կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-28 19:32
Հասարակություն

Ժողովրդին պետք է հասկացնել, որ այսօրվա խաղաղությունը դանդաղ մահ է` անդամահատումներով. Տարոն Տոնոյան

Ես այսօր տեսնում եմ ծանր հուսալքություն, Արցախում ապրող մարդկանց մոտ խիստ անորոշություն, և տրամադրության կտրուկ անկում ամբողջ ազգի մոտ, բայց ես ականատես եմ եղել ավելի ծանր վիճակների, և մենք այդ վիճակից դուրս ենք եկել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը։

«1991թ-ին, երբ  366-րդ գունդը դուրս եկավ Արցախից, Արցախը առանց պատրաստ լինելու, առանց սահմանի, անկլավի կարգավիճակով մնաց 7 մլն-անոց Ադրբեջանի դեմ միայնակ, բայց մենք կարողացանք կազմակերպվել, ձևավորվեց էլիտա, և նրա կազմակերպմամբ կարողացանք ուղղաթիռով դեղորայք, ցորեն, վառելիք, զինամթերք տեղափոխել ու դա շնորհիվ այն կազմակերպիչների խմբի, որ հավատ ներշնչեց։ Մենք նույն ժողովուրդն ենք, հրամանատարությունն է տարբեր։ Հասարակությունը օրգանիզմի նման է, կարող է հիվանդանալ և պետք է առողջանա։ Հարցը այն է` արդյոք մեր կառավարությունը հասարակությանը ճիշտ առողջացման ճանապարհով է տանում: Վստահ եմ, որ ոչ»,- ասաց Տոնոյանը։

Տոնոյանը նշեց, որ հարատև խաղաղության գաղափարը խաբկանք է, որին ժողովուրդը հավատում է։ «Ժողովրդին պետք է հասկացնել, որ այսօրվա խաղաղությունը դանդաղ մահ է`անդամահատումներով։ Մենք նման ենք էֆթանազիայի մեջ գտնվող մարմնի, որ արթուն հետևում է՝ ինչպես են իրեն անդամահատում։ Որպեսզի հասկանանք` կարող են այս իշխանությունները մեզ դուրս բերել այս վիճակից, պետք է տեսնենք` ով է պետության առաջին դեմքը իր դիվանագիտական, տնտեսություն վարելու կարողություններով, ով է մեր արտգործնախարարը, մարդ, ով տարիներ առաջ ՌԴ դեսպանատան դիմաց ցույցեր էր անում, չի անցել դիվանագիտական ճանապարհ, ով է աշխարհ հզորագույն պետությունում`ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. մարդ, ով 3.5 տարի առաջ անգլերենի մասնավոր ուսուցում էր կատարում։ Նա, վստահ եմ, չգիտեի, թե Կարիբյան ճգնաժամը ինչ էր իրենից ներկայացնում, որտեղից պետք է իմանա այդ խեղճը։ Մեր ՊԵԿ նախագահը իրավաբան է, որ պետք է տնտեսության մեծագույն մասնագետ լիներ։ Եթե անգամ պատկերացնենք, որ նրանք մեծագույն հայրենասերներ են, միևնույն է, այս թիմը չի կարող է փրկել մեր պետությունը»,- նշեց Տոնոյանը։

Նա շեշտեց, որ ընտրություններից առաջ ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ էր գտել Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասի կետը, որը դուրս է մնացել Կառավարության ծրագրից. «Սեփական ժողովրդին խաբելուց ավելի մեծ դավաճանություն կա՞։ Մենք իրավունք չունենք կոտրվել։ Ալիևի և Էրդողանի շտապելու պատճառը մեր այս պահին ծնկի եկած վիճակն է»։

Անդրադառնալով պատերազմի ելքին՝ Տոնոյանը պնդեց, որ այն միանշանակ կարող էր այլ լինել։

«Ես սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը եղել եմ Արցախում, և այն անկազմակերպ վիճակը, քաոսը, որ տեսել եմ, դրա թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը մեր պետության ղեկավարն է։ Ինձ համար անհասկանալի մնաց՝ ինչ գործ ուներ Աննա Հակոբյանը բունկերում։ Իրենք երևի կարծում էին, որ հաղթանակի դափնիները իրենցն է լինելու, դրա համար թույլ չէին տալիս, որ մեր փորձառու գեներալները խառնվեն»,- ասաց նա և ընդգծեց, որ մեզ տանում են հաշտեցման ճանապարհով և որ դա ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ։