կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-13 20:14
Հասարակություն

Բերքաբեր. փամփուշտներով «բացվող» լույսերով ու հաղթանակի հավատով ապրող շենը

Բերքաբեր. փամփուշտներով «բացվող» լույսերով ու հաղթանակի հավատով ապրող շենը

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի և՛ սեփական կարիքների համար ստացվող բերքը, և՛ ողջ գյուղը գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ՝ արդեն 30 տարի: Ոսկեպար և Ջողազ գետերի միախառնման տեղում 1980 թ. շահագործման հանձնված Ջողազի (այժմ՝ Բերքաբերի) ջրամբարի ափին գտնվող և 127 տուն ունեցող գյուղը հետխորհրդային շրջանում՝ Արցախյան առաջին պատերազմից հետո դարձավ սահմանամերձ՝ կորցնելով նաև շուրջ 850-1000 հա մակերեսով  բերրի (մշակովի) հողատարածքներ և ջրամբարի ափին գտնվող ավելի քան 500 հա արոտավայր:  

 

Բերքաբեր գյուղը և համանուն (Ջողազի) ջրամբարը:

«Նախ՝ դա մեր հողն է, գյուղի յուրաքանչյուր ընտանիք էնտեղ հեկտարներով հող ունի, այգի, խաղողի վազեր, դրանք ժամանակին բաժանվել են մեզ, հիմա այդ բոլորը մնում է թուրքին, մենք չենք կարող դրանք մշակել: Եթե հիմա մի ընտանիքին հասել է 1000-2000 մետր, էն ժամանակ կհասներ 2-4 հա, պարզ է՝ դրանց եկամուտները լրիվ տարբեր են»,- խոսելով գյուղի խնդիրների մասին՝ նշում է բերքաբերցի Միշա Զարգարյանը, ում գյուղամիջում հավաքված տարեցները մեր այցի ժամանակ «ընտրեցին» որպես խոսնակ:

 Բերքաբերցի Միշա Զարգարյանը:

Նշյալ հողատարածքները, ինչպես փաշինյանական իշխանություններն են սիրում կրկնել, Սովետական Հայաստանի սահմաններում են գտնվել և այսօր էլ պաշտոնապես (նաև GPS ամերիկյան նավիգացիոն համակարգով) համարվում են ՀՀ տարածքի մաս: Դրանք գտնվում են ջրամբարի դիմացի ափին: Ներկա փուլում, երբ ՀՀ իշխանությունները սահմանազատում-սահմանագծում են իրականացնում միանձնյա քմահաճույքներով՝ հիմնվելով GPS ամերիկյան նավիգացիոն համակարգի տվյալների վրա, արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի բերքաբերցին ևս հետ ստանա կորցրած 850-1000 հա հողատարածքները, արոտավայրերը:

 

Ջրամբարի պատնեշը, հեռվում՝ Բերքաբերի՝ ադրբեջանական վերահոսկողության տակ գտնվող բերրի դաշտերը:

«Ցանկացած հայ կուզենա, որ իր հողերը հետ վերադարձնի, ես 70-անց մարդ եմ և ծնված օրից գիտեմ՝ դրանք մեր հողերն են եղել: Սովետական տարիներին, հիշում եմ, արցախցի մասնագետ էր, եկել էր մեր և ադրբեջանաբնակ Մազամ գյուղի միջև սահմանազատումը ստուգել, տեսել էր, որ մազամցիք սահմանը առաջ էին տվել»,- պատմում է Միշա Զարգարյանը՝ հավելելով, որ 1000 հա հողը քիչ հող չի գյուղի համար: Գյուղը ներկայումս  արոտավայր չունի, գյուղում անասուններ չեն պահում, և, եթե նախկինում կարող էին 200 անասուն պահել, հիմա 20-30-նն են պահում. տեղ չկա արածացնելու:

 

Ադրբեջանաբնակ Մազամ գյուղը՝ ջրամբարի դիմացի ափին, վերևում՝ Ղուշչի Արյումը:

Ի դեպ, հենց Բերքաբերի՝ Ադրբեջանին անցած բերրի դաշտերի միջով է անցնում ջրամբարի դիմացի ափին գտնվող Մազամ և դրանից քիչ վերև գտնվող Ղուշչի Այրում գյուղերի ճանապարհը (այսինքն՝  խորհրդային տարիներին այդ գյուղեր տանող ճանապարհն անցել է Բերքաբերի դաշտերով): Գյուղացիների խոսքով՝ դա էլ հենց պատճառներից մեկն է եղել, որ Ադրբեջանն ամեն կերպ զավթի Բերքաբերի դաշտերն ու ապահովի նշված գյուղերի կապը շրջկենտրոնների հետ:

  

Բերքաբերի ջրամբարը, դիմացը՝ Մազամ ադրբեջանաբնակ գյուղը և Բերքաբերի դաշտերով անցնող ճանապարհի մի հատվածը:

 

Մազամ մտնող ճանապարհի երկայնքով ադրբեջանցիները կառուցել են պատնեշ՝ սեփական սադրանքներին ի պատասխան հայկական կողմի գնդակոծություններից պաշտպանվելու համար:

Մեկ այլ բերքաբերցու՝ ազատամարտիկ Ռոբերտ Խուդավերդյանի խոսքերով՝ խորհրդային տարիներին 5-6 հիմնարկություն է գործել Բերքաբերում, գյուղի խոշոր պոմպակայանը մի քանի շրջանի ջուր է մատակարարել:

«Ամենափոքր գյուղերից մեկը հանդիսացող Բերքաբերը 87 հոգի կամավոր է տվել 1990-ական թվականների պատերազմին: Գյուղացիները փող են հավաքել, զենք գնել և պաշտպանել գյուղը»,- պատմում է նա՝ հավելելով գյուղի ներկայիս դժվարությունները. գազաֆիկացման և ամենօրյա խմելու ջրի բացակայություն, ոռոգման ջրի սակավություն (խորհրդային տարիներին կառուցված ոռոգման հին համակարգը ջրի մեծ կորուստների պատճառ է հանդիսանում), ձմռանը՝ վառելիքի դժվարություններ, աշխատատեղերի բացակայություն և այլն: Որպես սահմանամերձ գյուղ՝ գործում են նաև որոշակի արտոնություններ հոսանքի գնի զեղչեր, հարկային արտոնություններ և այլն:

  

Գյուղի մի քանի թաղամասերում տեղակայված աղբյուրներից մեկը, որոնցից բերքաբերցիները տանում են խմելու ջուր:

Բերքաբերցի Սուրեն Խուդավերդյանի տունը գտնվում է գյուղի կենտրոնում և հենց այդ պատճառով էլ այն մշտապես ենթարկվել է ամենադաժան ռմբակոծությունների ու ավերածությունների:

Տան բակը, անասնագոմը, պատշգամբը, անգամ սենյակներն ու պահարանները աղաղակում են ադրբեջանական «ջերմ հարևանության» առկայության կամ «ապագայի հուսալի բարեկամության խորը հիմքերի» մասին: Տան առանձին հատվածներում առկա ադրբեջանական հետքերը հիշեցնում են սարսափ ֆիլմերի առանձին դրվագներ: Օրինակ, խոշոր տրամաչափի գնդացրի փամփուշտը, մտնելով հյուրասենյակի պատուհանից, հասել է ննջասենյակ, վնասելով զգեստապահարանը՝ մտել մահճակալին հարող պատի մեջ:    

 

Ամուսինները դրանից հետո որոշել են քնել այլ սենյակում, սակայն դա ևս չի օգնել. ադրբեջանական զինված ուժերի ռմբակոծություններից ճաքճքել են պատերը, իսկ առաստաղը կախվել ուղիղ գլխավերևում:

 

«Ամեն անգամ տանիք բարձրանալիս՝ դույլերով փամփուշտ եմ հավաքել, տան, խորդանոցի, գոմի տանիքների ողջ թիթեղյա ծածկույթը ցանց է դարձել, անգամ վերանորոգելն իմաստ չի ունեցել, քանի որ օրեր, անգամ՝ ժամեր անց հին տեսքն է ստացել ամեն ինչ»,- պատմում է Ս. Խուդավերդյանը: Ռմբակոծությունների արդյունքում՝ նրա գոմը ևս պարբերաբար վնասվել է, ինչի արդյունքում՝ ստիպված դադարել է անասնապահությամբ զբաղվել. վաճառել է նաև կովերը: Հրետակոծոթյուններն այն աստիճան սաստիկ են եղել, որ ջարդել են նաև գոմը պաշտպանող ընկուզենու հաստ ճյուղերը:

 

2016 թ. սկսած՝ Բերքաբերի վրա տեղացող գնդակոծությունները և կրակոցները գրեթե դադարել են: Չնայած դրան՝ գյուղացիներն ամեն վայրկյան սպասում են դրանց վերսկսվելուն. թուրքը երբեք չի փոխվելու: Վերջին տարիներին Սուրեն Խուդավերդյանի ընտանիքն զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ, բակում հիմնել է նաև փոքրիկ «ճագարաբուծարան» և «ելակի տնտեսություն»: Ջերմոցն անվճար կառուցել և Սուրեն Խուդավերդյանի ընտանիքին է նվիրաբերել 2011 թ. Հայրենիք տեղափոխված լիբանանահայ նվիրյալ հայորդի Ջորջ Տաբակյանի հիմնադրած «Սահման» ՀԿ-ն: Ի դեպ, Ս. Խուդավերդյանի ընտանիքը միակը չէ Բերքաբերում, որն օգտվել է Ջ. Տաբակյանի ծրագրից:

 

Ջերմոցը միանգամից փոխել է Սուրեն Խուդավերդյանի ընտանիքի կյանքը. ստացվող բերքից պատրաստված ուտեստները միանգամից զարդարեցին մեր սեղանը: Ի դեպ, Խուդավերդյանների տան սեղանին դրված ամեն ինչը (մրգերը, չրեղենը, թթվեղենը, պահածոները, ընկուզեղենը և այլն) Բերքաբերի բարիքներից էր, և չկար որևէ «ներմուծված» մթերք:

 

Բավականին ընդարձակ ջերմոցը, բնականաբար, Խուդավերդյաններին հնարավորություն է ընձեռում, որպեսզի նրանք բանջարեղենի մի շարք տեսակներ վերավաճառողների միջոցով կամ այլկերպ արտահանեն շուկաներ կամ ռեստորաններ:

 

Բերքաբերում անգամ ձուկն էր «տեղական»՝ Ջողազի ջրամբարից, այն է՝ ադրբեջանցիների աչքի առջև բռնած:

Ճակատագրի հեգնանքով՝ բերքաբերցու տանիքից լույսը ներթափանցում է ադրբեջանցու գնդակների բացած անցքերից… Եվ չնայած դժվարին տարիներին, անորոշ ներկային ու մշուշոտ ապագային՝ Բերքաբերում ապրող հայի տանն առատ սեղանը մշտապես սինթեզված է լավատեսության հույսերով, իսկ կենացները խմվում են ապագա հաղթանակների համար:  

Վահե Սարգսյան