կարևոր
4399 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-06 17:25
Արցախ

Արցախի ազատության և անկախության ձայնը հնարավոր չէ լռեցնել ոչ մի արհեստական տարբերակով. Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյան

Արցախի ազատության և անկախության ձայնը հնարավոր չէ լռեցնել ոչ մի արհեստական տարբերակով. Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյան

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով.

««ՓԱ՜ՌՔ ԱՍՏԾՈՒՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ, ԵՒ ԵՐԿՐԻ ՎՐԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՜ՒՆ, ԵՒ ՀԱՃՈՒԹՅՈՒ՜ՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ»: (ՂՈՒԿ. 2:1

​Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ,

​Ահա այս գեղեցիկ փառաբանությունն էին երգում հրեշտակները մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան գիշերը, և այս փոքրիկ երգը իր մեջ ամփոփում է Աստծո փրկագործ տնօրինության ամբողջ իմաստն ու էությունը։ Աստված այնքան է սիրում մարդկանց, որ նույնիսկ իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի Նրան հավատալու շնորհիվ մարդկանց մեջ տիրի սեր և հաճություն, երկրի վրա խաղաղություն, և հենց սա է Աստծո համար ամենացանկալի փառաբանությունը։

​Այսօր, ազգային մեր կյանքում տեղ գտած փորձությունների և Արցախի արհեստական մեկուսացման պայմաններում, մեր ականջներին քաղցր է հնչում Սուրբծննդյան խաղաղության ավետիսը, բայց և՛ փոթորկում է բոլորիս միտքն ու հոգին։ Ինչո՞ւ չեն դադարում պատերազմները, ինչու՞ Փրկչի աշխարհ գալով չտիրեց հարատև խաղաղություն։ Այս մտահոգությունները բնական են, բայց արդյունք են քրիստոնեության թերի ընկալման։

Քրիստոս աշխարհ չեկավ մոգական մի զորությամբ վերացնելու ամեն ցավ ու վիշտ, որովհետև այդ պարագային ոչ մի արժեք չէր ունենա մարդու ազատությունը, չէր լինի իր ընտանիքով, իր կառուցած ու պահպանած հայրենիքով ուրախանալու երջանիկ զգացողությունը, այլ կնմանվեինք արհեստական խաղաղության մեջ ապրող ռոբոտների։

Ուրեմն ո՞րն է Քրիստոսի բերած խաղաղությունը։ Քրիստոսով Աստված բացեց մեզ համար Երկնքի Արքայության ճանապարհը և հրավիրեց բոլորին ազատորեն քայլելու այդ ճանապարհով։ Սա նշանակում է, որ Աստված մեզ տվեց խաղաղության համար անհրաժեշտ բոլոր գործիքները, ցույց տվեց դրանց կիրառության եղանականերն ու արդյունքը և մշտապես սպասում է մեր պատասխան քայլերին։

Այս ճշմարտությունները մեր ազգը հասկացել է երկու հազարամյակ առաջ, և քանի որ այն հարազատ էր նաև իր ծագման, կազմավորման ակունքներին և կյանքի փիլիսոփայությանը, ուստի ընդառաջ է գնացել Քրիստոսին։ Շատ հաճախ իր ընտրած ճանապարհին հավատարիմ մնալու համար մեր ազգը Փրկչի նման հանձն է առել փառաց պսակների փոխարեն փշե պսակներ կրել իր գլխին, որովհետև հավատացել է նաև հարությանը։ Բայց շատ հաճախ էլ հենց այդ ճանապարհից շեղումը առիթ է դարձել կորուստների ու պարտությունների, որովհետև ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի։

Այսօր կարծես թե երկու իրականությունն էլ առկա է Արցախում․ մենք մեր ոչ-քրիստոնեական ապրելակերպի արդյունքում ունեցանք պարտություն և կորուստ, և վճարեցինք մեր սխալների համար, իսկ այսօր տառապած մեր երկրում տիրում է միասնություն և համերաշխության մթնոլորտ և այստեղից հնչում է արդարության ձայնը, բայց մարդկությունը խլացնում է իր ականջները՝ չլսելու այդ ձայնը, ինչպես չլսեց Քրիստոսի արդարության քարոզը։ Եվ այս վիճակում մեր ականջներին կրկին հնչում է Հիսուս Քրիստոսի կենարար ձայնը․ «Քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
Քրիստոսի անսուտ խոսքերը երաշխիքն են մեր արդար պայքարի ու համբերության, որ այս դժվար օրերին առավել միասնական է դարձրել մեզ բոլորիս։ Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը, և որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք։ Նայելով այսօրվա տիրող անտարբերության և թմրածության մթնոլորտին, երբ մեր ազգի մի մասը քնի մեջ սուզված լուսնոտի նման գնում է դեպի անդունդ, ու ոչինչ չի տեսնում և չի զգում։ Արցախը և ձեզանից յուրաքանչյուրը պիտի դառնա մեր ազգի Հոգու և Խղճի Զարթուցիչը։

