Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաիդ Չեթինօղլու
«Հայերի դեմ կատարված բռնարարքներն տեսել ենք անձամբ․․․»։
Զինադադարի ժամանակաշրջանում (նկատի ունի Առաջին աշխարհամարտին անմիջապես հաջորդած տարիները-Ակունքի խմբ․) «Ալեմդար» օրաթերթում հայերի տեղահանության և կոտորածների դատավարությունների ընթացքում հայերի դեմ գործված հակամարդկային հանցագործությունների մասին հոդվածներով հանդես եկած Ռեֆի Ջևադը («Ալեմդար» օրաթերթի խմբագիրն էր-Ակունքի խմբ․), բնականաբար, քննադատությանն է ենթարկվում գաղափարական հակառակորդ թերթերի կողմից։ Քննադատությունների մեծ մասն էլ կատարվում է այդ հանցագործությունների հետ կապ ունեցած հատվածի կողմից։
Կարելի է արձանագրել, որ այդ քննադատությունների մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպիսի անհանգստության մեջ էին գտնվում հանցագործները։
Քննադատողների ամենաէական փաստարկը «փոխադարձ սպանությունների» մասին թեզն է, որ դատաքննության և հետաքննության ժամանակ պաշտպանվում էր նաև մեղադրյալների կողմից, և որը հասել է մինչև մեր օրեր։ Նկատելի է, որ այդ պարբերականները և մամլո օրգանները, սույն թեզը պաշտպանելով, այն դարձրել են թուրք հասարակության սեփականությունը, հանրություն, որ ասում է՝ «Նրա՛նք էլ են սպանել»։
«Փոխադարձ սպանությունների» թեզը պաշտպանողները, քանի որ հանցագործի տագնապով անհանգստություն էին ապրում «Ալեմդար» և «Սաբահ» պարբերականներում հրապարակվող հայերի աքսորին և զանգվածային կոտորածներին նվիրված դատական նիստերի վերաբերյալ հոդվածների պատճառով, մի կողմ են դրել զենքը և անմիջապես գրչին փարվել։
Այդ իրավիճակը տեղիք է տալիս, որ թերթերի միջև սուր վիճաբանություններ սկսվեն։ Այդ բանավեճերից մեկն էլ ծավալվում է «Ալեմդար» և «Հադիսաթ» օրաթերթերի միջև, մասնավորապես «Ալեմդարի» խմբագիր Ռեֆի Ջևադի և պատերազմական հանցագործություններ գործելու պատճառով հետագայում Մալթա աքսորված Բաղդատի նախկին նահանգապետ, լրագրող Սյուլեյման Նազիթի միջև («Ալեմդար» օրաթերթում հրապարակված Հայոց ցեղասպանության թեմայով հոդվածների մասին ավելի մանրամասն տես՝ Մելինե Անումյան, «Մեծ եղեռնը հավաստող վկայություններ օսմանյան «Ալեմդար» օրաթերթում (1919 թ․ )», Բանբեր Հայաստանի արխիվների N 1 (107), Երևան, 2006 թ․-Ակունքի խմբ․)։
Տվյալ ժամանակաշրջանի խտացված այդ կերպարը՝ Սյուլեյման Նազիֆը, թեև արտակարգ և զուր ջանքեր է գործադրում մարդկայնության դեմ իրականացված այդ հանցագործությունների պատասխանատվությունից թե անհատապես և թե հավաքականորեն ազատվելու նպատակով և փորձում մեղքը բարդել նաև հայերի վրա, սակայն նրա այդ ջանքերն անհիմն են լինում՝ պետության քաղաքացիների դեմ նրա կողմից մարդկայնության դեմ իրագործված այդ հանցագործությունները կոծկելու առումով։
Գալով Ռեֆի Ջևադին, ով ինքը ևս Միություն և առաջադիմություն կուսակցության դիկտատուրայի ժամանակ աքսորվել էր, ապա «Ալեմդարի» խմբագիրը Սյուլեյման Նազիֆին պատասխանելիս լավ փաստարկներ ուներ իր զինանոցում։ Քանզի աքսորի ընթացքում նրա և հայ աքսորյալների ճամփաները հատվել էին, և նա անձամբ ականատես էր դարձել մարդկայնության դեմ գործված այդ ոճրագործություններին։ Ռեֆի Ջևադն իր հոդվածում էլ է ընդգծում այդ փաստը։
Ռեֆի Ջևադի հոդվածը և վկայությունը կարևոր են․ «Ալեմդարի» խմբագիրը 100 տարվա հեռավորությունից աղաղակում է ճշմարտության մասին՝ ընդդեմ թուրքական ուրացման։
Ռեֆի Ջևադ, «Ի՞նչ ենք ասում, ի՞նչ ենք ուզում», «Ալեմդար», 10-ը ապրիլի, 1919 թ․, թիվ՝ 1419
«Տեղահանության և զանգվածային կոտորածների դատավարության վերջին նոտաների հնչելու հետ մեկտեղ վերստին ծավալվեցին այն բանավեճերը, որ սկսել էին Միություն և առաջադիմություն կուսակցության փակվելուց անմիջապես հետո։ Մինչև իսկ «Հադիսաթ» օրաթերթի և մեր պարբերականի միջև բավականին բուռն գրավոր բանավեճ մեկնարկեց։
