կարևոր
3985 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-09 16:28
Քաղաքական

Ալիեւն ու Փաշինյանն են շրջափակել Արցախը․ գեներալ-մայոր. MedaHub.am

Ալիեւն ու Փաշինյանն են շրջափակել Արցախը․ գեներալ-մայոր. MedaHub.am

2 տարի շարունակ ասում ենք՝ Հայաստանի իշխանությունները ձեռք են քաշել Արցախից, իսկ այս շրջափակումը կազմակերպել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը. MedaHub-ի հետ զրույցում ասում է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ սա միասնական գործողություն է՝ հետագայում Արցախն ամբողջությամբ հայաթափելու համար։

Պետրոսյանը դիվանագիտական ու անվտանգային տեսանկյունից վտանգավոր է համարում Ռուսաստանի Դաշնության դեմ այս օրերին իրականացվող ակցիաները, ասում է՝ ուղղորդվում են նույն կետից։

«Երեկ էլ «Սասնա ծռերը» Գյումրու ռուսական ռազմաբազայի դեմ էին իրականացնում ակցիա։ Բերձորի շրջափակումը եւ Ռուսաստանի դեմ կազմակերպվող այդ ակցիաները նույն կենտրոնից է իրականացվում։ Սրանց նպատակը Արցախը վերջնականապես հայաթափելն է։ Ցեղասպանություն է իրականացվում, իսկ ազգակործան պատուհասները ընդամենը մի բան են անում՝ դեկլարատիվ հայտարարություններ, մեղադրելով՝ Եվրոպային, Ռուսաստանին, բայց որեւէ քայլ չեն անում Արցախը բլոկադայից հանելու ուղղությամբ»,-նշեց Պետրոսյանը։

Արդարադատնության գեներալ-մայորը նկատում է՝ Հայաստանի իշխանություններն Արցախի շրջափակման մասին խոսելիս, ուղիղ մեղադրանքներ չեն հնչեցնում գլխավոր մեղավորին՝ Ադրբեջանին։

«Մի անգամ լսե՞լ եք, որ նրանք մեղադրեն Ադրբեջանին. բացարձակապե՛ս։ Բոլորը մեղավոր են, բացի Ադրբեջանից, նրան երբեւէ մեղադրանք չեն ներկայացնում»,-ասաց նա։

Տարեսկզբին Միջազգային ճգնաժամային խումբը, որն աշխատում է պատերազմները կանխելու ուղղությամբ եւ զեկույցներ է ներկայացնում կոնֆլիկտների ու ենթադրյալ կոնֆլիկտային գոտիների վերաբերյալ, հայտարարեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր է նոր բախում։ Ըստ կանխատեսման՝ այն կտևի ավելի կարճ, բայց կլինի ոչ պակաս դրամատիկ: Թաթուլ Պետրոսյանը չի բացառում հնարավոր պատերազմը, հիշեցնում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների մասին։

«Մեր ժողովուրդը կարծես թմբիրի մեջ լինի՝ սպասում են, թե երբ աղետը ամբողջությամբ կծածկի Հայաստանը։ Ինքս հիմնավոր կասկած ունեմ, որ պատերազմ կսանձազերծվի՝ Փաշինյան-Ալիեւ տանդեմի կողմից, որպեսզի Սյունիքն ամբողջությամբ հանձնվի։ Ադրբեջանը բազմիցս խոսել է հայկական 8 գյուղերի մասին, որոնք պետք է հանձնվեն։ Հայաստանի իշխանությունները մի բառ չեն պատասխանում, թե ինչի մասին է խոսքը, որ մենք եւս անկլավներ ունենք Ադրբեջանի տարածքում։ Ոչ մի արձագանք»,-նշեց նա։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ Ալիեւը ոնց ուզում վարվում է արցախցիների հետ՝ Փաշինյանի թողտվությամբ։

«Երբ այս ստահակը ասում է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ եւ չի կարող բանակցել նրանց անունից, Արցախի ժողովուրդը պետք է ինքը բանակցի Ադրբեջանի հետ, Ալիեւը ոնց ուզում վարվում է։ Այս տարբերակի պայմաններում հիմա Ադրբեջանը բանակցում է 120 հազար մարդու հետ՝ տեռորիստի հոգեբանությամբ ու մոտեցմամբ»,-մեկնաբանեց նա։

Արցախի իշխանություններից Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էր, որ ռուս խաղաղապահների մասնակցությամբ հանդիպում էր ունեցել ադրբեջանցիների հետ, երկու օր առաջ նա պաշտոնանկ արվեց։ Պետրոսյանը նկատում է՝ Բալասանյանն այն գեներալներից էր, ով կարողանում էր անվտանգային խնդիրներ լուծել։

«Քիչ ենք ինֆորմացված բանակցություններից, չգիտենք՝ ով ում հետ՝ ինչ է խոսում։ Իմ տեղեկություններով՝ Վիտալի Բալասանյանն այն արժանապատիվ գեներալներից էր, որ կարողանում էր որոշակի դեր խաղալ անվտանգության ոլորտում։ Հիմա նշանակվել է մեկը, ով Արայիկ Հարությունյանի փռած գորգի վրայով է անցել ու նույնիսկ Արցախի հերոս դարձել։ Այս մարդն ավելի հեշտ կառավարելի կլինի, քան Վիտալի Բալասանյանն էր»,-հավելեց նա։

Արդարադատության գեներալ-մայորի խոսքով՝ չի երեւում, թե որ պաշտոնյան է բանակցում Արցախը բլոկադայից հանելու համար։ Ենթադրում է՝ բանակցող չկա, բանակցություններ՝ եւս։

«Ասում են՝ միջազգային դիտորդներ տեղակայենք Բերձորի հատվածում։ Տեսանք, որ նրանք եկան Հայաստանի սահմանամերձ գոտիներում զբոսնեցին, չգիտեմ, թե էլ ինչով զբաղվեցին, դեկտեմբերին լրացավ ժամկետը, հեռացան։ Որեւէ մեկը տեղեկություն ունի՞, թե ինչ դիտորդական առաքելություն արեցին, ո՞ւմ մեղադրեցին, ում՝ արդարացրին, ինչ-որ մի արձանագրություն եղա՞վ. ոչինչ էլ չեղավ։ Եթե հայ ժողովուրդը տեր չկանգնի Արցախին, Հայաստանը կկանգնի կործանման եզրին»,-ասաց նա։

Պետրոսյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալուն, հույս հայտնեց, որ դա տեղի կունենա մինչեւ գարուն։ > Լիա Խոջոյան: «Մենք հույս ունեինք, որ անցյալ տարի պետք է արդեն վռնդեինք։ Հուսամ՝ այս տարի, մինչեւ մայիս նրանք արդեն չեն լինի։ Եթե սրանք մնան, պատկերացրեք՝ Հայաստանն էլ չի լինելու։ Հայաստանը հիմա կանգնած է ոչ թե անդունդի եզրին, ինչպես որ միշտ ասում էինք, այլ արդեն գահավիժում է, եւ մենք գտնվում ենք գահավիժման ընթացքի մեջ։ Եթե չհեռացնենք սրանց՝ կկորցնենք ամբողջ Հայաստանը»,-եզրափակեց նա։