Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Մենք տեսնում ենք բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվի աճ, սա ընդհանուր անկազմակերպվածության դրսևորում է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
– Ձեզ բավարարո՞ւմ է քննության ընթացքը, այսօր հաղորդվեց, որ զորամասի թիկունքի պետն է ձերբակալվել:
– Իհարկե, չի բավարարում, հենց առաջին օրվանից չի բավարարում, որ Փաշինյանը կառավարության նիստում, աղետից ընդամենը մի քանի ժամ հետ արդեն վարկած է առաջ քաշում, արդեն մեղավորներ է նշանակում, կոնկրետ մեղավոր է նշանակում, չի բավարարում, որ առանց պատշաճ քննության ամբողջ երկրորդ բանակային կորպուսի ղեկավարությունն է գլխատվում, իսկ ամենակարևորը՝ չի բավարարում այն վիճակը, որը մենք ունենք բանակում, և այն վիճակը, որը մենք ունենք պետությունում: Վերջիվերջո՝ բարդակ, անկազմակերպ պետության մեջ չի կարող լինել կազմակերպված բանակ, դրա հետևանքները բազմաթիվ դրսևորումներ ունեն: Մենք տեսնում ենք բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվի աճ, ոչ կանոնադրական հարաբերությունների աճ, դժբախտ պատահարները ոչ բանակում՝ Սուրմալուն, հրդեհները, սրանք ընդհանուր անկազմակերպվածության, ընդհանուր բարդակի դրսևորումներ են:
– Ձեր ժամանակ չէ՞ր լինում:
– Երբ մենք իշխանության մաս ենք եղել, կարելի է դնել և նայել վիճակագրությունը, համենայնդեպս 15 զինվոր, որոնք այրվեին իրենց կացարանում, խաղաղ պայմաններում երբեք չի եղել: Իհարկե, դեպքերը, ցավոք սրտի, եղել են և ամբողջ աշխարհում կան, բայց դուք նայեք դինամիկան: Երկրորդը՝ այդ ակնարկով ընդունեցիք, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը ձախողվել է, որովհետև եթե այդ դեպքերը կային մինչև իր գալը և կային իր գալուց հետո և իր ժամանակ, այդ դեպքում ինչո՞ւ ինքը հեղափոխություն արեց:
– Պարոն Խաչատրյան, Դուք ասացիք՝ ուղղորդում է քննությանը, մեղավորներ է նշանակում, այսօր կառավարության նիստում վարչապետը հակադարձեց դրան, որ թող ստուգվեն բոլոր վարկածները, եթե իր ասածին կհակասի, բացարձակ խնդիր չի տեսնում այդտեղ:
– Հասկանում եք, չէ՞, կոնինգտուրան կառավարման համակարգի, եթե վարչապետն ասել է՝ կապիտանը բենզին էր լցնում, որպեսզի կրակը թեժացներ, դա սակրավոների մասին է խոսքը, այսինքն՝ սակրավոր կապիտանը այրվող կրակի վրա բենզին է լցնում, որ կրակը թեժացնի՞, ինչևէ, եթե Փաշինյանը արդեն ասել է՝ սա է հիմնական վարկածը, ապա այդ ամբողջ համակարգի համար շատ-շատ ջանք կպահանջվի, որպեսզի այլընտրանքային վարկած առաջ քաշեն:
– Ստուգում են բոլոր առաջ քաշած վարկածները, այսօր դատախազն ասաց:
– Դե հասկանալի է, դրա համար մինչև ստուգելը ինքը պետք է բերանը փակի և ասի՝ գնում է քննություն, ի՞նչն է ստիպում, որ ինքը վեր կենա ասի՝ կապիտանը բենզին էր լցնում բաց կրակի վրա, ձեռքը կպավ, ինքը շպրտեց, հետո դրանից հետո ասում են՝ զինվորները պառկած են եղել իրենց մահճակալների վրա, այսինքն՝ խեղդամահ են եղել և ոչ թե այրվել են: Տարբեր վարկածներ կան: Իմ համար էլ բազմաթիվ հարցեր կան, որոնք թե՛ ներքին խնդիրներն են, այսինքն, ներքին անկազմակերպվածության հետևանքն է, թե՛ թշնամու գործողության վարկած կարող է լինի, որ էլի անկազմակերպվածության հետևանք կարող է լինել, որ թշնամին այդքան խորը մտել է տարածք: Բայց քանի դեռ չկա նորմալ վարկած, չկան մեղադրյալներ, չի կարող կառավարության ղեկավարը ի լուր աշխարհի վեր կենալ և այդ կապիտանին դարձնի 15 մարդու զոհվելու մեղավոր, թեկուզ և ոչ դիտավորյալ:
– Դուք էլ եք կարծո՞ւմ, որ պաշտպանության նախարարը պետք է հեռանար:
– Ես կարծում եմ, որ քաղաքական պատասխանատվություն պետք է կրեն և ոչ միայն պաշտպանության նախարարը, «Սուրմալու»-ում տեղի ունեցավ հրդեհ, այդպես էլ չհասկացանք՝ հրդեհ է եղել, թե պայթյուն է տեղի ունեցել: Ես նույնիսկ չգիտեմ՝ ով պատասխանատվություն կրեց, բայց վստահ եմ, ոչ արտակարգ իրավիճակների նախարարը: Այո, նա էլ պետք է պատասխան տար, պաշտպանության նախարարն էլ պետք է պատասխան տար:
– Նախարարը քաղաքականության մշակողն է, թուղթը ցույց են տալիս, մշակված է եղել:
– Չէ, նախարարը քաղաքականության մշակող չի, նախարարը ղեկավար է, փաստաթուղթ կարող է մշակել ցանկացած դրսից եկածը:
– Պապաիկյանը անձամբ պետք է գնար զորամասերով ստուգե՞ր՝ բենզին են օգտագործում, թե՝ չէ:
– Վերադառնանք իմ առաջին ասածին, երբ բարդակ է, այդ բարդակն իջնում է ներքև բոլոր ստորաբաժանումներում:
– Այս դեպքի հետևանքով ակտիվացան դիրքերը չկահավորելու մասին խոսակցությունները, այս առիթով ասում են՝ դա դիրք չէ, առաջնագիծ չէ, եկեք գնանք Ջերմուկ, օրինակ, տեսեք ինչքան գործ է արվել:
– Նաև Ջերմուկում իրենք կահավորված դիրքեր են զիջել, եթե ես չեմ սխալվում: Ջերմուկում միգուցե ինչ-որ բան է արվել, բայց ակնհայտ է, որ այստեղ դա արված չի եղել: Այն դիֆերամբները, որ իրենք երգում են, որ բանակում երբեք այսքան լավ վիճակ չի եղել, այդ տնակը տեսանք՝ ինչ տնակ է, տեսանք ինչ վիճակ է:
Մանրամասները՝ տեսանյութում