Այդ բանավեճը ծավալվեց Սյուլեյման Նազիֆ բեյէֆենդու կողմից, ով մի փոքր մեզ էլ անդրադարձավ և հարցը քննեց նաև կրոնական տեսանկյունից։ Մեր երեկվա հոդվածում «Հադիսաթ»-ի՝ մեր դեմ ուղղված աննշան քննադատությանն ընդամենը մեկ տողով էինք պատասխանել։ Այն, որ երեկ գրեթե բոլոր թերթերը երկար-բարակ ներկայացրել էին իրենց տեսակետը այդ հարցի շուրջ, մեզ ստիպում է վերստին անդրադառնալ այդ հարցին։
Այդ կերպ, սույն առիթից ելնելով՝ կրկնած ենք լինելու մեր այն գաղափարը, որ թեև արտահայտել էինք, սակայն թերևս չենք կարողացել տեղ հասցնել, և միգուցե այդ պարբերականները այդկերպ ընկալեն այն գաղափարը, որ մինչ այժմ մի քանի տողով հայտնել էինք մեր հրապարակումներում, կտեսնեն, որ այն հիմնավոր ենք ուսումնասիրել և կհասկանան, որ իրավացի ենք։
Նախ, խոսքը գնում է տեղահանության և զանգվածային կոտորածների մասին։ Ասվում է, թե կոտորածները երկկողմանի են կատարվել։ Մեր առարկությունը վերաբերում է նաև դրան։ Սակայն, բնականաբար, հայերի կատարած բռնարարքները ևս զուլում են։ Եթե այդ գործողությունն անմիջականորեն Միություն և առաջադիմություն կուսակցության դեմ արված լիներ, այն թերևս որպես պայքար ընդունեինք։ Մինչդեռ, այդպես չի եղել։ Ասում են՝ հայերը խաղաղ բնակիչների դեմ էլ են բռնարարքներ գործել։ Գրում ենք՝ ասում են, քանի որ դա չենք տեսել մեր աչքերով։ Այնինչ, հայերի դեմ կատարված բռնությանն անձամբ ենք ականատես եղել։ Քանի որ մեր սեփական աչքերով ենք տեսել, դա բնականաբար մեզ վրա խորը տպավորություն է թողել։ Եւ այդ պատճառով էլ մի քիչ խիստ է ստացվել մեր գրածը։ Մեր այս հոդվածներով ընդամենը արդարություն ենք պահանջում։ Արդարություն նշանակում է՝ բռնություն կատարած անձին արդարադատության կշեռքի վրա դնելով՝ նրա պատիժը սահմանել։ Հետևաբար՝ այսօր արդարադատությունը պատժում է այսինչ կամ այնինչ բեյին։ Եթե Քեմալ բեյի հետ մեկտեղ որևէ Հակոբ կամ Պողոս էլ է բռնություն կատարել, ապա նա նույնպես պետք է պատժվի։ Մենք չենք ասում, թե անպայման պետք է պատժվեն հայերի դեմ տեղահանության և զանգվածային կոտորածների հեղինակները միայն։ Ասում ենք՝ ով որ աքսորի կամ տեղահանության հեղինակ է, թող նա էլ պատժվի։ Ի՞նչ կարիք կա այդ խոսքի համար մեր յոթ գերբնական ուժերի աջակցությանը դիմել։ Այսօր քաղաքակիրթ աշխարհն ու մարդկությունը չեն կարող անտարբեր մնալ պատռված աղիքների, հանված աչքերի, ջնջխված ուղեղների հանդեպ: Չի կարելի մեծ հայրենասեր համարել այդ ողբերգական տեսարանների հեղինակներին: Միակ բանը, որ պարտավոր ենք անել, մի ողջ ժողովրդի դեպի բնաջնջում տարած մարդասպաններին պատժելն է։ Այդ մարդասպաններից մեր ձեռքն ընկածները, անշուշտ, կստանան իրենց արժանի պատիժը։ Քանի որ այս պետությունը պահպանվելու համար նախ պարտավոր է բռնությունը դատապարտել, ով ինչ պաշտոնի էլ լինի՝ արժանի է պատժի։ Պատկերացրեք՝ մեր հայ քաղաքացիներից որևէ մեկը վեր է կենում և ասում՝ «Եթե Քեմալն է սպանել, վատ է արել, իսկ եթե Պողոսն է սպանել, լավ է արել»։
Դա անտրամաբանական և խենթ անհեթեթություն կլինի։ Մեր ցանկությունն է, որ դատարանը կոտորածների խնդիրն առավել հիմնավոր ու համակողմանի քննի և գործին սկզբունքային մոտեցում ցուցաբերի: Այնժամ ամբոջ աշխարհին կապացուցենք մեր անկողմնակալությունը և պատվով կատարած կլինենք մեզնից հասանելիքը։ Ավելին՝ նման վայրենի խենթությունների պատճառով երկրում ի հայտ եկած դրությունը կբարելավվի։ Եթե Քեմալ բեյը մարդասպան է, պետք է պատժվի։ Եթե, ասենք, Պողոս աղան էլ է մարդասպան, նա ևս պետք է պատիժ ստանա։ Հիմա հասկանալի դարձա՞վ, թե ինչ ենք ասում և ինչ ենք ուզում»։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net