ որևէ մեկին արդարացնելու կամ պաշտպանելու խնդիր չունի: «Մանավանդ, որ ես այն պատգամավորների շարքն եմ դասվում, ովքեր իրենց չեն արդարացրել ԱԺ-ում: Եթե արդարացնեի, կլինեի պատգամավոր»,- նեղսրտեց ՀՀԿ-ականը և, շարունակելով խոսքը, ասաց. «Էդ մարդիկ ուզում են` խոսեն, ուզում են` չխոսեն, ուզում են` երգեն, ուզում են` պարեն, հիմա էդ մարդիկ ձայներ են հավաքել և մտել են խորհրդարան»:
Խոսելով իր անցած քաղաքական ուղու մասին՝ Հարությունյանը շեշտեց, որ կյանքի մեծ մասը քաղաքականությամբ է զբաղվել և, անկախ նրանից՝ կլինի պատգամավոր, թե` ոչ, կմնա քաղաքականության մեջ, քանի դեռ նրան տեսնում են այդ բնագավառում նաև լրագրողները:
«Եթե ես հետաքրքրում եմ ձեզ, ինձ հետ հարցազրույց եք անցկացնում, նշանակում է՝ ես դեռ քաղաքականության մեջ եմ: Ազնվորեն կխոստովանեմ մի բան` ես ավելի շատ քաղաքական գործիչ եմ, քան օրենսդրական աշխատանքի մասնագետ, հետևաբար` ստացվում է՝ իմ կյանքի բնույթը չի փոխվում: Բացի այդ` ինձ այնքան էլ հետաքրքիր չէ` ես կլինե՞մ խորհրդարանում, թե՞ չեմ լինի»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ երբեք չի հասկացել այն մարդկանց, ովքեր «կառչած են պատգամավորի պաշտոնից»:
«Չգիտեմ՝ ինչու են պատգամավորի պաշտոնը բարձրացրել, հասցրել չգիտեմ` որտեղ: Հիմա ժողովրդի մի ստվար զանգված լրիվ խփնված են էդ պատգամավորի ստատուսի վրա: Ես 18 տարի պատգամավոր եմ եղել և երբևէ չեմ մտածել, որ իմ կյանքի նպատակը պատգամավոր լինելն է»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով` ցավում է, որ 6-րդ գումարման խորհրդարանից դուրս մնացին կրթված մարդիկ: «Ամենասարսափելին այն է, որ որակական առումով, կրթական ցենզով, փորձով, քաղաքականության մեջ թրծված մարդիկ դուրս մնացին այս խորհրդարանից: Ես դրա համար ափսոսում եմ, որովհետև շատ մարդիկ կան, որ արժանիորեն պետք է լինեին Ազգային ժողովում: Ես ասում եմ, որ ոչ թե սերնդափոխություն է տեղի ունեցել, այլ տեսակի փոփոխություն է եղել»,- ասաց նա, ապա հավելեց, որ, լինելով ՀՀԿ-ի ավագների խորհրդի անդամ, պատրաստ է աշխատել երիտասարդ սերնդի հետ և նրանց փոխանցել իր ունեցած փորձն ու գիտելիքները: