կարևոր
3535 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 13:43
Քաղաքական

Արցախը շրջափակելով՝ Ադրբեջանը նաեւ Իրանին է ցանկանում բան հասկացնել. ազատամարտիկ

Արցախը շրջափակելով՝ Ադրբեջանը նաեւ Իրանին է ցանկանում բան հասկացնել. ազատամարտիկ

Միջազգային հանրության հետ պետք է ավելի հասցեական աշխատել՝ տեղ հասցնելու համար այն կենսական նշանակության հիմնախնդիրները, որ այս օրերին առաջանում են Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում: «Ազգ»ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը՝  նշելով, որ դրսի կառույցների հետ շփումների ժամանակ գուցե համապատասխան բառապաշար կամ խոսույթ չենք օգտագործում՝ նկարագրելու համար, թե ինչ է կատարվում Արցախում: Իսկ Արցախում կատարվողը, նրա համոզմամբ, կարելի է թե՛ ահաբեկչություն, թե՛ որպես ռազմական գործողություն որակել:

«Շրջափակման մեջ պահելով 120 հազար հայի՝ Ադրբեջանը, փաստացի, Արցախի Հանրապետությունը ցանկանում է համակենտրոնացման ճամբարի վերածել. մարդիկ չեն կարողանում տեղաշարժվել, առաջին անհրաժեշտության մի շարք իրեր չեն կարողանում ձեռք բերել: Թեկուզ միայն «ահաբեկչություն» բառի կիրառումը, կարծում եմ, դրական ազդեցություն կունենա: Պարզ է, չէ՞, որ հարցը բնապահպանական չէ, որովհետեւ իրենց պնապահպան համարող ակտիվիստներն օրումեջ փոխվում են: Իսկ տարաբնույթ հետաքննությունները ցույց են տալիս՝ նրանցից ամեն երկրորդն ինչ-որ կապ ունի Ադրբեջանի ուժային կառույցների հետ: Խոսում են Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման անհնարինությունից, իսկ օդանավակայանի հարցը, բոլորն էլ հասկանում են, բնապահպանության հետ կապ չունի: Կարծում եմ՝ Արցախի շրջափակումն ու Լաչինի միջանցքի փակումը տարածաշրջանային համալիր խնդիրների մի մասն է սոսկ»,- ասում է Եղիազարյանը:

44-օրյա պատերազմից հետո, մանրամասնում է ազատամարտիկը, Արաքսի մերձակա հատվածներն ամբողջությամբ Ադրբեջանին անցան, որտեղ 2 տարվա ընթացքում պաշտոնական Բաքուն միջազգային չափորոշիչներին համապատասխանող 4 օդանավակայան է հիմնում: Եվ դա այն դեպքում, շարունակում է, երբ Ադրբեջանը մինչեւ 44-օրյա պատերազմը, իր տարածքում ընդամենը 5 օդանավակայան ուներ: «Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչն է պատճառը, որ բնակչություն չունեցող տարածքներում Բաքուն նման մասշտաբների ներդրումներ է կատարում ու նման օդանավակայաններ ստեղծում: Ակնհայտ է, որ դրանք Իրանի հյուսիսում ընդդեմ այդ պետության կառուցվող պլացդարմի մասն են լինելու, որտեղ Իրանի դեմ գործողություններ իրականացնել ցանկացող ուժերը կարող են իջեցնել իրենց օդանավերը: Եվ Արցախի հարցն այդ ավելի մեծ խնդրի համատեքստում պարզապես խոչընդոտ ու ոսկոր է, որ այժմ փորձում են իրենցով անել»,- մեկնաբանում է նա:

Դիտարկմանը՝ ստացվում է, որ Արցախը շրջափակելով՝ Ադրբեջանը նաեւ Իրանի՞ն է ինչ-որ բան ուզում հասկացնել, մեր զրուցակիցը դրական է արձագանքում՝ մանրամասնելով, որ Իրանի հյուսիսը հայերից ազատելով՝ Բաքուն ցանկանում է ուժեղացնել այդ պլացդարմի թիկունքը: Նրա փոխանցմամբ՝ պետք է հաշվի առնել նաեւ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հանգանքը, ինչպես նաեւ այն փաստը, որ այս պահին Ռուսաստանն Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների մեջ է գտնվում, ու այստեղ երկրորդ ճակատ բացելը Մոսկվայի շահերից չի բխում: