կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 18:01
Հասարակություն

Ռուսաստանը պետք է ավելի ուշադիր լինի դաշնակից պետության հանդեպ. գեներալ–մայոր Լևոն Ստեփանյան

Ռուսաստանը պետք է ավելի ուշադիր լինի դաշնակից պետության հանդեպ. գեներալ–մայոր Լևոն Ստեփանյան

Հայաստանը ՀԱՊԿ-ում հայտնվել է գիտակցաբար, ավելի շատ այն պատճառով,  որովհետև այնտեղ է Ռուսաստանը. այսօր «Ռուս–հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամրջի ընթացքում ասաց ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահ, ռազմական փորձագետ, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը: «Մենք դա չենք թաքցնում, մեզ Ռուսաստանի հետ կապում են  երկկողմանի պայմանագրեր»,- հավելեց նա:

Ստեփանյանի խոսքով՝ 2002-ին ԱՊՀ հիմնական երկրները ստորագրեցին ՀԱՊԿ պայմանագիրը, բայց մինչ այսօր այդ երկրների թիվը ոչ թե աճել է, այլ նվազել: Դա արդեն անհանգստություն է առաջացնում և գուցե պետք է անհանգստություն առաջացնի նաև Մոսկվայում:

«Մենք ցանկանում ենք տեսնել  դաշնակից պետության և ռազմավարական գործընկերության տարբերությունը: Երբ նայում ենք հայ շարքային քաղաքացու տեսանկյունից` այդ տարբերությունը մենք չենք զգում: Շատ դժվար է երիտասարդին, ով մեծացել է Երևանում, ասել, որ նրա վրա կրակում են ռուսական զենքից, և դրա հետ պետք է համակերպվել, որովհետև Ռուսաստանում են ասում, թե դա բիզնես է, և եթե Ադրբեջանին Ռուսաստանը չվաճառի զենք, ապա դա կանի այլ մեկը»,- ասաց գեներալ-մայորը:

Նա նաև հավելեց, որ ցանկանում է , որ Մոսկվայի մեր գործընկերները օգնեն մեզ այս ոլորտում, որպեսզի մենք հասկանանք , որ մենք դաշնակից պետություններ ենք:

«Իմ կարծիքով` Ռուսաստանը պետք է ավելի ուշադիր  լինի դաշնակից պետության հանդեպ: Ես ցանկանում եմ, որ մենք բաց լինենք միմյանց համար  և առանց կասկածի վստահենք իրար, լուծենք բոլոր խնդիրները միասին»,- ասաց Ստեփանյանը: