Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Երևանում մեկնարկած բողոքի ակցիաների արդյունքում է նաև, որ Արցախում վերականգնվել է գազամատակարարումը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:
«Միջազգային հանրությանը ճիշտը ներկայացնելն է, որ ազդեցություն է ունենում։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակած մարդիկ իբր ակտիվիստներ են, եկել են իրենց բողոքն են ներկայացնում։ Ակնհայտ էր, որ սա կեղծիք է, Ադրբեջանն է սա կազմակերպել։ Մեր առաջնահերթ խնդիրն էր փաստերով ցույց տալ, որ դա կեղծիք է, դրանք այն մարդիկ են, որ գորշ գայլերի կողմնակիցներ են, անդամներն են, որոնք ահաբեկչական, ծայրահեղ ազգայնական կազմակերպություններ են ու նրանց գործունեությունը եվրոպական մի քանի երկրներում արգելվել է»,-ասաց նա։
Թաթոյանը նաև բացահայտել ու բարձրաձայնել էր, որ «ակտիվիստների» շրջանում շատ են պետական ֆինանսավորում ստացող անձինք են. «Տեսեք, թե ինչ խորամանկ քայլ էին արել։ Այնպես էին կազմակերպել, որ իրականացվում է միակողմանի լուսաբանում, կտրում են կարճ տեսանյութեր ու ուղարկում են միջազգային լրատվամիջոցներին, կատարյալ միակողմանի ինֆորմացիա է գնում։ Հիմա մենք գտնվում ենք ՄԱԿ-ի դիմաց։ Ես ուզում եմ ասել, որ ՄԱԿ-ը միակ միջազգային կազմակերպությունն է, որի անունը գրված է եռակողմ հայտարարության մեջ, բայց մինչ այսօր ոտք չի դրել Արցախ։ Ինչի՞ հետևանք է։ Սա ոչ միայն Արցախի դեմ է, այլև՝ Հայաստանի, հայկականության, եթե մենք մտածեցինք, որ սա միայն Արցախի դեմ է, պարտվելու ենք», - ասաց Թաթոյանը։
Նա կարևորեց հայաստանյան, արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքի ապահովվումը դեպքի վայր, որպեսզի տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանվեն բազմակողմանի, պետք է ցույց տրվեն մարդկային ճակատագրերը, պատմությունները, որ Հայաստան եկած մայրը չի կարողանում հասնել իր երեխաներին, որ Հայաստանում գտնվող երեխան չի կարողանում հասնել իր ընտանիքին։
«Այս ճակատագրերը, պատմությունները պետք է ցույց տանք աշխարհին, ասենք՝ դուք եք այս կանոնները ստեղծել, հիմա ճակատագրեր են խեղվում, ինչո՞ւ չեք արձագանքում, թե՞ ձեզ միայն տնտեսական շահերն են հետաքրքրում»,-ասաց Թաթոյանը։