Մեր ազգը հոգևոր ազգ է, և մեր ուժը հենց դրա մեջ է, հոգևորից դուրս մենք թուլանում ենք ու տկարանում։ Սա աստվածատուր շնորհ է, և սրանով ենք մենք տարբերվում ուրիշներից։ Օգտագործելով այդ շնորհը՝ մենք լուսավորվում ենք, վերափոխվում և դառնում անխոցելի, անպարտելի։

Սրանք ուղղակի գեղեցիկ խոսքեր չեն, այլ մեր նախնիների կողմից ապրված ճշմարտություններ, և եթե այսօր մենք աղոթքով միանանք մեր սրբազան նախնիների, մեր նահատակ քաջորդիների հետ, ապա կլսենք նաև նրանց ձայնը․«Քաջալերվեցեք, որովհետև մենք հաղթեցինք աշխարհին և մի դադարեք պայքարել և արդարության ձայնը հնչեցնել»։

Սուրբ Գրքի հրաշքը կայանում է նրանում, որ այն միշտ ներկա ժամանակով է գործում և այսօր էլ Նրա բազմաթիվ պատգամներ կարծես թե հենց Արցախի համար լինեն գրված։ Երբ այսօր մեզ մտահոգում է նաև պարենային անվտանգության խնդիրը, մեր ականջներին հնչում է ավետարանական այն խոսքը, թե միայն հացով չէ, որ մարդը կապրի, այլ ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստուծո բերանից։ Սա նշանակում է, որ մենք չպետք է տրտմենք սննդի որոշակի տեսակների բացակայության պատճառով, այլ որոշ ժամանակ բավարարվենք եղածով՝ հանուն արդարության և ճշմարտության հաղթանակի։ Հիշենք, թե ինչպես Իսրայելի ժողովուրդը անապատում 40 տարի միատեսակ սնունդ էր օգտագործում։

Մեր բոլոր այս մտորումները, հավաքական անհանգստություններն ու ապագային ուղղված բարի իղձերը այսօր նորից մեզ բերում են և կանգնեցնում Բեթղեհեմյան մսուրի առաջ։ Ինչպես 2023 տարիներ առաջ Բեթղեհմի երկնքում փայլող աստղը աշխարհի երեք իմաստուն թագավորների ուղեկցեց դեպի մի աննշան քարայրի մեջ ծնված Հիսուս Մանկան մոտ` երկրպագելու և Արդարության Արեգակի ծննդյան վկան լինելու, նույն կերպ Սուրբ Ծննդյան այս օրը այդ աստղը ծագում է աշխարհից մերժված ու մոռացված Արցախ անունով մսուրի վրա, և հրավիրում է աշխարհի հզորներին լսելու այնտեղ շարունակ ծնվող արդարության ձայնը։ Բեթղեհեմյան մսուրի մեջ ծնված Մանուկն այս օրերին գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ճշմարտության և արդարության ձայնը հնարավոր չէ խլացնել, և անգամ մի աննշան քարայրում ծնվելով, այն կարող է ազդել ու փոխել ամբողջ աշխարհը։ Նույն կերպ հնչում է նաև Արցախի ազատության և անկախության ձայնը, որ հնարավոր չէ լռեցնել ոչ մի արհեստական տարբերակով։

Բայց ամենից առաջ հիշենք թե ովքեր էին այդ երեք թագավորները։ Սրբազան ավանդությունը մեզ փոխանցում է, որ մոգերը Պարսկաստանի, Հնդկաստանի և Արաբիայի թագավորներն էին, ովքեր այլադավան լինելով հանդերձ՝ ընդունեցին Քրիստոսի Ճշմարիտ և Աստվածային լինելը։

Միգուցե ավետարանական այս գեղեցիկ դրվագը հուշում է մեզ քրիստոնեական Արցախի և Հայաստանի փրկության ճանապարհը․․․

Սուրբ Ծննդյան աստվածապարգև օրվա խորհրդով լուսավորված՝ ողջունում և մեր շնորհավորանքներն ենք բերում ԱՀ նախագահներին, պետական նախարարին ու Արցախի ողջ պաշտոնեությանը, մեր բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին, աղոթում ենք մեր բոլոր նահատակ տղաների հոգիների խաղաղության ու նրանց հարազատների Աստծով մխիթարության համար, իսկ Ձեզ՝ Մայր Հողին կառչած արցախցիներիդ, մաղթում ենք հույս, հավատ, սեր, ոգու ամրություն և ապագայի հանդեպ լավատեսություն։ Թող որ Մանուկ Հիսուսը ծնվի խոնարհության շնորհիվ մսուր դարձած մեր հոգիներում և առաջնորդի մեզ խաղաղության ճանապարհներով։

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՒ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ»։