Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը հերթական էքսցենտրիկ կադրային նորարարությունն է կատարել՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում խեղկատակ նշանակմամբ։ Նախկինում որպես ակտիվիստ հանդես եկած երիտասարդը հասցրել է աչքի ընկնել ոչ ավանդական արտաքինով, Արցախի վերաբերյալ հեգնական, իսկ հետո՝ ողբերգական իրականություն դարձած հայտարարություններով և հակառուսականությամբ։ Այս հատկանիշների շարքում ամենաանշառն արտաքինն է՝ մարդ է, ինքն է որոշում՝ ինչ սանրվածքով կամ ինչպիսի գուլպաներով ներկայանալ հանրությանը։ Ավելի վտանգավոր են երիտասարդի մյուս «հակումները», որոնք այլևս դառնալու են Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշներ։
Այդուհանդերձ, կարևոր է հասկանալ, թե ի՞նչ նպատակներ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը այս կամ այն աղմկահարույց նշանակմամբ։ Նա կարող էր արտգործնախարարի տեղակալի պաշտոնում նշանակել պակաս սկանդալային, անդեմ մեկին, որը, ինչպես և այս նորանշանակը, հնազանդ կատարելու էր իր հրահանգները։ Հետևաբար՝ ինչո՞ւ է նշանակվել հատկապես այս մեկը։ Հնարավոր է, պատճառը նշանակվողի հակառուսական անցյալն է, որը ներկա բերելով՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ուղերձներ է հղում Ռուսաստանին, չնայած Պուտինին հայհոյած Արարատ Միրզոյանին արտգործնախարարի պաշտոնում տեսնելուց հետո ռուսներին այլևս դժվար է զարմացնել։
Բայց այս նշանակմամբ Նիկոլ Փաշինյանը լուծում է ևս մեկ խորքային, իր բնույթով հակապետական խնդիր՝ նա կազմալուծում է առանց այդ էլ դեգրադացվող արտաքին քաղաքականությունը կադրային իմաստով։
Փոխարտգործնախարարն ի պաշտոնե ղեկավարելու է դիվանագիտական համակարգը, այդ թվում՝ ԱԳՆ-ում և տարբեր երկրներում դեռևս պաշտոնավարող հին, կադրային, պրոֆեսիոնալ դիվանագետներին, որոնց պատեհապաշտությունը բավարարել է համակարգում մնալու համար։
Հիմա՝ ԱԳՆ փոխնախարարի այսպիսի նշանակմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բազմափորձ դիվանագետներին կանգնեցնում է երկընտրանքի առաջ՝ կա՛մ վերջապես արժանապատվություն ցուցաբերել և հրաժարական ներկայացնել (նման մեկի ենթակա լինելը, մեղմ ասած, չի կարող պատիվ բերել իրեն հարգող որևէ դիվանագետի), կա՛մ ընդունել սույն երիտասարդի գերակայությունը և փոխաբերական իմաստով կատարել այն, ինչ գրված է նրա հայտնի այս լուսանկարի գուլպաներին։ Երկու դեպքում էլ Հայաստանը զրկվելու է դեռևս համակարգում մնացած պրոֆեսիոնալ դիվանագետներից, որովհետև նրանք՝ կա՛մ արժանապատվություն ցուցաբերելով՝ հեռանալու են, ինչը վատ է, կա՛մ՝ ընդունելով նվաստացման հերթական չափաբաժինը, շարունակելու են աշխատել, ինչը, թերևս, ավելի վատ է, քանի որ պրոֆեսիոնալը՝-պրոֆեսիոնալ, բայց արժանապատվություն չունեցող դիվանագետը վտանգավոր է պետության համար։
Այսպիսով, ընդամենը մեկ ճղճիմ նշանակմամբ Նիկոլ Փաշինյանը մեծագույն հարված է հասցրել առանց այն էլ կազմաքանդված հայկական դիվանագիտությանը։ Թե ի՞նչ նպատակով և ո՞ւմ պատվերով, թող պարզեն դեռևս համակարգում մնացած դիվանագետները։
Ավելի լայն համատեքստում, Նիկոլ Փաշինյանը նման խայտառակ նշանակումներով շարունակում է իջեցնել Հայաստանի Հանրապետության՝ որպես պետական կազմավորման, նշաձողը․ յուրաքանչյուր հաջորդ նշանակում իր խայտառակությամբ լռեցնում է նախորդի առաջացրած աղմուկը։ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե ինքը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ապա ցանկացած մեկը Հայաստանում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն։
Հոգեբանության մեջ կա «վազքուղու էֆեկտ» հասկացությունը, որով բնութագրվում է նոր իր գնելուց հետո մարդկանց մոտ առաջացող էյֆորիան․ այն կարճ ժամանակ անց վերանում է, նոր իրը դառնում է սովորական, և մարդիկ ցանկանում են ձեռք բերել նոր՝ ավելի թանկարժեք մի բան։
Հայաստանում կադրային նշանակումները կատարվում են ահա այդ «վազքուղու էֆեկտի» հակառակ տրամաբանությամբ՝ ամեն մի սկանդալային նշանակում խայտառակում է պետական կառավարման համակարգը, իշխանության էյֆորիան անցնում է, ինչին հետևում է հաջորդ խայտառակությունը։
Հայաստանը սլանում է վազքուղով։ Դեպի անդունդ տանող վազքուղով։