Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թարգեք բարեգործություն անելը, ոչ թե` որովհետեւ դրա կարիքը չկա, ու տասնյակհազարավորները չեն զգում, այլ` քանի որ առանց դրա էլ ընտրվելու եք: Մենք հո գիտենք, որ Դուք դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրը, հաշմանդամ 1300 քաղաքացու օգնություն եք տրամադրել, ոչ թե` որովհետեւ հոգով-սրտով բարեգործ եք, այլ` քանի որ ուզում եք ընտրվել: Մի ժամանակ, երբ, ասենք, կարող էիք երեխայի գիշերանոթ աճուրդի հանել, մարդկանց ունեցվածքը դատական հարկադիր կարգով տեղի-անտեղի խլել, մարդկանց բանկային քարտերը, առանց նրանց իրազեկելու, փակել, ընտրվելու մասին չէիք մտածում, հիմա մտածում եք: Այն ժամանակ գործ կար, պաշտոն կար, հիմա միայն գործ կա, բայց միայն բանանով տուն չես սարքի, չնայած Դուք սարքել եք, բայց` ոչ միայն բանանով:
Այս պատճառով էլ, որպեսզի արդար լինենք, մանավանդ` եթե արդարադատության գեներալ-մայոր եք, եկեք թարգեք այս` բարեգործություն կոչվածը ու պարզ հայտարարեք՝ ժողովո'ւրդ, ես ուզում եմ պատգամավոր դառնալ, խնդրում եմ ինձ ընտրեք, որպեսզի Պանամայի օֆշորից փողերս բերեմ ու միասին ծախսենք: Գուցե չհավատան, բայց ազնիվ կլինի, եթե ազնիվ լինեք, գուցեեւ հավատան էլ: Ամեն դեպքում` Ձեր բարեգործությանը չեն հավատում:
Ի դեպ, այդ ի՞նչ բան է բարեգործությունը: Ով հեռանում է քաղաքական դաշտից, պետական համակարգից, դառնում է բարեգործ ու առաջ` դեպի եկեղեցաշինությունը, դեպի հաշմանդամ մարդկանց օգնություն տրամադրելը, դեպի հայրենական սուսերամարտի զարգացումը, եւ այլն, եւ այլն: Բա բերեք մի հատ էլ կյոռլինգի զարգացմանը միտված քաղաքականություն մշակենք, հավաքական ստեղծենք, երեխաներին կյոռլինգի տանենք, գուցե աշխարհի չեմպիոն էլ մի օր դառնանք, Ձեր նկարով հոդվածն էլ թերթերի առաջին էջում դնեն: Նայեք եւ ուրախանաք, ուրախանաք եւ բանանի համով թեյ խմեք, խմեք եւ Պանամայից հենց նոր եկած հաստ նամակը բացեք ու հանեք օֆշորից եկած քեշ դոլարները, 90 տոկոսը՝ ձեզ, 5 տոկոսը՝ հարազատներին, մնացած 5 տոկոսից 3-ը՝ վաղվա ռեստորանի փող, իսկ մնացած 2 տոկոսը՝ բարեգործությանը, առանց որի մի օր անգամ չեք կարողանում ապրել, այնքան բարիացել եք՝ քաղաքական հատուկ նպատակներով:
Լավ, ենթադրենք տասից մեկն է միայն, որ օֆշորում, այն էլ` Պանամայի, փող ունի, ու այդ մեկը Դուք եք, մյուս ինը չունեն, դա հո չի՞ նշանակում, որ այդ ինը հոգին շատ բան չեն հասկանում: Լավ էլ հասկանում ենք, որ բարիանալը բարի լինելու հետ կապ չունի, բարեգործը բարին չէ…
Ուրեմն թարգեք բարեգործությունն, ի սեր Աստծո, մի տեսակ չի սազում, համոզիչ չէ, անգամ` եթե մի արկղ իսկական պանամական բանան նվիրեք այն երեխային, ում գիշերանոթը հանել էիք աճուրդի, այդ երեխայի համար Դուք չեք բարիանալու, անգամ` եթե դատական հարկադիր կատարողները պարտադրեն, չեք բարիանալու: Այ, կդառնաք ԱԺ պատգամավոր ու ինքներդ կհամոզվեք, որ չբարիացաք:
Չնայած գուցե եւ բարիանաք, ընտրվելուց հետո չէ եւ դրա հետ կապված չէ, առհասարակ, ասենք `Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անապահով տարեցներին ու երեխաներին տաք հագուստ տրամադրելու փոխարեն, Պանամայից հետ բերեք տաքացնող էլ, ջերմացնող էլ փողերը եւ հանձնեք բյուջե: Եթե այն տնօրինողներն էլ ձեզ պես բարիացած լինեն, շատ հնարավոր է, որ Քանաքեռ-Զեյթունի էլ, Գորիս-Կապանի էլ, Իջեւան-Նոյեմբերյանի էլ, ՀՀ բոլոր մարզերի եւ վարչական շրջանների ամբողջ բնակչությունը` մի խոսքով, տաք հագուստ էլ ունենա, տաք կերակուր էլ, ապագայի վերաբերյալ ջերմ մտքեր էլ:
Այնպես որ` եթե որոշել եք իրոք բարիանալ, հենց հիմա զանգահարեք Պանամա, որ հավատանք, եթե հավատանք կընտրենք, եթե չհավատանք, կընտրվեք, երեւի:
Հովիկ Աֆյան
Լուսանկարը՝ «Քեթրին» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից