կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-28 11:05
Քաղաքական

Հայկ Մարությանի մասին մամուլում գերակշռում են բացասական հոդվածները. «Մեդիա պաշտպան»

Հայկ Մարությանի մասին մամուլում գերակշռում են բացասական հոդվածները. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի հոկտեմբերի 1-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 558 հոդված, որոնցից 118-ը եղել է բացասական, 39-ը՝ դրական, 401-ը՝ չեզոք։

Քաղաքապետ Հայկ Մարությանը լրատվականների ուշադրության կենտրոնում է։ Բացասական հոդվածները գերակշռում են։

Երևանի 2801-ամյակի կազմակերպչական աշխատանքները լրատվականներում դրական էր գնահատվում մինչև այն պահը, երբ հրավառության ժամանակ հրդեհ բռնկվեց։

Ճարտարապետ, ճարտարապետների պալատի խորհրդի անդամ Անահիտ Թարխանյանը նշել է, որ Երևանում շրջելիս քաղաքի տոնի զգացողություն չի ունեցել։ Նա անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի և ճարտարապետների պալատի համագործակցությանը և ասել է. «Զարմանում եմ՝ չեն բարձրաձայնվում անգամ ճարտարապետական և քաղաքաշինական հանրային քննարկումներ պահանջող հարցերը, նման քննարկումներ չեն լինում, թեև Հայկ Մարությանի նախընտրական ծրագրում այդ մասին հատուկ կետ կար։ Չեն օգտագործվում ո՛չ Ճարտարապետների պալատի, ո՛չ մասնագիտական այլ հարթակների ընձեռած հնարավորությունները։ Սա փողի հետ կապ չունի, սա ընդամենը ցանկության հարց է»։

Լրատվականներում լուր է տարածվել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը և վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը որոշակի բիզնես շահեր ունեն աղբահանության համար նախատեսված «ԿամԱԶ»-ների ձեռքբերման հարցում։ Հրապարակման մեջ ասված է, որ հենց դա է պատճառը, որ քաղաքապետը որոշել էր պարտադիր գնել ամենաթանկը․ «Երեւանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի համառ ջանքերով, ամեն ինչ անում է, որ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման եղանակով ռուսական «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ գնի, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան այս ՄԱԶ-երը։ Մասնավորապես, նույն տարողությամբ (16 խմ ծավալով) աղբատար «ԿամԱԶ»-ը Երեւանի քաղաքապետարանին առաջարկել էին 42 մլն դրամով, իսկ նույն «Գալոպեր» ՍՊԸ-ն համարժեք պարամետրերով ՄԱԶ-ն առաջարկում էր 10-15 մլն դրամ ցածր արժեքով, ինչպես Աբովյանի դեպքում է՝ 25-28 մլն դրամ»։

Նշվում է նաև, որ քաղաքապետարանին Սանիթեքը դատի է տալու՝ դիմելով արբիտրաժային դատարան, ինչը քննադատությունների հիմք է հանդիսացել։ Հայկ Մարությանը մեղադրվում է Սանիթեքի խնդրին ոչ պատշաճ մոտենալու համար։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին հոկտեմբերի 19-ին այցելել են «Կարմիր բլուր» հնավայր։ Քննարկվել են տարբեր հարցեր, Միխայիլ Պիատրովսկին հեռանալիս շնորհակալություն է հայտնել Հայկ Մարությանին կատարված աշխատանքի և համագործակցության համար։ Որպես դրական գնահատվել է նաև այն լուրը, ըստ որի՝ Հայկ Մարությանի ծառայողական մեքենան աճուրդի է հանվելու, քանի որ քաղաքապետը չի օգտվում այդ մեքենայից։

Դրական արձագանքներ կան նաև կապված աղբահանության հետ։ Նշվում է, որ աղբահանության վիճակը բավականին կարգավորվել է։