կարևոր
3133 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-05 12:48
Քաղաքական

Ընդդիմության վարքագծում ու վերաբերմունքում ոչինչ չի փոխվել. Նիկոլ Փաշինյանի հետ մեկ օրակարգ ունենք՝ «Առանց Նիկոլ Հայաստանն է». Լիլիթ Գալստյան

Ընդդիմության վարքագծում ու վերաբերմունքում ոչինչ չի փոխվել. Նիկոլ Փաշինյանի հետ մեկ օրակարգ ունենք՝ «Առանց Նիկոլ Հայաստանն է». Լիլիթ Գալստյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ ընդդիմությունը սկսել է լսել իրեն և Ազգային ժողովում վերջին քննարկումներն ընդդիմության հետ կարևոր է որակում։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե ընդդիմության վերաբերմունքում ոչինչ չի փոխվել։

«Ես վստահ եմ, որ ընդդիմության մոտ ոչինչ չի փոխվել: Չի փոխվել նաև մեր նպատակն ու պահանջը՝ Հայաստանն ազատել Նիկոլ Փաշինյանից, որը սրակոխ Հայաստանը տանում է կործանման: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ մեկ օրակարգ ունենք քննարկման և դա «Առանց Նիկոլ Հայաստանն է»: Ինչ վերաբերում է քննարկմանը՝ մենք նման բան չենք կազմակերպել, երևի նկատի ունի խորհրդարանական հարցուպատասխանի ձևաչափը ու սեփական զսպվածությունը: Եթե այս անգամ մի քիչ խաղաղ տոնով էր խոսում, դա չի նշանակում, որ մեր վարքագծում է ինչ-որ բան փոխվել: Միգուցե, հասկացել է, որ ցանկացած հարցուպատասխան իր բարոյահոգեբանական նկարագիրն է բացահայտել և իր քաղաքական բովանդակությունը», - նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն «իր խայտառակ հայտարարություններով» մեկ անգամ ևս մերկացրեց իր ապազգայնությունը, Հայաստանը կործանման տանելու մտադրությունները։

«Եթե նրան թվում է, թե ազգադավ, հակապետական, ազգային շահերը դավաճանող իր հայտարարությունները քննարկման նյութ են, խորապես սխալվում է: Դա քննարկում ասելը, մեղմ ասած, մեղք է», - ասաց Գալստյանը։

Հարցին, թե «Հայաստան» խմբակցությունը հիմնականում բոյկոտում և չէր մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին, ինչո՞ւ որոշեց այս անգամ մասնակցել՝ Գալստյանը պատասխանեց. «Մենք կառավարության կատարողականի ժամանակ էլ արդեն հարցեր ունեինք գործադիրի անդամներին: Դրանք պարզապես մարտավարական խնդիրներ են, բայց, ինչպես արդեն ասացի, մեր քաղաքական վարքագիծը, քաղաքական օրակարգը, վերաբերմունքը որևէ փոփոխության չի ենթարկվել: Այդ հարցերը նաև նպաստում են մեկ անգամ ևս մերկացնելու և բացահայտելու դրանց սնանկ բովանդակությունը»։ 

Գալստյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը իրենց շարունակ լեգիտիմացնելու խնդիր ունեն և դրա օրինակներից է սա. «Պարզ է, որ ամեն բան կփորձեն շահարկել, մանավանդ, այս վերջին հարցումների ֆոնին, երբ պարզվեց, թե ինչ սրախողխող  վստահության կորուստ ունեն: Փորձում են ցույց տալ, թե իրենք քաղաքակիրթ, ժողովրդավար են»: